Անվնաս մահադեղը

   ''Օձեր վեր կառնեն, եւ եթէ մի մահադեղ խմեն, նորանց վնաս չի տալ. հիւանդների վերայ ձեռք կ’դնեն, եւ նորանք կ’առողջանան''։ Մարկոս 16.18
   Սունդարը հեռանում էր տանից՝ հիշելով իր Տիրոջ խոսքը. «Աղվեսները որջեր ունեն, և երկնքի թռչունները՝ բույներ, բայց Մարդու Որդին գլուխը դնելու տեղ չունի»: Տնից բավականաչափ հեռանալով և դեպի Ռուփար քաղաքը տանող անտառը հասնելով՝ նա ծունկի իջավ և ազատություն տվեց իր արցունքներին ու աղաղակին:
   Զգալով Երկնային Հոր ներկայությունն ու սերը՝ նա իր ողջ կյանքը հանձնեց իր Տիրոջը: Նա կերավ հայրական տնից ստացած աղքատիկ նախաճաշը և Աստվածաշնչից հատվածներ արտասանելով՝ հասավ Ռուփարում գործող եկեղեցի՝ իր հին ծանոթներին, հատկապես հովիվ Ռուփալին այցելելու և հանգիստ առնելու մտադրությամբ: Դեռ նոր էր եկեղեցաշենք մտել, զգաց, որ անկառավարելի գլխապտույտ ունի: Ողջույնի ձայները դեռ ականջների մեջ՝ նա ընդարմացած գետնին փռվեց:
   Նրան դիմավորող ահաբեկված քրիստոնյաներն անմիջապես վերցրին Սունդարին և հովվի տանը պառկեցրին: Այնուհետև հնդիկ ժողովրդական բժիշկ-դեղագործի կանչեցին: Նա հայտնաբերեց, որ Սունդարը սարսափելի թունավորված է, և նրա կյանքին անխուսափելի վտանգ է սպառնում: Քիչ անց Սունդարն ուշքի եկավ, և նրան պատմեցին իր հետ կատարվածը: Կարճ հարցուփորձից հետո պարզվեց, որ հայրն էր թունավորել որդու վերջին կերակուրը: Նա այլ կերպ չեր կարողացել սպանել որդուն, և որպեսզի որդին տանը չմեռներ, ու ինքը չտեսներ որդու չարչարանքները, նրան տնից վռնդել էր՝ ժողովրդին ու սինգհերին ցույց տալով նրանց հանդեպ իր հավատարմությունն ու կրոնասիրությունը:
   Բժիշկը ոչ մի հուսադրող բան չասաց, բացի թունավորմանը հաջորդող նշաններից: Նա ասաց, որ մի քանի րոպեից հիվանդի մոտ արյունահոսություն կսկսվի, իսկ երեկոյան նա կմեռնի: Այնուհետև ավելացրեց, որ եթե երիտասարդը չմեռնի, նորից կայցելի նրան: Բժշկի հեռանալուց հետո քրիստոնյաներն անմիջապես սկսեցին աղոթել՝ դիմելով Երկնային Բժշկին: Սունդարի գիտակցությունը դեռ տեղն էր: Նա ասաց «Խնդրո՜ւմ եմ, ջերմեռանդությամբ աղոթեք ինձ համար: Ես չեմ ուզում մեռնել: Ես ուզում եմ ծառայել Տիրոջս՝ ամբողջ աշխարհին պատմելով Նրա մասին>>: Որոշ ժամանակ անց, ինչպես սպասվում էր, արյունահոսություն սկսվեց: Սունդարի գիտակցությունը մերթ կորչում էր, մերթ մի քանի վայրկյանով վերադառնում: Եկեղեցու ամբողջ համայնքը, հավաքված Սունդարի մահճակալի շուրջը, աղաղակում էր Աստծուն: Օրն ավարտին էր մոտենում, և հավատացյալներն սկսեցին ավելի եռանդով պայքարել նրա կյանքի համար՝ հզոր աղոթք ու փառաբանություն բարձրացնելով Տիրոջը: Հանկարծ արյունահոսությունը դադարեց: Քիչ անց Սունդարը բացեց աչքերը և նվաղուն ձայնով ջուր ուզեց: Սա հուսադրեց հավաքվածներին, և նրանք ամբողջ գիշեր ծունկի իջած մնացին՝ մահվան ձեռքերից ուղղակի «խլելով» իրենց հավատակցին: Առավոտյան, երբ բժիշկը սենյակ մտավ, Սունդարը թեև տկար, բայց խաղաղ պառկած էր: Երբ բժիշկը նայեց սիրով առկայծող նրա ջինջ աչքերին և լսեց «Քրիստոսն ինձ բժշկեց» խոսքը, սիրտը փոթորկվեց: Նա հասկացավ, որ գործ ունի մի զորավոր Աստծո հետ, Ով կյանքի գնով փրկել էր Իր ընտրյալ ծառային:
   Սունդարը դեռ խնամքի ու հոգածության կարիք ուներ, և այդ գործը սիրով հանձն առան այդ բժիշկն ու եկեղեցին: Այցերի ընթացքում բժիշկն անընդհատ զրուցի էր բռնկվում Սունդարի հետ, որպեսզի մանրամասներ իմանա նրա կյանքի և նրա պաշտած Աստծո մասին: Տեսնելով Սունդարի՝ ինչ-որ փոքրիկ գրքով տարված լինելը՝ հետաքրքրվեց, թե ինչ է նա անընդհատ կարդում: Որոշ ժամանակ անց բժիշկը ևս սկսեց կարդալ Ավետարանը: Նա հաճախ էր Սունդարի հետ քննարկում Քրիստոսի խոսքերը և հրաշքները: Արդյունքը եղավ այն, որ նա իր կյանքը Քրիստոսին ընծայեց՝ Նրան Տեր և Փրկիչ ընդունելով:
   Մոտ երեք ամիս անց Սունդարը լիովին ապաքինված, կրկին գնաց Լուտանիայի դպրոցում ուսանելու: Նա դարձյալ ջերմ ընդունելություն գտավ դպրոցում, և դպրոցի ղեկավարությունը, իմանալով նրա հետ վերջին ամիսներին կատարվածը, նրա հանդեպ հատուկ հոգածություն հանձն առավ: Սունդարը դեռ նոր էր սկսել ուսումը, երբ նրա կենդանության լուրը հասավ նաև հորն ու ազգականներին, որոնք արդեն հաշտվել էին նրա մահվան հետ: Նոր, ավելի կատաղի հալածանքի ալիք բարձրացավ: Նրան փախցնելու և սպանելու փորձերը եզրափակվեցին միսիոներական կայանի և դպրոցի դեմ ամբոխի խուժանային հարձակումով: Ոստիկանությանը հրաշքով հաջողվեց հանդարտեցնել արնախում ամբոխին՝ դեպի օդ մի քանի կրակոց արձակելով և պարագլուխներին մի քանի օրով ձերբակալելով:
   Այդ դեպքից մի քանի ամիս անց, երբ Սունդարը խոհերի մեջ պատուհանից դուրս էր նայում, նկատեց դպրոցի դասարանին մոտեցող մի մարդու, որի շարժումներն ու քայլվածքը շատ ծանոթ թվացին իրեն: Երբ մարդը մոտեցավ դպրոցի մուտքին, Սունդարը տեսավ, որ նա իր հայրն էր՝ ծերացած, դեմքը կնճռապատ, տանջված, աչքերը փոս ընկած և հուսահատ: Սունդարը հորն ընդառաջ վազեց, և նրանք գրկախառնվեցին՝ դառնագին լաց լինելով: Հայրը անընդհատ համբուրում էր որդուն և կրծքին սեղմում: Սունդարը վայելում էր հոր սերն ու հագեցնում կարոտը: Երբ նրանք արդեն նստած էին պատշգամբում, հայրը խախտելով երկարատև լռությունը, վերջապես սկսեց խոսել՝ պատառիկներ հիշելով անցյալից՝ Սունդարի մորից, նրա հետ անցկացրած որդու երջանիկ մանկությունից, Շիլմայի ամառանոցում անցկացրած իրենց ընտանեկան անմոռանալի օրերից: Սունդարի մեջ զարթնեց մոր և ընտանիքի հանդեպ կարոտը, և նա սկսեց կարոտով արձագանքել հոր պատմություններին: Հայրը շարունակեց. «Որդի՛ս, եկել եմ քեզ տուն տանելու: Դու կարող ես քրիտոնյա մնալ և քո Աստծուն պաշտել: մենք քեզ չենք արգելի: Միայն վերադարձիր»: Սունդարը զգալով քողարկված վտանգը, հանգիստ նայեց հորը և պատասխանեց. «Հա՛յր ես ուխտ եմ արել Աստծո հետ՝ ամբողջ աշխարհին պատմելու Նրա մասին: Ւմ կյանքը հիմա ինձ չի պատկանում: Ես որոշել եմ հնազանդվել Քրիստոսին՝ Ավետարանի լույսը հասցնելու ամեն հնդիկի…»: Երբ հայրը գլխիկոր հեռանում էր, Սունդարը մի պահ ուզում էր վազել հոր հետևից և նրա հետ տուն գնալ, բայց նույն պահին զգաց Աստծո անտեսանելի ձեռքը, որն իրեն գամեց կանգնած տեղում:
   Ավարտելով դպրոցը՝ նա ամառվա ընթացքում քարոզեց՝ շրջելով գյուղից գյուղ և ի վերջո հանգրվանելով Հիմալայների ստորոտում գտնվող Շիլմա ամառանոցային գյուղաքաղաքում: Այստեղ, 1905 թվականի սեպտեմբերի 3-ին՝ իր ծննդյան տասնվեցերորդ տարեդարձի օրը, Սունդարը մկրտվեց տեղի անգլյական* եկեղեցում: Այդ օրը նա երգեց 23-րդ սաղմոսի բառերի հիման վրա մայրենի լեզվով իր գրած երգը և հաստատեց Աստծո հավատարմությանը իր հավատարմությամբ պատասխանելու ուխտը: Օրեր անց նա հանեց իր քաղաքացիական հանդերձը և հագավ Սադհուի դեղնագույն երկար վերնահագուստը: Նա առաջին հնդիկ քրիստոնյան էր, ով Սադհուի հանդերձով ժողովրդին ներկայացավ որպես քրիստոնյա և որպես հնդիկ ուխտավոր՝ ներկայացրեց իր Փրկչին: Տասնվեց տարեկան երիտասարդի համար սա թեև մի տեսակ հանդգնություն էր, բայց արդարացվում էր նրա միակ նպատակով՝ Քրիստոսը քարոզել բոլոր հնդիկներին: Նա ոչինչ չվերցրեց իր հետ, բացի ծածկոցից ու մայրենի լեզվով գրված Ավետարանից: Նա արտաքնապես աղքատ էր, բայց ներքնապես հարուստ Քրիստոսով: Նա Սունդարն էր, որպես անձ, իսկ որպես քրիստոնյա՝ Սադհու: շարունակությունը >>>