Հեսուի գիրքը

Գլուխ 1
¹ Տիրոջ ծառա Մովսեսի մեռնելուց հետո Տերը խոսեց Մովսեսի սպասավոր Նավեի որդի Հեսուի հետ՝ ասելով.
² «Իմ ծառա Մովսեսը մեռավ. հիմա վե՛ր կաց, անցի՛ր այդ Հորդանան գետով այս ամբողջ ժողովրդի հետ այն երկիրը, որ ես տալիս եմ Իսրայելի որդիներին։
³ Այն բոլոր տեղերը, ուր կկոխեն ձեր ոտքի թաթերը, ձեզ պիտի տամ, ինչպես որ ասել եմ Մովսեսին։
⁴ Անապատից և այս Լիբանանից մինչև մեծ գետը, այսինքն՝ Եփրատ գետը, քետացիների ամբողջ երկիրը մինչև արևմտյան կողմի մեծ ծովը ձեր սահմանը կլինի։
⁵ Ոչ մի մարդ չի կարողանա դեմ կանգնել քեզ քո կյանքի բոլոր օրերին։ Ինչպես Մովսեսի հետ էի, այդպես էլ քեզ հետ կլինեմ. չեմ լքի քեզ և անտես չեմ անի քեզ։
⁶ Զորացի՛ր և քա՛ջ եղիր, որովհետև այս ժողովրդին դո՛ւ ժառանգել պիտի տաս այն երկիրը, որի համար երդվեցի սրանց հայրերին, որ կտամ նրանց։
⁷ Միայն թե զորացի՛ր և շատ քա՛ջ եղիր, որպեսզի պահես և ամբողջովին կատարես այն օրենքը, որ իմ ծառա Մովսեսը պատվիրել է քեզ։ Դրանից չշեղվես աջ կամ ձախ, որպեսզի ամեն ինչում հաջողություն ունենաս, ուր էլ որ գնաս։
⁸ Այս օրենքի գիրքը թող չհեռանա քո շուրթերից, այլ գիշեր-ցերեկ դրա մասի՛ն մտածիր, որպեսզի պահես և կատարես ամենը, ինչ որ գրված է դրա մեջ. այն ժամանակ ճանապարհը դու հաջող կդարձնես և այն ժամանակ հաջողություն կունենաս։
⁹ Ահա պատվիրում եմ քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս»։
¹⁰ Հեսուն, ժողովրդի առաջնորդներին պատվիրելով, ասաց.
¹¹ «Անցե՛ք բանակատեղիի միջով և պատվիրե՛ք ժողովրդին՝ ասելով. “Ձեզ համար պաշա՛ր պատրաստեք, որովհետև երեք օր հետո դուք պիտի անցնեք այս Հորդանան գետով, որպեսզի գնաք ժառանգեք այն երկիրը, որ ձեր Տեր Աստվածը տալիս է ձեզ իբրև սեփականություն”»։
¹² Ապա Հեսուն Ռուբենյանների, Գադյանների և Մանասեի կես ցեղի հետ խոսեց և ասաց.
¹³ «Հիշե՛ք այն խոսքը, որ Տիրոջ ծառա Մովսեսը պատվիրեց ձեզ՝ ասելով. “Ձեր Տեր Աստվածը ձեզ հանգստացրեց և ձեզ տվեց այս երկիրը։
¹⁴ Ձեր կանայք, ձեր երեխաներն ու ձեր անասունները թող բնակվեն այն երկրում, որ Մովսեսը տվեց ձեզ Հորդանան գետի այս կողմում. բայց դուք՝ բոլորդ էլ զորավոր մարդիկ, սպառազինված ձեր եղբայրների առա՛ջն անցեք և օգնե՛ք նրանց,
¹⁵ մինչև որ Տերը ձեր եղբայրներին էլ ձեզ պես հանգստացնի, և նրանք էլ ժառանգեն այն երկիրը, որ ձեր Տեր Աստվածը տալու է նրանց։ Ապա ե՛տ դարձեք ձեր ժառանգության երկիրը և ժառանգե՛ք այն, որ Տիրոջ ծառա Մովսեսը տվեց ձեզ Հորդանանի այս կողմում՝ դեպի արևելք”»։
¹⁶ Նրանք պատասխանեցին Հեսուին և ասացին. «Այն ամենը, ինչ դու պատվիրեցիր, կանենք, և ուր որ մեզ ուղարկես, կգնանք։
¹⁷ Ինչպես Մովսեսին էինք լսում, այնպես էլ քեզ կլսենք, միայն թե քո Տեր Աստվածը քեզ հետ լինի, ինչպես որ Մովսեսի հետ էր։
¹⁸ Ով որ ընդդիմանա քո հրամանին և չլսի քո խոսքը, որ դու կպատվիրես մեզ, պիտի սպանվի. միայն թե զորացի՛ր և քա՛ջ եղիր»։

Գլուխ 2
¹ Նավեի որդի Հեսուն Սատիմից գաղտնաբար երկու մարդ ուղարկեց երկիրը լրտեսելու համար և ասաց. «Գնացեք տեսե՛ք այն երկիրը և Երիքովը»։ Նրանք գնացին և եկան Երիքով ու մտնելով Ռախաբ անունով մի պոռնիկ կնոջ տունը՝ այնտեղ պառկեցին։
² Երիքովի թագավորին ասվեց, թե՝ «Ահա այս գիշեր Իսրայելի որդիներից մարդիկ են եկել այստեղ՝ երկիրը լրտեսելու»։
³ Երիքովի թագավորը մարդ ուղարկեց Ռախաբի մոտ՝ ասելով. «Քեզ մոտ եկած և տունդ մտած մարդկանց դո՛ւրս հանիր, որովհետև նրանք եկել են այս ամբողջ երկիրը լրտեսելու»։
⁴ Իսկ կինը վերցրեց այդ երկու մարդկանց, թաքցրեց և ասաց. «Ճիշտ է, որ այդ երկու մարդիկ եկան ինձ մոտ, բայց ես չիմացա, թե նրանք որտեղի՛ց են։
⁵ Դարպասները փակելու ժամանակ մութ էր. այդ մարդիկ դուրս եկան, և չգիտեմ, թե ո՛ւր գնացին։ Շուտ գնացե՛ք նրանց հետևից, որ հասնեք նրանց»։
⁶ Իսկ ինքը նրանց հանել էր կտուրը և թաքցրել վուշի ցողունների տակ, որ շարել էր իր կտուրի վրա։
⁷ Մարդիկ Հորդանան գետի ճանապարհով մինչև գետանցները նրանց հետևից ընկան, և դարպասը փակեցին նրանց հետևից ընկնողների դուրս գալուց հետո։
⁸ Նրանք դեռ չէին պառկել, երբ կինը ելավ կտուրը՝ նրանց մոտ,
⁹ և ասաց այդ մարդկանց. «Ես գիտեմ, որ Տերն այս երկիրը ձեզ է տվել, որ ձեր ահն ընկել է մեզ վրա, և որ ձեր պատճառով այս երկրի բոլոր բնակիչները հալումաշ են եղել.
¹⁰ որովհետև մենք լսեցինք, թե ինչպես Տերը Կարմիր ծովի ջրերը ցամաքեցրեց ձեր առաջ Եգիպտոսից ձեր դուրս եկած ժամանակ, և թե ինչ արեցիք դուք Հորդանան գետի այն կողմում ամորհացիների երկու թագավորներին՝ Սեհոնին և Օգին, որոնց բնաջնջեցիք։
¹¹ Մենք այդ լսեցինք, և մեր սրտերը վախից հալվեցին, և ոչ մեկիս մեջ համարձակություն չի մնացել ձեր պատճառով, որովհետև ձեր Տեր Աստվածն Աստված է վերևում՝ երկնքում, և ներքևում՝ երկրի վրա։
¹² Եվ հիմա աղաչում եմ, երդվե՛ք ինձ Տիրոջով, որ ինչպես ես ողորմություն արեցի ձեր նկատմամբ, այնպես էլ դուք ողորմություն կանեք իմ հոր տան նկատմամբ։ Եվ ինձ ճշմարիտ մի նշա՛ն տվեք,
¹³ որ ողջ կթողնեք իմ հորը, մորը, իմ եղբայրներին, քույրերին ու նրանց բոլոր հարազատներին և մեր անձերը մահից կազատեք»։
¹⁴ Այդ մարդիկ նրան ասացին. «Եթե մեր այս բանը չհայտնեք, այն ժամանակ թող մեր անձերը մեռնեն ձեր փոխարեն, և երբ այս երկիրը Տերը մեզ տա, ողորմություն և հավատարմություն կցուցաբերենք քեզ»։
¹⁵ Եվ մի պարանով ցած իջեցրեց նրանց պատուհանից, որովհետև նրա տունը բերդի պարսպի վրա էր, և ինքն էլ բնակվում էր պարսպի վրա։
¹⁶ Եվ նրանց ասաց. «Գնացե՛ք լեռը, միգուցե հալածողները հանդիպեն ձեզ. այնտեղ երեք օր թաքնվա՛ծ մնացեք, մինչև որ ձեզ հալածողները ետ դառնան, և հետո գնացե՛ք ձեր ճանապարհով»։
¹⁷ Այդ մարդիկ նրան ասացին. «Մենք անպարտ կլինենք քո այդ երդումից, որ անել տվեցիր մեզ։
¹⁸ Երբ մենք մտնենք այս երկիրը, դու կարմիր թելից այս պարանը կկապես այն պատուհանից, որտեղից իջեցրիր մեզ, և քո հորը, մորը, եղբայրներին ու քո հոր ամբողջ ընտանիքը կհավաքես քեզ մոտ՝ այս տանը։
¹⁹ Ով որ դուրս գա քո տան դռնից, նրա արյունն իր գլխին, մենք անպարտ կլինենք։ Բայց քեզ հետ այս տանը գտնվող բոլորի արյունը մեր գլխին, եթե մեկի ձեռքը դիպչի նրանց։
²⁰ Իսկ եթե մեր այս բանը հայտնես, այն ժամանակ մենք անպարտ կլինենք քո այն երդումից, որ անել տվեցիր մեզ»։
²¹ Եվ կինն ասաց. «Ձեր ասածի պես թող լինի»։ Ապա թույլ տվեց նրանց, ու նրանք գնացին, իսկ այդ կարմիր պարանը կապեց պատուհանին։
²² Նրանք գնացին և եկան լեռնակողմն ու այնտեղ նստեցին երեք օր, մինչև որ հալածողները ետ դարձան։ Հալածողները նրանց փնտրեցին ճանապարհի բոլոր կողմերում, բայց չգտան։
²³ Այն ժամանակ այդ երկու մարդիկ ետ դարձան, իջան սարից և անցնելով Հորդանան գետը՝ գնացին Նավեի որդի Հեսուի մոտ և պատմեցին նրան այն բոլոր բաները, որ պատահել էին իրենց։
²⁴ Եվ Հեսուին ասացին. «Իրոք, Տերն այդ ամբողջ երկիրը հանձնել է մեր ձեռքը, և այդ երկրի բոլոր բնակիչները վախենում են մեզնից»։

Գլուխ 3
¹ Վաղ առավոտյան Հեսուն վեր կացավ, և ինքն ու Իսրայելի բոլոր որդիները մեկնեցին Սատիմից ու եկան մինչև Հորդանան գետը և գետն անցնելուց առաջ իջևանեցին այնտեղ։
² Երեք օր հետո առաջնորդներն անցան բանակատեղիի միջով
³ և պատվիրեցին ժողովրդին՝ ասելով. «Երբ տեսնեք ձեր Տեր Աստծու ուխտի տապանակը և ղևտացի քահանաներին այն տանելիս, դո՛ւք էլ վեր կացեք ձեր տեղերից և գնացե՛ք դրա ետևից։
⁴ Բայց ձեր և դրա միջև երկու հազար կանգունի չափ հեռավորություն թող լինի. չմոտենաք դրան, որպեսզի գիտենաք ձեր գնալու ճանապարհը, որովհետև նախապես այդ ճանապարհով չեք անցել»։
⁵ Եվ Հեսուն ասաց ժողովրդին. «Սրբե՛ք ձեր անձերը, որովհետև վաղը Տերը հրաշքներ է գործելու ձեր մեջ»։
⁶ Ապա Հեսուն ասաց քահանաներին. «Վերցրե՛ք ուխտի տապանակը և անցե՛ք ժողովրդի առաջ»։ Նրանք վերցրին ուխտի տապանակը և գնացին ժողովրդի առջևից։
⁷ Տերն ասաց Հեսուին. «Այսօր կսկսեմ քեզ բարձրացնել բոլոր իսրայելացիների աչքին, որպեսզի իմանան, թե ինչպես որ Մովսեսի հետ էի, այնպես էլ քեզ հետ կլինեմ։
⁸ Հիմա դու ուխտի տապանակը վերցնող քահանաներին պատվիրի՛ր և ասա՛. “Երբ հասնեք Հորդանանի ջրերի եզերքը, կա՛նգ առեք Հորդանանի մեջ”»։
⁹ Եվ Հեսուն ասաց Իսրայելի որդիներին. «Մոտեցե՛ք այստեղ և լսե՛ք ձեր Տեր Աստծու խոսքերը»։
¹⁰ Հեսուն ասաց. «Դրանով կիմանաք, որ կենդանի Աստվածը ձեր մեջ է, և որ նա ձեր առջևից հալածելով հալածելու է քանանացիներին, քետացիներին, խևացիներին, փերեզացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին և հեբուսացիներին։
¹¹ Ահա ամբողջ երկրի Տիրոջ ուխտի տապանակը պիտի անցնի ձեր առջևից Հորդանան գետի միջով։
¹² Հիմա դուք Իսրայելի ցեղերից վերցրե՛ք տասներկու մարդ՝ ամեն մի ցեղից մի մարդ,
¹³ և երբ Տիրոջ՝ ամբողջ երկրի Տիրոջ տապանակը վերցնող քահանաների ոտքերի թաթերը մտնեն Հորդանան գետի ջրի մեջ, Հորդանանի ջրերը կկտրվեն, և վերևից իջնող ջրերը կկանգնեն քարակույտի պես»։
¹⁴ Երբ ժողովուրդը Հորդանան գետն անցնելու համար դուրս ելավ իր վրաններից, ուխտի տապանակը վերցնող քահանաները ժողովրդի առջևում էին։
¹⁵ Եվ հենց որ տապանակը վերցնողները հասան մինչև Հորդանան, և տապանակը կրող քահանաների ոտքերը խրվեցին գետի եզերքի ջրի մեջ (որովհետև հնձի ամբողջ ժամանակ Հորդանանը դուրս է գալիս իր ափերից),
¹⁶ այն ժամանակ վերևից իջնող ջրերը կանգնեցին և քարակույտի նման բարձրացան Սարթանի մոտ գտնվող Ադամ քաղաքից շատ հեռու, իսկ դեպի դաշտի ծովը, այսինքն՝ Աղի ծովն իջնող ջրերն ամբողջովին կտրվեցին, և ժողովուրդն անցավ Երիքովի դիմաց։
¹⁷ Տիրոջ ուխտի տապանակը վերցնող քահանաները հաստատ կանգնեցին Հորդանան գետի մեջտեղը՝ ցամաքի վրա, և բոլոր իսրայելացիներն անցան ցամաքով, մինչև որ ամբողջ ժողովուրդը վերջացրեց Հորդանան գետի անցումը։

Գլուխ 4
¹ Երբ ամբողջ ժողովուրդը վերջացրեց Հորդանան գետի անցումը, Տերը խոսեց Հեսուի հետ և ասաց.
² «Ժողովրդի միջից վերցրե՛ք տասներկու մարդ՝ ամեն մի ցեղից մեկ մարդ,
³ և պատվիրե՛ք նրանց՝ ասելով. “Այստեղից՝ Հորդանան գետի միջից, քահանաների պինդ կանգնած տեղից, ձեզ համար վերցրե՛ք տասներկու քար, դրանք տարե՛ք ձեզ հետ և դրե՛ք այն իջևանում, որտեղ իջևանելու եք այս գիշեր”»։
⁴ Հեսուն Իսրայելի որդիների միջից կանչեց իր որոշած տասներկու մարդկանց՝ ամեն մի ցեղից մի մարդ։
⁵ Եվ Հեսուն նրանց ասաց. «Անցե՛ք ձեր Տեր Աստծու տապանակի առաջ, Հորդանան գետի մեջտեղում, և ամեն մեկդ Իսրայելի որդիների թվի համեմատ մի քա՛ր վերցրեք ձեր ուսերին,
⁶ որպեսզի դա մի նշան լինի ձեր մեջ. երբ հետագայում ձեր որդիները ձեզ հարցնեն և ասեն, թե՝ “Այս քարերն ի՞նչ են ձեզ համար”,
⁷ նրանց կասեք. “Հորդանանի ջրերը կտրվեցին Տիրոջ ուխտի տապանակի առջև, երբ այն անցնում էր Հորդանան գետով. Հորդանանի ջուրը կտրվեց, և այս քարերը հավիտյան հիշատակ կլինեն Իսրայելի որդիների համար”»։
⁸ Եվ Իսրայելի որդիներն արեցին այնպես, ինչպես Հեսուն պատվիրել էր. նրանք տասներկու քար վերցրին Հորդանան գետի միջից Իսրայելի որդիների ցեղերի թվի համեմատ, ինչպես որ Տերն ասել էր Հեսուին, դրանք իրենց հետ տարան իջևանատեղի և դրեցին այնտեղ։
⁹ Հեսուն ուրիշ տասներկու քարեր կանգնեցրեց Հորդանան գետի մեջ, այնտեղ, ուր ոտք էին դրել ուխտի տապանակը վերցնող քահանաները, և մինչև այսօր դրանք այնտեղ են։
¹⁰ Տապանակը վերցնող քահանաները կանգնեցին Հորդանան գետի մեջտեղում, մինչև որ ավարտեց այն բոլոր խոսքերը, որ Տերը Հեսուին պատվիրել էր ասելու ժողովրդին, ինչպես Մովսեսն այդ ամենը պատվիրել էր Հեսուին։ Եվ ժողովուրդը շտապելով անցավ գետը։
¹¹ Երբ ամբողջ ժողովուրդը վերջացրեց անցնելը, այն ժամանակ Տիրոջ տապանակը և քահանաներն անցան ժողովրդի առաջ։
¹² Ռուբենի որդիները, Գադի որդիները և Մանասեի կես ցեղը սպառազինված անցան Իսրայելի որդիների առաջ, ինչպես նրանց ասել էր Մովսեսը։
¹³ Քառասուն հազարի չափ զինյալ մարդ Տիրոջ առաջն անցավ՝ պատերազմելու Երիքովի դաշտում։
¹⁴ Նույն օրը Տերը բարձրացրեց Հեսուին Իսրայելի աչքին. նրանից վախենում էին, ինչպես որ վախեցել էին Մովսեսից նրա կյանքի բոլոր օրերին։
¹⁵ Տերը խոսեց Հեսուի հետ՝ ասելով.
¹⁶ «Պատվիրի՛ր վկայության տապանակը վերցնող քահանաներին, որ դուրս գան Հորդանան գետից»։
¹⁷ Եվ Հեսուն հրամայեց քահանաներին ու ասաց. «Դո՛ւրս եկեք Հորդանան գետից»։
¹⁸ Երբ Տիրոջ ուխտի տապանակը վերցնող քահանաները դուրս եկան Հորդանան գետի միջից, և նրանց ոտքերի թաթերը կոխեցին ցամաքի վրա, Հորդանանի ջրերը ետ դարձան իրենց տեղը և առաջվա պես նրա բոլոր ափերի վրա գնացին։
¹⁹ Առաջին ամսի տասներորդ օրը ժողովուրդը դուրս եկավ Հորդանան գետից և բանակատեղի դրեց Գաղգաղայում՝ Երիքովի արևելյան կողմում։
²⁰ Այն տասներկու քարերը, որ վերցրել էին Հորդանան գետից, Հեսուն կանգնեցրեց Գաղգաղայում
²¹ և ասաց Իսրայելի որդիներին. «Երբ վաղը ձեր որդիները հարցնեն իրենց հայրերին ու ասեն՝
²² “Այս ի՞նչ քարեր են”, դուք ձեր որդիներին կիմացնեք՝ ասելով. “Իսրայելը ցամաքով անցավ այս Հորդանան գետով”,
²³ որովհետև ձեր Տեր Աստվածը Հորդանան գետի ջրերը ցամաքեցրեց ձեր առջև, մինչև որ դուք անցաք, ինչպես որ ձեր Տեր Աստվածն արեց նաև Կարմիր ծովում, որը ցամաքեցրեց մեր առջև, մինչև որ մենք անցանք,
²⁴ որպեսզի երկրի բոլոր ազգերն իմանան, որ Տիրոջ ձեռքը զորավոր է, և դուք միշտ վախենաք ձեր Տեր Աստծուց»։

Գլուխ 5
¹ Ամորհացիների բոլոր թագավորները, որոնք Հորդանան գետի այս՝ արևմտյան կողմում էին, և քանանացիների բոլոր թագավորները, որոնք ծովեզերքի մոտ էին, երբ լսեցին, թե Տերը ցամաքեցրել է Հորդանան գետի ջրերը Իսրայելի որդիների առջև մինչև նրանց անցնելը, այդ ժամանակ նրանց սիրտը հալվեց, և նրանց մեջ հոգի չմնաց Իսրայելի որդիների առջև։
² Այն ժամանակ Տերը Հեսուին ասաց. «Սուր դանակնե՛ր շինիր քեզ համար և դարձիր կրկին թլփատի՛ր Իսրայելի որդիներին»։
³ Հեսուն սուր դանակներ շինեց իր համար և Իսրայելի որդիներին թլփատեց Գիբաթհաարալոթում։
⁴ Այս է պատճառը, որի համար Հեսուն թլփատեց նրանց. Եգիպտոսից դուրս եկած ժողովրդի բոլոր արուները՝ պատերազմող բոլոր մարդիկ, անապատում ճանապարհին մեռան Եգիպտոսից դուրս գալուց հետո։
⁵ Դուրս եկած ամբողջ ժողովուրդը թլփատված էր. բայց Եգիպտոսից դուրս գալուց հետո անապատում ճանապարհին ծնված ամբողջ ժողովրդին չթլփատեցին,
⁶ որովհետև Իսրայելի որդիները քառասուն տարի շրջեցին անապատում, մինչև որ ամբողջ ազգը, այսինքն՝ Եգիպտոսից դուրս եկած պատերազմող մարդիկ ոչնչացան, քանի որ չհնազանդվեցին Տիրոջ խոսքին։ Որովհետև Տերը նրանց երդվեց, որ բնավ ցույց չի տա նրանց այն երկիրը, որ երդվել էր նրանց հայրերին, թե կտա մեզ, մի երկիր, ուր կաթ ու մեղր է բխում։
⁷ Նրանց փոխարեն կանգնեցրեց նրանց զավակներին, և Հեսուն նրանց թլփատեց, որովհետև անթլփատ էին, ճանապարհին չէին թլփատել նրանց։
⁸ Երբ ամբողջ ժողովրդի թլփատումն ավարտվեց, մնացին բանակատեղիում՝ իրենց տեղում, մինչև որ ապաքինվեցին։
⁹ Եվ Տերն ասաց Հեսուին. «Այսօր ես ձեր վրայից վերացրի եգիպտացիների նախատինքը»։ Եվ այդ տեղի անունը դրեցին Գաղգաղա. այդպես է մինչև այսօր։
¹⁰ Իսրայելի որդիները բանակատեղի հաստատեցին Գաղգաղայում և զատիկն արեցին ամսի տասնչորսերորդ օրը՝ իրիկնադեմին, Երիքովի դաշտերում։
¹¹ Զատկի հետևյալ օրը այդ երկրի բերքից բաղարջ և աղանձ կերան. նրանք կերան հենց նույն օրը։
¹² Հաջորդ օրը, երբ այդ երկրի բերքից կերան, մանանան դադարեց, և դրանից հետո Իսրայելի որդիների համար այլևս մանանա չկար։ Այդ տարի նրանք կերան Քանանի երկրի արդյունքից։
¹³ Երբ Հեսուն Երիքովում էր, իր աչքերը բարձրացնելով՝ տեսավ, որ ահա իր դիմաց մի մարդ էր կանգնել՝ ձեռքին էլ մի մերկ սուր։ Հեսուն մոտեցավ նրան և ասաց. «Դու մեզանի՞ց ես, թե՞ մեր թշնամիներից»։
¹⁴ Նա ասաց. «Ո՛չ, ես Տիրոջ զորավարն եմ և հիմա եկա»։ Հեսուն երեսնիվայր գետին ընկավ, երկրպագեց և ասաց նրան. «Ի՞նչ է հրամայում իմ տերն իր ծառային»։
¹⁵ Եվ Տիրոջ զորավարն ասաց Հեսուին. «Հանի՛ր կոշիկներդ քո ոտքերից, որովհետև քո կանգնած տեղը սուրբ է»։ Եվ Հեսուն այդպես արեց։

Գլուխ 6
¹ Երիքովն ամուր փակված էր Իսրայելի որդիների պատճառով։ Դուրս եկող և ներս մտնող չկար։
² Տերը Հեսուին ասաց. «Տե՛ս, ես քո ձեռքն եմ հանձնել Երիքովը, նրա թագավորին և զորավոր քաջերին։
³ Դուք՝ բոլոր պատերազմող մարդիկդ, շրջապատե՛ք քաղաքը՝ մեկ անգամ պտույտ տալով քաղաքի շուրջը։ Վեց օր այդպես կանեք։
⁴ Յոթ քահանա յոթ հոբելյանական փողեր թող վերցնեն տապանակի առջևից, իսկ յոթերորդ օրը յոթ անգամ պտույտ կտաք քաղաքի շուրջը, և քահանաները կհնչեցնեն փողերը։
⁵ Երբ նրանք հնչեցնեն հոբելյանական եղջերափողերը, և երբ դուք լսեք փողերի ձայնը, ամբողջ ժողովուրդը մեծ աղաղակ կբարձրացնի. քաղաքի պարիսպները փուլ կգան, և ժողովուրդը վեր կգնա՝ ամեն մեկն ուղիղ իր դիմացը»։
⁶ Նավեի որդի Հեսուն կանչեց քահանաներին և ասաց նրանց. «Վերցրե՛ք ուխտի տապանակը, և յոթ քահանաներ յոթ հոբելյանական փողեր թող առնեն Տիրոջ տապանակի առջևից»։
⁷ Եվ ասաց ժողովրդին. «Անցե՛ք, շրջապատե՛ք քաղաքը, և զինյալ մարդիկ Տիրոջ տապանակի առաջն անցնեն»։
⁸ Երբ Հեսուն ժողովրդին ասաց, յոթ քահանաները, որոնք ունեին յոթ հոբելյանական փողերը, Տիրոջ առաջն անցնելով, հնչեցրին փողերը, ու Տիրոջ ուխտի տապանակը գնում էր նրանց ետևից։
⁹ Զինյալ մարդիկ գնում էին փողեր հնչեցնող քահանաների առջևից, իսկ վերջապահները՝ տապանակի ետևից. քահանաները գնում և հնչեցնում էին փողերը։
¹⁰ Հեսուն ժողովրդին պատվիրեց՝ ասելով. «Մի՛ աղաղակեք, և ձեր ձայնը չլսվի, ու ոչ մի խոսք դուրս չգա ձեր բերանից մինչև այն օրը, երբ ես ձեզ ասեմ՝ աղաղակե՛ք. այն ժամանակ կաղաղակեք»։
¹¹ Տիրոջ տապանակը դարձավ քաղաքի շուրջբոլորը՝ մեկ անգամ պտույտ տալով, ապա բանակատեղի եկան և գիշերը մնացին բանակատեղիում։
¹² Հեսուն վաղ առավոտյան վեր կացավ, և քահանաները վերցրին Տիրոջ տապանակը։
¹³ Յոթ հոբելյանական փողերը կրող յոթ քահանաները գնում էին Տիրոջ տապանակի առջևից՝ հնչեցնելով փողերը։ Զինյալ մարդիկ գնում էին նրանց առջևից, իսկ վերջապահներն էլ՝ Տիրոջ տապանակի ետևից, և քահանաները հնչեցնում էին փողերը։
¹⁴ Երկրորդ օրն էլ մեկ անգամ պտույտ տվեցին քաղաքի շուրջը և վերադարձան բանակատեղի։ Այդպես արեցին վեց օր։
¹⁵ Յոթերորդ օրը կանուխ վեր կացան լուսաբացին և նույն ձևով յոթ անգամ պտույտ տվեցին քաղաքի շուրջը. այդ օրն էր միայն, որ յոթ անգամ պտույտ տվեցին քաղաքի շուրջը։
¹⁶ Յոթերորդ անգամ, երբ քահանաները հնչեցրին փողերը, Հեսուն ասաց ժողովրդին. «Աղաղակե՛ք, որովհետև Տերն այս քաղաքը ձեզ է տվել։
¹⁷ Քաղաքն ու նրա մեջ ամեն ինչ նզովյալ կլինի Տիրոջ համար, միայն պոռնիկ Ռախաբը ողջ կմնա, ինքը և իր հետ իր տանը բոլոր եղողները, որովհետև նա թաքցրեց մեր ուղարկած լրտեսներին։
¹⁸ Բայց դուք զգուշացե՛ք նզովվածից. չլինի թե նզովք բերեք՝ նզովվածից առնելով, և Իսրայելի բանակատեղին նզովքի մեջ գցելով՝ փորձանքի ենթարկեք այն։
¹⁹ Ամբողջ արծաթն ու ոսկին և պղնձե ու երկաթե ամանները Տիրոջ համար սուրբ կլինեն և կմտնեն Տիրոջ գանձարանը»։
²⁰ Եվ ժողովուրդն աղաղակեց փողերը հնչելիս։ Երբ ժողովուրդը լսեց փողերի ձայնն ու բարձրաձայն աղաղակեց, պարիսպները փուլ եկան։ Ժողովուրդը բարձրացավ դեպի քաղաք՝ ամեն մեկն ընթանալով ուղիղ իր դիմացը։ Եվ գրավեցին քաղաքը,
²¹ և ինչ որ կար քաղաքում՝ թե՛ տղամարդ և թե՛ կին, երիտասարդ և ծեր, արջառ, ոչխար ու էշ, սրի քաշեցին ։
²² Հեսուն ասաց այդ երկիրը լրտեսող երկու մարդկանց. «Գնացե՛ք այդ պոռնիկ կնոջ տունը և դո՛ւրս հանեք այնտեղից այդ կնոջն ու նրա ամբողջ ունեցածը, ինչպես որ երդվել եք նրան»։
²³ Եվ այն լրտեսող երիտասարդները գնացին, դուրս հանեցին Ռախաբին, նրա հորը, մորը, եղբայրներին, նրա ամբողջ ունեցվածքը, նրա ամբողջ ազգատոհմն էլ և նրանց կանգնեցրին Իսրայելի բանակատեղիից դուրս։
²⁴ Քաղաքն ու նրա մեջ եղած ամեն ինչ այրեցին կրակով, միայն արծաթն ու ոսկին և պղնձե ու երկաթե ամանները դրեցին Տիրոջ տան գանձարանում։
²⁵ Այսպես Հեսուն ողջ թողեց պոռնիկ Ռախաբին, նրա հոր ընտանիքը և նրա բոլոր մերձավորներին, և նա բնակվում է Իսրայելի մեջ մինչև այսօր, որովհետև նա թաքցրեց այն լրտեսներին, որոնց Հեսուն ուղարկել էր հետախուզելու Երիքովը։
²⁶ Հեսուն այդ ժամանակ երդվեց՝ ասելով. «Թող անիծյալ լինի Տիրոջ առաջ այն մարդը, որ վեր կկենա և կշինի այս Երիքով քաղաքը, նրա հիմքերը կդնի իր անդրանիկ որդու կյանքի գնով և նրա դարպասները կկանգնեցնի իր կրտսեր որդու կյանքի գնով»։
²⁷ Տերը Հեսուի հետ էր, և նրա համբավը տարածվեց ամբողջ երկրում։ 

Գլուխ 7
¹ Բայց Իսրայելի որդիները հանցանք գործեցին նզովքի պատճառով, որովհետև Հուդայի ցեղից Զարայի որդի Զաբդիի որդի Քարմիի որդի Աքարը առավ նզովված բաներից. և Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի որդիների վրա։
² Հեսուն Երիքովից մարդիկ ուղարկեց Գայի, որը մոտ է Բեթավանին, Բեթելի արևելյան կողմում, և ասաց նրանց. «Բարձրացե՛ք և հետախուզե՛ք այդ երկիրը»։ Այդ մարդիկ բարձրացան և հետախուզեցին Գայիին,
³ վերադարձան Հեսուի մոտ և ասացին նրան. «Ամբողջ ժողովուրդը թող չբարձրանա, միայն երկու կամ երեք հազարի չափ մարդիկ բարձրանան և հարվածեն Գային. ամբողջ ժողովրդին մի՛ հոգնեցրու այնտեղ տանելով, որովհետև նրանք քիչ են»։
⁴ Եվ ժողովրդից մոտ երեք հազար մարդ բարձրացավ այնտեղ, բայց փախան Գայիի մարդկանց առջևից։
⁵ Գայիի մարդիկ նրանցից մոտ երեսունվեց մարդու կոտորեցին և նրանց հալածեցին դարպասի առջևից մինչև Սեբարիմ ու զառիվայրի վրա զարկեցին նրանց։ Ժողովրդի սիրտը հալվեց ու ջուր դարձավ։
⁶ Հեսուն տապանակի առաջ պատռեց իր հագուստները, երեսնիվայր գետին ընկավ ու մնաց մինչև երեկո, ինքը և Իսրայելի ծերերը. և հող ցանեցին իրենց գլխի վրա։
⁷ Հեսուն ասաց. «Օ՜, Տե՛ր Տեր, ինչո՞ւ այս ժողովրդին անցկացրիր Հորդանանի այս կողմը, որ մեզ մատնես ամորհացիների ձեռքը և կործանես մեզ։ Երանի թե Հորդանանի այն կողմում մնայինք ու գոհ լինեինք։
⁸ Աղաչում եմ, Տե՛ր, ի՞նչ ասեմ ես, երբ Իսրայելն իր թշնամիների առաջ իր թիկունքն է դարձրել։
⁹ Որովհետև քանանացիներն ու երկրի բոլոր բնակիչները, այդ լսելով, կպաշարեն մեզ և մեր անունը ամբողջովին կջնջեն երկրի երեսից։ Այն ժամանակ ի՞նչ պիտի անես քո մեծ անվան համար»։
¹⁰ Եվ Տերը Հեսուին ասաց. «Վե՛ր կաց, ինչո՞ւ ես այդպես ընկել երեսիդ վրա։
¹¹ Իսրայելը մեղք գործեց. նրանք դրժեցին իմ ուխտը, որ ես պատվիրեցի նրանց։ Նրանք վերցրել են նզովվածից, գողացել են, սուտ խոսել ու նաև դրել են իրենց կարասիների մեջ։
¹² Ուստի Իսրայելի որդիները չեն կարող կանգնել իրենց թշնամիների առաջ. նրանք թիկունք կդարձնեն իրենց թշնամիների առաջ, որովհետև նզովք են դարձել. այլևս ձեր մեջ չեմ լինի, եթե դուք նզովվածը ձեր միջից չվերացնեք։
¹³ Վե՛ր կաց, սրբագործի՛ր ժողովրդին և ասա՛. “Սրբագործվե՛ք վաղվա համար, որովհետև Իսրայելի Տեր Աստվածն այսպես է ասում. "Ո՛վ Իսրայել, ձեր մեջ նզովք կա. դու չես կարող կանգնել քո թշնամիների առաջ, մինչև որ նզովքը չվերացնեք ձեր միջից"։
¹⁴ Առավոտյան մոտեցե՛ք ձեր ցեղերով, և ո՛ր ցեղին որ Տերը ցույց տա, նա մոտենա իր ազգատոհմերով, և ո՛ր ազգատոհմին որ Տերը ցույց տա, նա մոտենա իր տներով, և ո՛ր տունը որ Տերը ցույց տա, նա մոտենա իր տղամարդկանցով։
¹⁵ Ով որ նզովվածով բռնվի, նա կրակով պիտի այրվի, ինքը և իր ամբողջ ունեցածը, որովհետև նա դրժել է Տիրոջ ուխտը և անզգամություն է գործել Իսրայելի մեջ”»։
¹⁶ Եվ Հեսուն վաղ առավոտյան վեր կացավ, Իսրայելին մոտեցրեց իր ցեղերով, և Հուդայի ցեղը ցույց տրվեց։
¹⁷ Նա մոտեցրեց Հուդայի ազգատոհմերը, և ցույց տրվեց Զարայի ազգատոհմը։ Մոտեցրեց Զարայի տոհմն իր տղամարդկանցով, և ցույց տրվեց Զաբդին։
¹⁸ Մոտեցրեց նրա տունն իր տղամարդկանցով, և ցույց տրվեց Զարայի որդի Զաբդիի որդի Քարմիի որդի Աքարը՝ Հուդայի ցեղից։
¹⁹ Հեսուն Աքարին ասաց. «Որդյա՛կ իմ, հիմա փա՛ռք տուր Իսրայելի Տեր Աստծուն, խոստովանի՛ր նրան և հայտնի՛ր ինձ քո արածը, մի՛ ծածկիր ինձանից»։
²⁰ Աքարը պատասխանեց Հեսուին՝ ասելով. «Հիրավի, ես մեղք գործեցի Իսրայելի Տեր Աստծու դեմ և այս բաներն արեցի.
²¹ ավարի մեջ տեսա Սենեարի մի գեղեցիկ վերարկու, երկու հարյուր սիկղ արծաթ և հիսուն սիկղ ծանրությամբ մի ձուլակտոր ոսկի. ցանկանալով՝ վերցրի դրանք. և ահա դրանք թաքցված են հողի տակ իմ վրանում, իսկ արծաթը դրա տակ է»։
²² Հեսուն պատգամաբերներ ուղարկեց, որոնք վազեցին դեպի վրանը, և ահա այդ ամենը պահված էր վրանի մեջ, իսկ արծաթը դրա տակ էր։
²³ Նրանք հանեցին դրանք վրանի միջից, բերեցին Հեսուի և Իսրայելի բոլոր որդիների մոտ և դրեցին Տիրոջ առաջ։
²⁴ Հեսուն և նրա հետ բոլոր իսրայելացիները վերցրին Զարայի որդի Աքարին, այդ արծաթը, վերարկուն, ձուլակտոր ոսկին, Աքարի որդիներին, դուստրերին, նրա արջառները, էշերը, ոչխարները, վրանը և այն ամենը, ինչ նա ուներ, և դրանք դուրս հանեցին Աքորի ձորը։
²⁵ Հեսուն ասաց. «Ինչո՞ւ դու մեզ փորձանքի մեջ գցեցիր. Տերն այսօր փորձանքի մեջ կգցի քեզ»։ Եվ բոլոր իսրայելացիները քարկոծեցին նրան. քարկոծելուց հետո ամբողջը կրակով այրեցին։
²⁶ Եվ նրա վրա մի մեծ քարակույտ դիզեցին, որ կա մինչև այսօր։ Տերը դադարեց իր սաստիկ բարկությունից։ Այդ պատճառով այն տեղի անունը Աքորի ձոր կոչվեց մինչև այսօր։

Գլուխ 8
¹ Տերը Հեսուին ասաց. «Մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր. վերցրո՛ւ քեզ հետ բոլոր պատերազմող մարդկանց և վեր կաց բարձրացի՛ր դեպի Գայի։ Ահա ես քո ձեռքն եմ մատնում Գայիի թագավորին, նրա ժողովրդին, նրա քաղաքը և նրա երկիրը։
² Գայիին և նրա թագավորին այնպես կանես, ինչպես արեցիր Երիքովին ու նրա թագավորին, միայն թե նրա ավարն ու անասունները կվերցնեք ձեզ համար։ Դարաններ կպատրաստես քաղաքի ետևի կողմից»։
³ Հեսուն և բոլոր պատերազմող մարդիկ վեր կացան, որ գնան Գայիի վրա։ Հեսուն երեսուն հազար զորավոր մարդ ընտրեց և նրանց ուղարկեց գիշերով։
⁴ Եվ նրանց պատվիրեց՝ ասելով. «Տեսե՛ք, դուք քաղաքի ետևի կողմից դարանամուտ պիտի լինեք այդ քաղաքի համար։ Քաղաքից շատ մի՛ հեռացեք, և ամենքդ պատրա՛ստ եղեք։
⁵ Ես և ինձ հետ եղող ամբողջ ժողովուրդը կմոտենանք քաղաքին, և երբ նրանք մեր դեմ դուրս գան, ինչպես առաջին անգամ, կփախչենք նրանց առջևից։
⁶ Նրանք դուրս կգան մեր հետևից, մինչև որ նրանց բաժանենք քաղաքից, որովհետև նրանք կասեն, թե՝ “Փախչում են մեր առջևից, ինչպես առաջին անգամ”, և մենք նրանց առջևից փախչելու ենք։
⁷ Բայց դուք դո՛ւրս ելեք դարանից և վերցրե՛ք քաղաքը, որովհետև ձեր Տեր Աստվածն այն ձեր ձեռքը կհանձնի։
⁸ Երբ քաղաքը վերցնեք, քաղաքն այրե՛ք կրակով. Տիրոջ ասածի պես կանեք։ Ահա ձեզ պատվիրեցի»։
⁹ Հեսուն նրանց ուղարկեց, և նրանք գնացին, դարանում նստեցին Բեթելի և Գայիի միջև, Գայիի արևմտյան կողմից։ Հեսուն այդ գիշեր ժողովրդի մեջ մնաց։
¹⁰ Վաղ առավոտյան վեր կենալով՝ Հեսուն աչքի անցկացրեց ժողովրդին և Իսրայելի ծերերի հետ ժողովրդի առջևից գնաց դեպի Գայի։
¹¹ Նրա հետ վեր կացան նաև բոլոր պատերազմող մարդիկ և մոտենալով՝ գնացին քաղաքի դիմաց և բանակ դրեցին Գայիի հյուսիսային կողմում։ Նրանց ու Գայիի միջև մի ձոր կար։
¹² Հետո հինգ հազարի չափ մարդ առավ և նրանց դարան մտցրեց Բեթելի ու Գայիի միջև՝ քաղաքի արևմտյան կողմում։
¹³ Ժողովուրդը ամբողջ բանակը տեղավորեց քաղաքի հյուսիսային կողմում, իսկ դարանը՝ քաղաքի արևմտյան կողմում։ Հեսուն այդ գիշեր մնաց ձորում։
¹⁴ Երբ Գայիի թագավորն այս տեսավ, այդ քաղաքի մարդիկ առավոտը կանուխ շտապ վեր կացան, և ինքն ու իր հետ ամբողջ ժողովուրդը դուրս գնացին դաշտը, որտեղ պիտի պատերազմեին Իսրայելի դեմ։ Բայց ինքը չգիտեր, թե քաղաքի ետևի կողմից իր համար դարան կար։
¹⁵ Հեսուն և բոլոր իսրայելացիներն այնպես ցույց տվին, թե պարտվել են նրանց առաջ և փախան անապատի ճանապարհով։
¹⁶ Քաղաքում եղող ամբողջ ժողովուրդը հավաքվեց, որ հալածի նրանց, և Հեսուի հետևից ընկնելով՝ հեռացան քաղաքից։
¹⁷ Գայիում և Բեթելում մարդ չմնաց, որ Իսրայելի հետևից դուրս եկած չլիներ. քաղաքը թողեցին բաց և հալածեցին Իսրայելին։
¹⁸ Տերը Հեսուին ասաց. «Ձեռքիդ նիզակը մեկնի՛ր դեպի Գայի, որովհետև ես քո ձեռքն եմ հանձնել այն»։ Եվ Հեսուն իր ձեռքի նիզակը մեկնեց դեպի քաղաքը։
¹⁹ Դարանակալները շուտով վեր կացան իրենց տեղից, և հենց որ նա ձեռքը մեկնեց, վազեցին մտան քաղաքը, գրավեցին այն և քաղաքն շտապ այրեցին կրակով։
²⁰ Գայիի բնակիչները, դեպի հետ դառնալով, տեսան, որ քաղաքի ծուխը մինչև երկինք է բարձրացել։ Նրանք այս կամ այն կողմ փախչելու կարողություն չունեին, և դեպի անապատը փախչող ժողովուրդն էլ դարձավ իր հալածիչների վրա։
²¹ Երբ Հեսուն և բոլոր իսրայելացիները տեսան, որ դարանակալները գրավեցին քաղաքը, և քաղաքի ծուխը վեր էր բարձրացել, իրենք էլ ետ դարձան և հարվածեցին Գայիի մարդկանց։
²² Մյուսները քաղաքից դուրս եկան նրանց դիմաց, և Գայիի մարդիկ մնացին իսրայելացիների մեջտեղում՝ սրանք այս կողմից, իսկ նրանք էլ այն կողմից։ Այնպես հարվածեցին նրանց, մինչև որ նրանցից ոչ մի մարդ ողջ չմնաց և չազատվեց։
²³ Իսկ Գայիի թագավորին ողջ բռնեցին և բերեցին Հեսուի մոտ։
²⁴ Երբ իսրայելացիները ջարդեցին Գայիի բոլոր բնակիչներին, որոնք իրենց հալածել էին դաշտում ու անապատում, և երբ նրանք ամենքը սրի քաշվեցին, մինչև որ վերջացան, բոլոր իսրայելացիները վերադարձան Գայի և սրակոտոր արեցին նրա բնակիչներին։
²⁵ Այդ օրն ընկածները՝ թե՛ տղամարդ և թե՛ կին, ընդամենը տասներկու հազար էին, այսինքն՝ Գայիի բոլոր մարդիկ։
²⁶ Հեսուն նիզակով մեկնած ձեռքը ետ չքաշեց, մինչև որ բնաջինջ արեց Գայիի բոլոր բնակիչներին։
²⁷ Իսրայելացիները միայն անասուններին ու քաղաքի ավարը վերցրին իրենց համար՝ ըստ այն խոսքի, որ Տերը պատվիրել էր Հեսուին։
²⁸ Հեսուն Գային այրեց և այն մշտնջենական ավերակների մի դեզ դարձրեց մինչև այսօր։
²⁹ Իսկ Գայիի թագավորին ծառից կախեց մինչև երեկո։ Արևը մայր մտնելիս Հեսուն հրամայեց, որ նրա մեռած մարմինը ցած իջեցնեն ծառից։ Նրան գցեցին քաղաքի դարպասի առաջ և նրա վրա դիզեցին քարերի մի մեծ կույտ, որ կա մինչև այսօր։
³⁰ Այն ժամանակ Հեսուն Իսրայելի Տեր Աստծու համար մի զոհասեղան շինեց Գեբաղ լեռան վրա,
³¹ ինչպես Տիրոջ ծառա Մովսեսը պատվիրել էր Իսրայելի որդիներին, և ինչպես գրված է Մովսեսի օրենքի գրքում. այդ զոհասեղանն անտաշ քարերից էր, որոնց երկաթ չէր դիպել։ Դրա վրա Տիրոջ համար ողջակեզներ մատուցեցին և խաղաղության զոհեր զոհեցին։
³² Եվ այնտեղ՝ այդ քարերի վրա, գրեց Մովսեսի օրենքի մի օրինակը, որը նա գրել էր Իսրայելի որդիների առջև։
³³ Եվ ամբողջ Իսրայելը, նրանց ծերերը, գլխավորներն ու դատավորները տապանակի այս ու այն կողմից կանգնել էին Տիրոջ ուխտի տապանակը կրող ղևտացի քահանաների առջև, թե՛ օտարականը և թե՛ բնիկը. կեսը՝ Գարիզին լեռան կողմը, իսկ կեսը՝ Գեբաղ լեռան կողմը, ինչպես նախապես պատվիրել էր Տիրոջ ծառա Մովսեսը, որ օրհնեն Իսրայելի ժողովրդին։
³⁴ Դրանից հետո կարդաց օրենքի բոլոր խոսքերը՝ օրհնություններն ու անեծքները, ինչ որ գրված էր օրենքի գրքում։
³⁵ Մովսեսի բոլոր պատվիրաններից բնավ մի խոսք չմնաց, որ Հեսուն չկարդար Իսրայելի ամբողջ ժողովրդի՝ կանանց, երեխաների և իսրայելացիների մեջ ապրող օտարականների առջև։ 
(ՀԵՍՈՒ 1-8 գլուխներ)