Հաշտ և անհաշտ ընտանիքները: (Խրատական պատմություն)

  Կողք-կողքի ապրում էին երկու հարևան ընտանիքներ. մեկը` հավատացյալ, մյուսը` անհավատ:
   Անհավատ զույգը շարունակ կռվում էր, իսկ հոգևորները միշտ հաշտ ու համերաշխ, լուռ ապրում էին:
   Մի օր անհավատ ընտանիքի կինն ամուսնուն ասում է.
- Գնա նրանց տուն և տե՛ս, թե ինչ են անում, որ իրենց ընտանիքում աղմուկ չկա և ինչն է պատճառը, որ խաղաղ ապրում են:
   Ամուսինը գնում և թաքնվում է մի հարմար տեղ և հետևում նրանց: Տեսնում է, որ հարևանի կինը լվանում է հատակը, բայց հանկարծ ինչ-որ բան շեղում է նրա ուշադրությունը, և նա գործը կիսատ թողնելով վազում է խոհանոց: Այդ պահին ներս է մտնում նրա ամուսինը և, չնկատելով ջրով լի դույլը, ոտքով դիպչում է և դույլը շրջվում. ամբողջ ջուրը թափվում է սենյակում: Այդ պահին գալիս է կինը և ամուսնուց ներողություն խնդրում` ասելով.
- Ների՛ր, թանկագինս, ես էի մեղավոր, դույլը հարմար տեղ չէի դրել... Ամուսինն առարկում է.
- Ո՛չ, դո՛ւ ինձ ներիր, ես ուշադիր չէի ու չնկատեցի դույլը…
Թաքնված հարևանը զարմացած վերադառնում է տուն: Կինը հարցնում է.
- Դե ասա, ի՞նչ պարզեցիր:
Ամուսինը պատասխանում է.
- Հասկանո՞ւմ ես, մեր ընտանիքում բոլորը ճիշտ են և անմեղ, իսկ նրանց ընտանիքում բոլորը մեղավոր են:
   Այո, երբ արդարանում ես և դիմացինին մեղադրում, երբեք չես ուղղվի, այլ հակառակը. կատես և կարհամարես ու արդյունքում կլինի անհաշտություն: Իսկ երբ առաջինը քեզ մեղադրես, խաղաղություն, սեր և համերաշխություն կշահես: