Մի՛ ուշացիր

   Եվ մինչ Պողոսը խոսում էր արդարության, ժուժկալության եւ գալիք դատաստանի մասին, Ֆելիքսը, զարհուրած, ասաց. «Դու առայժմ գնա՛. երբ ժամանակ ունենամ, քեզ կկանչեմ»։ (Գործք առ. 24:25)
   Ամեն ոք չէ, որ ցանկանում է լսել արդարության և ժուժկալության, առավել ևս՝ գալիք դատաստանի մասին: Մարդիկ վախենում են իրենց խիղճն արթանացնել, վախենում են անցյալի մեղքերը հիշել: Սակայն մոռանում են, որ բոլոր անարդարների համար Աստծո գալիք դատաստանը պատժի միջոց է լինելու:
   Այդ մասին է հիշեցնում Ֆելիքսին Պողոսը, բայց նա ասաց. «Դու առայժմ գնա»: Ցանկանում էր սպասել ավելի պատեհ առիթի, բայց այդպես էլ երկրորդ առիթ չունեցավ, որովհետև նրան շուտով ազատեցին պաշտոնից:
   Քեզ համար էլ է գալու օրը, երբ հարց է տրվելու, թե՝ «ինչպիսի՞ն է քո դիրքորոշումը Հիսուսի հանդեպ»: Եվ այդ առիթը հնարավոր է, որ քեզ տրվի վերջին անգամ: Եթե հետաձգես որոշումդ, հետո շատ ուշ կլինի: Շատերին թվում է, թե մահվան վերջին պահին էլ ընտրության առիթ կունենա: Սոսկալի թյուրիմացություն:
Չգիտենք, թե երբ է հասնելու մահը, չգիտենք, թե ինչպիսի մահով ենք մեռնելու:
Աստծո այս ազդարարությունը թող զգուշացնի մեզ: Այսօ՛ր է ապաշխարելու առիթը՝ վերստին դառնալու Հիսուսին: