Վահան Տերյան

Պետք է համառ դեռ կիզեն,
Պետք է մաշեն՝ որպես խունկ,
Սիրտը մեր վիշտ ու երկունք-
Խոր է խորհուրդն ու վսեմ…

Պետք է տոկալ ու գթալ,
Պետք է այրվել ու սիրել
Եվ աննկուն համբերել,
Պետք է անվերջ հավատալ…

Նա թևերով հրավառ,
Նա զորքերով լուսեղեն
Գուցե գալիս է արդեն
Դեպի երկիրն իմ խավար:

Սի՛րտ, հավատա, որ լուսե
Վառ է մի նոր Բեթղեհեմ-
Գուցե պարզված են արդեն,
Բաց են թևերը բոցե…

Նա պիտի գա լուսեղեն,
Նա պիտի գա հրավառ-
Դեպի երկիրն իմ խավար.-
Խոր է խորհուրդն ու վսեմ...