Փոքրիկ Նոր Կտակարանը

    Ֆլորիդա նահանգում մի բանտարկյալ կար: Նրա կիրակնօրյա դպրոցի ուսուցիչը իմանալով նրա մասին, որոշեց այցելել: Երկար ճանապարհ անցավ, որպեսզի հասներ բանտ և տեսներ նրան: Իր նախկին աշակերտը ասաց. «Տեսնում եմ դու դեռ չես հուսահատվել ինձ պես անուղղելի մեկից»: Ուսուցիչը շատ փորձեց նրան իր հորդորներով և Աստծո սիրով ետ բերել, բայց ոչինչ չստացվեց:
    Բանտարկյալը թեև չլսեց դարձի գալու կոչերը, սակայն վերցրեց Նոր Կտակարանը և խոստացավ կարդալ:
    Հետագայում մահվան դատապարտված այդ բանտարկյալը իր վերջին նամակի մեջ գրեց. «Երբ այս նամակը ստանաս, իմ կյանքն արդեն վերջացած կլինի այս երկրի վրա: Բայց կուզեմ, որ իմանաս, թե այդ փոքրիկ Նոր Կտակարանով, և Աստծո հրաշագործ շնորհքով կարելի եղավ քառասունյոթ այլ բանտարկյալներ էլ Քրիստոսի փրկությանն առաջնորդել: Ես շնորհակալ եմ, որ դու չհուսահատվեցիր ինձ դարձի բերելու աշխատանքիդ մեջ»:
    Երբ վկայում ենք Քրիստոսի մասին, պետք չէ հուսահատվել և թուլանալ, պետք է վկայել մինչև վերջին վայրկյանը: