Տարօրինակ մարդ արարած

Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած
Մոմի լույսով` խավարի մեջ համատարած
Կհալածես դու տեսիլքներ արևավառ
Կխարխափես և խավարին չես հավատա:

Արցունքներիդ միգամածին խորին տմույն
Գիտես նայել արշալույսի ճաճանչներին
Սգի քողի տակ հուսալից դու սիրահար`
Կտառապես և վշտերիդ չես հավատա:

Վզիդ շղթա և թևերիդ ծանր կապանք`
Դու կփորձես արծիվներին վայել ճախրանք
Եվ այս կյանքի մեծ բանտի մեջ բազմակամար
Դու կխեղդվես` շղթաներիդ չես հավատա:

Փուշ ու տատասկ քեզ կարյունեն ճամփիդ վրա,
Բայց խոցոտված քո մատներով արյունլվա
Դու կորոնես ծաղիկների հոգին պայծառ,
Ցավից կոռնաս և ցավերիդ չես հավատա:

Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած
Քո ձեռքերով հողին կտաս կյանքեր ծաղկած
Կզգաս դեմքիդ մահվան քամին և հողմավար
Կընկնես անշունչ, սակայն մահվան չես հավատա:

Մուշեղ Իշխան