Տարիներ առաջ մի հարուստ ու ազդեցիկ մարդ է լինում: Մի օր նրա կրտսեր որդին ձիով վերադառնում է որսից և սկսում է մի խեղճ գյուղացու ցանած ու նոր ջրած արտի միջով անցնել: Արտում աշխատող գյուղացու տղան խնդրում է նրան, որ չանցնի, բայց նա չի լսում: Արգելելու համար տղան նրա առջև է դուրս գալիս, իսկ նա, կարծելով, թե իր վրա է հարձակվում, կրակում է տղայի վրա։ Տղան մահանում է:
Մեռած տղայի հայրը ոչ մի վկա կամ փաստաբան չի ունենում: Դատավարության ժամանակ դատավորին ասում է.
- Պարո՛ն դատավոր, վկաներս վախեցան գալ, և փաստաբան էլ չունեմ, ես աղքատ ու թշվառ մեկն եմ: Իմ պաշտպանն Աստված է, իսկ վկաներս արդարությունն ու ճշմարտությունն են:
Կարճ լռությունից հետո ամբաստանյալի առաջին վկան է կանչվում: Նա ասում է, որ ոճիրի օրը հարուստի տղան իրենց գյուղում է եղել, իսկ իրենց գյուղը ոճիրի վայրից շատ հեռու է: Ասում է, որ իրենք իբր միասին խնջույքի մեջ են եղել մինչև առավոտ, ուստի տղային զրպարտում են:
Երբ երկրորդ վկան է կանչվում, ժողովրդի մեջ մեծ իրարանցում է սկսվում, պարզվում է, որ առաջին վկան երբ դուրս է գալիս, ընկնում է և մեռնում: Երկրորդ վկան դողալով ասում է.
- Մենք սուտ վկաներ ենք։ Հարուստ տղայի հայրը մեզ 50-ական ոսկի է խոստացել. 25-ը կանխիկ է տվել և խոստացել է 25 ոսկին էլ հետո տալ: Այս ասելով` նա 25 ոսկին սեղանին է դնում:
Դատարանում խոր լռություն է տիրում, միայն լսվում են զոհված տղայի հոր խոսքերը.
- Ո՜վ Աստված, փառք Քեզ, արդարությունդ անմիջապես ցույց տվեցիր: Հարուստն իր ոսկիներին է ապավինում, իսկ ինձ պես աղքատներն՝ իրենց Աստծուն:
Դատարանը վճիռ է կայացնում, ըստ որի հարուստի տղան 15 տարի պիտի բանտարկվի և 250 ոսկի վճարի` 200-ը զոհված տղայի հորը՝ որպես արյան գին, իսկ 50-ը՝ դատավարության ծախսերի համար:
Որովհետև նա պիտի փրկի խեղճին, որ աղաղակում է, և աղքատին, որ օգնական չունի։ Սաղմոս 72:12
Բարի լուր