Նա փրկեց մեզ և կանչեց սուրբ կոչումով, ո'չ թե մեր գործերուն համեմատ, հապա' Իր առաջադրության ու շնորհքին համաձայն...
  • 27 Իմ երկիւղը կ’ուղարկեմ քո առաջին, եւ կ’շփոթեցնեմ այն բոլոր ժողովուրդը, որոնց մէջ դու գնում ես, եւ քո բոլոր թշնամիների մէջքը քեզ կ’դարձնեմ.

9 мая 2013 г.

Չեմ կարող թողնել Քրիստոսին...

՛՛Մարդու որդին գլուխը դնելու տեղ չունի՛՛
Սադհու Սունդար Սինգհ
       Սունդարի ներքին խաղաղությանը հաջորդեց արտաքին կռիվների և հալածանքների բուռն ժամանակաշրջանը: Ընտանիքից բացի, նրա կյանքում կատարված փոփոխությունը նկատեցին նաև դպրոցի նրա ընկերներն ու ուսուցիչները:
   Դպրոցի բոլոր անկարգությունների պարագլուխը դարձել էր մարդկանց դեպի Քրիստոսին առաջնորդող համարձակ վկա, Աստվածաշունչն այրողը դարձել էր Ավետարանը միշտ իր ձեռքին շրջող նվիրյալ, քրիստոնյա ուսուցիչների ոխերիմ թշնամին դարձել էր նրանց մտերիմ բարեկամը: Ընտանիքն ու ոչ քրիստոնյա ընկերները ամեն ինչ արեցին, որպեսզի Սունդարին ետ դարձնեն իր բռնած ճանապարհից, բայց նա անդրդվելի մնաց ծաղր ու ծանակի, անարգանքի և նույնիսկ մեծ խոստումների դեպքում: Սունդարի ամենամեծ թշնամին իր եղբայրներն էին, հատկապես իրենից ավագը, ով սարսափելի լուտանքներով ու հայհոյանքներով ամբողջ օրը հալածում էր նրան: Սունդարի ընտանիքին միացավ նաև գյուղի կրոնապաշտ ժողովուրդը, ովքեր հալածանքներ սկսեցին ոչ միայն Սունդարի, այլև բոլոր քրիստոնյաների դեմ: Քրիստոնյա հնդիկները սկսեցին ընտանիքներով այլ բնակավայրեր տեղափոխվել, գյուղում գործող միսիոներների կայանը ժամանակավորապես փակվեց, իսկ Սունդարին արգելեցին դպրոց գնալ, և նա <<բանտարկվեց>> մեծ ապարանքի սահմաններում: 
     Սունդարի հետ կատարվածը մեծ անպատվություն էր ընտանիքի համար: Նրա հայրը տեսնելով, որ որդու վրա չեն ազդում ոչ ընկերների, ոչ էլ իր ու եղբայրների հորդորներն ու սպառնալիքները, վերջապես օգնություն խնդրելով՝ դիմեց գերդաստանի ղեկավարին՝ Սունդարի մեծ հորեղբորը՝ Սինգհերի մեջ նշանավոր մի ծերունու, ով հայտնի էր ոչ միայն իր հարստությամբ, այլև խորագիտությամբ և կրոնասիրությամբ: Սունդարը շատ էր սիրում հորեղբորը և միշտ երկյուղածությամբ էր ներկայանում նրան: Մի օր այդ հորեղբայրը Սունդարին իր պալատ հրավիրեց և կարճ զրույցից հետո նրան առաջնորդեց դեպի պալատամերձ գետնափոր մի գաղտնաշենք: Սունդարը կարծում էր, թե դա պատժավայր է, բայց երբ ներս մտան, հասկացավ, որ դա հորեղբոր գանձարանն էր՝ լի ամեն տեսակ գոհարեղենով, ոսկով և դրամով: Ծերունին ծունկի իջավ Սունդարի ոտքերի մոտ և պաղատագին ձայնով արտաբերեց. <<Սունդա՜ր, որդի՜ս, խնդրո՜ւմ եմ, մի՛ խայտառակիր մեր գերդաստանը, այս ամենը հենց հիմա իմ նոտարի միջամտությամբ կդառնա քո սեփականությունը, եթե հրաժարվես քրիստոնեությունից: Դու այս հարստությամբ կարող ես մինչև կյանքիդ վերջը շրջել աշխարհի բոլոր անկյուններում, վայելել կյանքը: Դու կարող ես դառնալ իմ փոխանորդը, այսինքն՝ մեր տոհմի գլխավորը, եթե միայն մնաս մեզ հետ>>: Սունդարին ապշեցրել էր ոչ թե գանձերի փայլը, այլ ծերունու՝ ամենամեծի ծունկի իջնելը իր՝ ամենափոքրի առջև: Սունդարը մի պահ մտաբերեց իր հանդեպ տածած ողջ գերդաստանի սերը, նայեց այդ արծաթազարդ ծերունուն, այնուհետև կամացուկ, բայց անհողդողդ ձայնով ասաց. <<Ո՛չ, հորեղբա՜յր, ես չեմ կարող թողնել Քրիստոսին: Նա է հիմա իմ ամենաթանկ գանձը>>:
     Այս միջադեպը վերջ դրեց Սունդարի հանդեպ մի քանի ամիս ձգձգվող ընտանեկան խրատների, անարգանքի ու ծաղրի շարանին: Բայց նրան սպասում էր նաև կրոնական խորհրդի որոշումը: Մի քանի օր անց Սունդարը տեղեկացավ գյուղացիների կողմից իր դեմ ծրագրվող մահափորձի մասին: Նա գիշերը փախավ տանից և պատսպարվեց Լուտանիա գյուղաքաղաքում գործող Քրիստոնեական առաքելությունում: Մի քանի ամիս այնտեղ մնալով՝ նա սկսեց ավելի խորը հարաբերություններ հաստատել քրիստոնյաների հետ և հանձինս մի քանի քրիստոնյաների՝ առիթ ունեցավ բախվելու նաև կեղծ քրիստոնեությանը: Չհաշտվելով նրանց քաղաքականության ու գործելակերպի հետ՝ նա ստիպված տուն վերադարձավ: Ընտանիքն ու ազգականները գրկաբաց ընդունեցին նրան՝ կարծելով, թե հրաժարվել է քրիստոնեությունից, բայց կարճ ժամանակ անց համոզվեցին, որ նա ոչ միայն չի հրաժարվել, այլև ավելի է խորացել քրիստոնեության մեջ:
     Նրա հարցը դրվեց կրոնական քննարկման: Սունդարը կանգնեց սինգհ առաջնորդների ու ծերերի առջև՝ խոնարհությամբ, բայց աներկյուղ պատասխանելով նրանց տեղատարափ հարցերին: Աստիճանաբար հարցերն սկսեցին քչանալ: Նրանք լուռ լսում էին երիտասարդ Սունդարի վկայությունը, նրա աչքերում նկատում իրենց անծանոթ Աստծո հանդեպ խանդավառ սերը և ափսոսանքով գլուխներն էին շարժում: Նրանք, թեև ափսոսանքով, բայց նաև հարգանքով լցվեցին այդ վտիտ պատանու հանդեպ, ով հստակ մեկնաբանություններով հերքում էր դարերով իրենց հասած կրոնի կեղծությունն ու փաստում քրիստոնեության ճշմարիտ լիները: Մի քանի ժամ տևող քննության վերջում՝ խոսքը կրոնական միության ղեկավար Մահարաջա Սինգհինն էր: Նա հանդիսավոր կերպով հայտարարեց վճիռը. <<Շերի որդի Սունդար սինգհառյուծասիրտը դարձավ դասալիք>>:
     Նույն օրը երեկոյան Սունդարը կտրեց սինգհերի պատկանելությունը խորհրդանշող երկար մազերը: Նա գիտակցաբար արեց դա՝ հասկանալով այդպես վկայելու կարևորությունն ու ընտանիքից բացի նաև կրոնական համայնքից բաժանվելու փաստը: Երբ հայրը տեսավ Սունդարի կտրված մազերը, ցասումով աղաղակեց. <<Դու այսօր մեռար մեզ համար, դու մեռար իմ, մորդ և եղբայրներիդ համար, դու մեռար քո ազգակիցների համար, դու այլևս մեզ չես պատկանում, և սա այս տանը գիշերելու քո վերջին օրն է: Տեսնեմ, թե քո այդ Քրիստոսը ինչպես պիտի պահի քեզ>>: Նրան՝ որպես բորոտի, պատշգամբում մի փոքրիկ տեղ հատկացրին, տոհմական հանդերձները հանել տալով՝ մի հասարակ հանդերձ ու ծածկոց տվեցին, իսկ առավոտյան կերակուրի մի փոքրիկ կապոց ձեռքը տալով՝ հրաժեշտ տվեցին որպես օտարական: Նա իր հետ վերցրեց նաև իր անբաժան ընկերոջը՝ Աստվածաշունչը: շարունակությունը

Комментариев нет:

Отправить комментарий