«Եվ ինչպես Մովսեսն անապատում օձին բարձրացրեց, այնպես էլ Մարդու Որդին պետք է բարձրանա, որպեսզի ով նրան հավատում է, հավիտենական կյանք ունենա։ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որովհետև Աստված իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու միածին Որդու անվանը։ Եվ ահա այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։ Որովհետև յուրաքանչյուր ոք, ով չարիք է գործում, ատում է լույսը ու չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։ Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի դառնա, թե իր գործերը Աստծով են կատարվել»։Հովհաննեսի ավետարան 3:14-21

Սադհու Սունդար Սինգհ

Մոր մահից հետո Սունդարն ավելի ագրեսիվ դարձավ և ավելի հակադրվեց քրիստոնեությանն ու Աստվածաշնչին: Մի օր աշակերտների ներկայությամբ նա պատռեց ու այրեց Աստվածաշունչը՝ հայտարարելով, որ նրանում գրված ամեն ինչ սուտ է: Նա բացահայտ ատելությամբ էր վարվում նաև քրիստոնյաների՝ ուսուցիչների ու միսիոներների հետ՝ ծաղրելով և անպատվելով նրանց: Դրան զուգահեռ նա ամեն կերպ ջանք էր գործադրում գտնել խաղաղությունը: Տասնհինգ տարեկանում տղան ոչ միայն քաջատեղյակ էր կրիշնայական «Բհագավագիտային», հինդուիստական «Վեդաներին», «Գրանթին» այլև Ղուրանին, բայց հոգու խաղաղություն չէր գտնում: Ինչքան նա բացում էր Աստվածաշունչը և կարդում, այնքան իրեն կողոպտված ու փոթորկված էր գտնում:
Մի օր նա հոր ներկայությամբ ծվեն-ծվեն արեց Աստվածաշունչը և կրակը նետեց՝ ասելով. «Այս գիրքն ինձ խենթացնում է, պետք է ոչնչացնել արևմուտքի կրոնը»: Երեք օր անց նրա գլխում մի միտք ծագեց՝ վերջ տալ կյանքին: Խոր հուսահատության մեջ նա որոշեց, որ վերջին անգամ կաղոթի Աստծուն, և եթե Աստված տեսանելիորեն չհայտնվի իրեն, ապա ինքնասպան կլինի՝ իրեն գնացքի տակ գցելով: Նա մտածում էր. «եթե այստեղ խաղաղություն չի գտնում, գուցե այնտեղ՝ հանդերձյալ կյանքում գտնի»: Նա համոզված էր, որ Քրիստոսը հաստատ չի հայտնվի իրեն, քանի որ չկարողացավ ազատել Ինքն իրեն, ապա ինչպես կարող է օգնել մեկ ուրիշին:
   Այսպիսով՝ 1904 թվականի դեկտեմբերի 18-ին՝ երեկոյան, նա հրաժեշտ տվեց հորը՝ ասելով. «Մնաս բարով, հա՛յր, այլևս ինձ ողջ չես տեսնի, վաղը ինձ մեռած կգտնես»: Երբ հայրը սարսափած հարցրեց՝ ինչու, երիտասարդ Սունդարը պատասխանեց. «Ոչ կրոններն ինձ հանգիստ տվեցին, ոչ հարստությունն ու կրթությունը, ոչ էլ աշխարհի որևէ հաճույքը»: Հայրը լուրջ չընդունեց որդու հայտարարությունը՝ մտածելով, որ դա հուսահատության և ճգնաժամի հերթական պահ է:
   Սունդարը անկողին մտավ՝ առավոտյան ժամը հինգին գնացքի տակ նետվելու հաստատ մտադրությամբ: Բայց ահա դեռ հինգը չեղած նա արթնացավ, առանց անհանգստության նշույլի սառը լոգանք ընդունեց՝ ըստ սինգհիզմի կանոնների, վերադարձավ սենյակ, աղոթքի իջավ և շատ լուրջ, աչքերը դեպի երկինք ուղղած և բառերը հատ-հատ շեշտելով՝ դանդաղ արտաբերեց. «Ո՛վ Աստված, եթե Դու իսկապես գոյություն ունես, և եթե ես Քեզ համար որևէ բան արժեմ, խնդրում եմ, անձնապես հայտնվիր ինձ և ցույց տուր Քեզ, որպեսզի ճանաչեմ, թե ով ես Դու, և Քեզ մոտ գալու ճիշտ ճանապարհ ցույց տուր ինձ: Եթե Դու չհայտնես Քո անձը, և եթե ես չտեսնեմ Քեզ, ապա ինքնասպան կլինեմ: Ես շատ եմ հոգնել, և եթե Դու կաս, ապա տեսնում ես իմ վիճակը: Պատասխանի՜ր ինձ»:
   Առաջին րոպեներին ոչինչ չկատարվեց: Նա խորը հուսահատության մեջ ընկավ, կախեց գլուխը և անընդհատ նույն աղոթքն էր կրկնում՝ ավելի հաստատակամ խոսելով իր ինքնասպանության մասին: Նա նայեց ժամացույցին. գնացքի անցնելու ժամը մոտենում էր: Նա գլուխը կախ վերջին անգամ կրկնեց աղոթքը և լիովին հուսահատված փորձեց տեղից վեր կենալ: Բարձրացրեց գլուխը, բացեց աչքերը և անակնկալի եկավ: Սենյակի կենտրոնում իր առջև նա պայծառ լույսի ուղղաձիգ շող նկատեց: Նայեց դուրս. դեռ խավար գիշեր էր: Համոզվելու համար դուրս եկավ, և երբ վերադարձավ, լույսն ավելի էր պայծառացել և տարածվել ողջ սենյակով: Նա մի պահ վախեցավ՝ կարծելով, թե հրդեհ է, բայց հասկացավ, որ հրդեհի լույսը այդպես ճերմակ ու կանգուն չի լինում: Վերջապես սենյակը լրիվ լուսավորվեց: Սունդարը, կանգնած անստվեր լույսի մեջ, սկսեց գիտակցել, որ դա իր աղոթքի պատասխանն է: Նա փորձեց ավելի ուշադիր նայել լույսի կենտրոնին, բայց չկարողացավ: Նրա մտքի մեջ արագ հերթագայեցին կրոնների առաջնորդները: Մի քանի վայրկյան հետո, երբ ընտելացավ շլացուցիչ լույսին, կենտրոնում հստակ տեսավ Հիսուս Քրիստոսին: Նա չկարողացավ զսպել զարմանքն ու բացականչեց՝ ի՜նչ: Սունդարը զարմացավ, որ չտեսավ ավանդական աստվածներից մեկին: Նա ուշադիր նայեց Քրիստոսի հայացքին, աչքերին: Քրիստոսից աննկարագրելի ուրախություն, խաղաղություն և սեր էր ճառագում: Քրիստոսն անսահման սիրով նայում էր Սունդարին ու քիչ անց հնդկերենով հարցրեց. «Ինչո՞ւ ես հալածում ինձ: Չէ՞ որ Ես մեռա ու հարություն առա քեզ համար»: Սունդարը թեև անմիջապես չհասկացավ, թե ինչի մասին է խոսքը, բայց գիտակցեց, որ Քրիստոսը ողջ է, Նա կենդանի անձնավորություն է, խոսում է և հիմա իր առջև է: Նա զգում էր, որ Քրիստոսի խոսքերի մեջ բարկության կամ մեղադրանքի նշույլ անգամ չկա: Սունդարն այնուհետև նկատեց Քրիստոսի՝ դեպի իրեն պարզված ձեռքերի սպիները: Նա անմիջապես երկյուղածությամբ ծունկի իջավ Քրիստոսի առջև, զղջման, բայց նաև ուրախության արցունքներով լցված աչքերը հառեց Հիսուսին և ասաց. «Ների՜ր ինձ»: Այնուհետև նրա սիրտը այնպիսի վերմարդկային սիրով, ջերմությամբ, խաղաղությամբ ու ցնծությամբ լցվեց, որ մինչ այդ երբեք չէր զգացել: Նա գլուխը մինչև հատակ խոնարհեց և բերանքսիվայր երկրպագեց Հիսուսին: Քիչ անց, երբ Սունդարը գլուխը բարձրացրեց, լույսն արդեն աներևույթացել էր: Քրիստոսը տեսանելիորեն չէր երևում, բայց Նրա ուրախությունն ու խաղաղությունը ավելի էին լցնում Սունդարին և մինչև կյանքի վերջը չլքեցին նրա սիրտը:
   Նա ոտքի կանգնեց և լսեց դղրդոցով անցնող գնացքի սուլոցը: Նա հասկացավ, որ իր կյանքը անվերադարձ փոխված է, և ինքը հիմա ուրիշ մարդ է, լիովին նոր ծնված մարդ: Նա անմիջապես վազեց հոր սենյակը, արթնացրեց նրան և շատ սիրով ու մեղմությամբ ասաց. «Հայրի՛կ, ես տեսա կենդանի ու միակ Աստծուն՝ Քրիստոսին: Նա տվեց ինձ Իր խաղաղությունը: Ես հիմա շատ երջանիկ եմ: Այսուհետ ես Նրան եմ հետևելու, ես քրիստոնյա եմ դարձել, հայրի՛կ»: Հայրը, լիովին չհասկանալով որդու խոսքերը, ընդհատեց նրան. «Գնա քնիր, տղա՛ս, խելագարվե՞լ ես, ի՞նչ է, մի քանի օր առաջ Աստվածաշունչն այրեցիր, իսկ հիմա քրիստոնյա՞ ես դարձել»: Սունդարը պատասխանեց. «Այդ ամենը ճիշտ է, հայրի՛կ, բայց Նա ներեց ինձ: Ես անձամբ տեսա Նրան և Նրան ծառայելու որոշում ընդունեցի»: Հայրը, ասես սթափվելով, հարցրեց. «Բայց երեկ գիշեր դու մեռնել էիր ուզում»: Սունդարը խաղաղ պատասխանեց. «Այո՛ ես մեռա: Ես մեռա բոլոր կրոնների, աշխարհի, հաճույքների, հարստության ու ցանկությունների համար»: Հայրը շարունակեց. «Կատարվածը հավանաբար երևակայությանդ արդյունքն է»: Սունդարը պատասխանեց. «Ո՛չ, ես Նրան չէի սպասում, դա ոչ երևակայություն է, ոչ էլ երազ, որովհետև դա կատարվեց սառը լոգանքից հետո»: Հայրը, կարծես գիտակցելով կատարվածի իսկությունը, ասաց. «Գնա քնիր, վաղը ավելի մանրամասն կխոսենք, բայց ոչ ոքի չասես այդ մասին, ոչ ոքի, լսեցի՞ր»: շարունակությունը

Այլ թեմաներ

Թագավորի որդու խրատը։ Հիանալի խրատ բոլորիս համար

Ձեր գլխին թագ չկա...

Աստծու Խոսքը ծռողը անպայման վնաս կկրի (վկայություն)

Սուրբ Ծնունդ։ Լուռ գիշեր, սուրբ գիշեր․ (Երեք պատմություն)

Հեսուի գիրքը

Պարույր Սևակ

Աստված չի օգնում ստախոսներին։ Սա պետք է լսեն բոլորը