Նա փրկեց մեզ և կանչեց սուրբ կոչումով, ո'չ թե մեր գործերուն համեմատ, հապա' Իր առաջադրության ու շնորհքին համաձայն...
  • 15 Չ’գիտէ՞ք՝ որ ձեր մարմինները Քրիստոսի անդամներն են. Ապա Քրիստոսի անդամներն առնեմ պոռնիկի անդա՞մ շինեմ. Քաւ լիցի։

24 апреля 2016 г.

Սադհուի առաջին ճամփորդությունները (1-ին մաս)


Նախորդը՝   Անվնաս մահադեղ
1906-ի վաղ գարնանը Սադհուն Շիմլայից սկսեց իր միսիոներական առաջին ճամփորդությունը դեպի Տիբեթի սարահարթի հնդկական գյուղերը: Մինչ դեպի հյուսիս բարձրանալը նա որոշեց «հետախուզական» նպատակով շրջագայել Բենջաբի արևմտյան տարածքներով:
Անընդհատ դեպի արևմուտք ճամբորդելով և Խայբերի լեռնանցքը կտրելով՝ նա վերջապես անցավ Աֆղանստանի սահմանը և տեսնելով, որ այդտեղի ժողովուրդը հոգևորապես ավելի սարսափելի վիճակում է, քան հնդիկները, որոշեց միառժամանակ մնալ այնտեղ և ավետարանել: Նա ավետարանչի հաստատուն քայլերով շրջում էր հեթանոս աֆղանների չքավոր գյուղերով և վերջապես հասավ Ջելալաբադ: Մի քանի օր ավետարանելու արդյունքում նրան լրտես հայտարարեցին և դուրս վռնդեցին քաղաքից: Մի քանի երիտասարդներ որոշեցին գիշերը ճանապարհին սրախողխող անել նրան, բայց բնիկներից մեկը, պատահաբար իմանալով այդ մասին, զգուշացրեց Սադհուին, որովհետև նրա մեջ միայն անկեղծություն և մաքրություն էր տեսել: Սադհուն հեռացավ քաղաքից և մոտակա առաջին գյուղը հասնելով՝ ապաստան փնտրեց, բայց գյուղացիները նրան գիշերելու տեղ չտվեցին: Գյուղից դուրս գալով՝ նա տեսավ ճամփեզրի խարխուլ, դատարկ ու անբնակ պանդոկը և այնտեղ հանգրվանեց: Երբ առավոտյան դուրս եկավ պանդոկից, անցնող գյուղացիները, նրան տեսնելով զարմացած աղաղակեցին. «Դու ո՞ղջ ես մնացել... ուրեմն իսկապես Աստծո ընտրյալ ես»: Պարզվեց, որ այդ պանդոկը օձերով, կարիճներով, թունավոր միջատներով, մեռածների ոսկորներով ու հիվանդություններով լցված որջ էր, և այնտեղ մտնող անտեղյակ օտարականներից դեռ ոչ ոք դուրս չէր եկել: Գյուղացիները նրան բարեկամաբար գյուղ բերեցին, հյուրասիրեցին և խնդրեցին, որ իրենց գյուղում մնա: Օրեր անց նրանք Սադհուին առաջնորդեցին դեպի հարևան գյուղերը՝ վկայակոչելով նրա հետ կատարված հրաշքը և բարեպաշտ կյանքն ու բարքը: Կարճ ժամանակից աֆղաններն այնպես սիրեցին ու կապվեցի Սադհուին, որ խոստացան մտածել Քրիստոսի առաջարկած կյանքի մասին, իսկ նրանք, ովքեր իրենց սրտերը Հիսուսին տվեցին, Սադհուին առաջարկեցին ընդմիշտ մնալ իրենց մոտ: Մի քանի ամիսների ընթացքում գրագետ գյուղացիներից ոմանք գրեցին Քրիստոսի մասին Սադհուի պատմած առակներն ու հրաշքները, իսկ ոմանք ուղղակի արտագրեցին Ավետարանը՝ փոխադրելով աֆղաներենի: Շատ հուզիչ էր Սադհուի հետադարձի օրը: Բազմաթիվ գյուղացիներ, նրա աղոթքով բժշկվածներ և նորադարձ քրիստոնյաներ հավաքվել էին հրաժեշտ տալու իրենց տարածք մտած առաջին առաքյալին: Սադհուն մերժեց նրանց նյութական բոլոր աջակցությունները, բայց չկարողացավ կոտրել քրիստոնյա քույրերի սերը, ովքեր իրենց ձեռքերով Սադհուի համար բրդյա տաք ծածկոց էին գործել ու հնդկական գլխարկ-փաթաթոց կարել: Սադհուն միշտ մեծ համակրանքով ու ջերմությամբ էր պատմում Ջելալաբադում անցկացրած իր շաբաթների մասին:
  Սադհուն Ջելալաբադից հետո կարճ ժամանակով հանգիստ առավ Բենջաբի Շիմլայի (որտեղ մկրտվել էր) մոտ գտնվող Քոտկար գյուղաքաղաքում, որը հետագայում դարձավ իր ավետարանչական ճամփորդությունների կենտրոնը, հանգիստ առնելու և նոր ծրագրեր մշակելու գլխավոր կայանը, որովհետև այն գտնվում էր դեպի հյուսիս՝ Տիբեթ ու Հիմալայներ, և դեպի հարավային դաշտավայրեր տանող ճամփաբաժանի վրա:
***
   Շիմլայի Սաբաթուում Սադհուն հաճելի անակնկալի եկավ՝ ծանոթանալով ամերիկացի մի միսիոների՝ Սթոքսի հետ, ով խոշոր հարստության և գործարանների տեր լինելով հանդերձ՝ նաև նվիրյալ քրիստոնյա էր: Մեկ երկու անգամ Հնդկաստանով շրջագայելուց հետո նա իր հարստության գերակշիռ մասն ընծայել էր Արևելքի, հատկապես Հնդկաստանում գործող քրիստոնեական առաքելությունների և հնդիկի հանդերձ հագած՝ շրջում էր Հնդկաստանով՝ Քրիստոսի լույսը տարածելով խավարի մեջ բնակվողներն: Նրանց ծանոթությունը ոգևորիչ էր երկուսի համար էլ, որովհետև նրանք շատ ընդհանուր ճակատագրեր և միանման տեսիլքներ ունեին: Նրանք՝ նախկին ազնվատոհմիկ հնդիկ երիտասարդն ու նախկին մեծահարուստ և կյանք տեսած փորձառու ամերիկացին, երկուսն էլ սադհու դեղին հանդերձով սկսեցին միասին շրջել՝ համոզվելով, որ իրենց միասնությունը Աստծո կամքով էր:
  Դեպի Տիբեթ տանող լեռնալանջերին փռված գյուղերից մեկում քարոզելուց և գյուղից դուրս գալուց հետո Սադհուն հանկարծ սկսեց խիստ ջերմել, իսկ կարճ ժամանակ անց ուշագնաց եղավ և գետնին փռվեց: Սթոքսն իր ուսի վրա առավ նրան և մի քանի կիլոմետր քայլելուց հետո մի եվրոպացու ապարանք հասավ, ով թանկարժեք քարերի, կտորների և համեմուքների առևտրով էր զբաղվում: Սթոքսը եվրոպացուն հակիրճ պատմեց երիտասարդի մասին և նրա հանդեպ հոգածություն խնդրեց: Նա խստասիրտ, անտարբեր և նյութապաշտ անձնավորություն լինելով հանդերձ՝ չկարողացավ մերժել Սթոքսին՝ հնդիկի հանդերձ հագած ամերիկացուն: Սադհուի՝ մոտ երկու շաբաթ տևող ապաքինման ընթացքում եվրոպացին առիթ ունեցավ լսելու ճշմարիտ ու անկեղծ քրիստոնեության մասին և Քրիստոսին ընդունեց իր սրտի մեջ՝ ապաշխարելով և ճշմարիտ արժեքների հանդեպ հավատք ձեռք բերելով: Այդ ժամանակ երեքն էլ հասկացան Սադհուի հանկարծակի ջերմի և ճանապարհից թեքվելու Աստվածային նպատակը:
  Դրանից հետո Սադհուն ու Սթոքսը կրկին անցան իրենց առաքելությանը՝ շրջելով Տիբեթի ստորոտում գտնվող հնդկական անառիկ գյուղերում և անտանելի հալածանքներ կրելով: Պողոս և Բառնաբաս առաքյալների նման նրանք ճեղքում էին հոգևոր թանձր խավարը և Ավետարանի լույսը սփռում նույնիսկ ամենավտանգավոր ու ամենակրոնամոլ վայրերում: Քարոզչությունից բացի, նրանց ամենօրյա ուրախալի զբաղմունքն էր դարձել հիվանդների ու աղքատների համար աղոթելը, բորոտներին խնամելը, մերժվածներին քաջալերելը:
  Քարոզչությանը զուգահեռ՝ նրանք մոտ մեկ տարի ծառայեցին Սաբաթուի և Լահորի հիվանդանոցներում պառկած անհույս և հարազատներից մերժված հիվանդներին՝ նրանց համար դառնալով իսկական ընկեր ու բարեկամ, չխորշելով անգամ նրանց փտած ու գարշահոտ մարմիններին: Նրանց հավատքն ու սերն տեսնելով՝ հիվանդներն իրենց սիրտը տալիս էին Քրիստոսին:
  Սադհուի հետ հանդիպելուց մեկուկես տարի անց Սթոքսը որոշեց կարճ ժամանակով Ամերիկա գնալ՝ քայքայված առողջությունը վերականգնելու և նորից Հնդկաստան վերադառնալու մտադրությամբ: Սադհուն կրկին մենակ մնաց՝ ինչպես միշտ վայելելով Հայր Աստծո, Քրիստոսի և Սուրբ Հոգու մխիթարիչ ներկայությունը:  Շարունակելի...

Комментариев нет:

Отправить комментарий