1952 թվականի Սուրբ Ծննդյան ցուրտ գիշերը, երբ Կորեան գտնվում էր քաղաքացիական պատերազմի մեջ, տեղի գյուղերից մեկի հենց փողոցում մի երիտասարդ կնոջ ծննդաբերության ցավերն են սկսվում:
Նա աղերսում է անցորդներին.
-Օգնեցե՛ք, խնդրում եմ, իմ փոքրիկը ծնվում է:
Ոչ ոք ուշադրություն չի դարձնում նրա վրա:
Մի միջին տարիքի զույգ է անցնում նրա կողքով և, կնոջը հրելով, քամահրանքով հարցնում է.
-Որտե՞ղ է հայրը…
Զույգը ծիծաղում է կնոջ վրա և հեռանում:
Կնոջ կծկումներն ավելի են ուժեղանում, և նա սկսում է ավելի շատ աղերսել մարդկանց օգնության համար: Սակայն՝ ապարդյուն:
Հանկարծ նա հիշում է մի միսիոների մասին, ով ապրում էր այդ գյուղում, ում մասին նա միայն լսել էր: Եվ կինը շտապ քայլերն ուղղում է այդ միսիոների տան ուղղությամբ:
Ցավից ու ցրտից դողալով՝ նա ձյան և մրրիկի միջով քայլում է դեպի այդ մարդու տունը: Բայց ձյունը շատ առատ էր, օրն էլ՝ մթնում էր:
Ի վերջո, հասկանալով, որ երեխան ուր որ է՝ կծնվի, իսկ մինչ այդ չի հասցնի գտնել միսիոների տունը, կինը պատսպարվում է մոտակա կամուրջի տակ: Հենց այդտեղ էլ՝ միայնության ու մթության մեջ, ծնվում է նրա երեխան՝ Սուրբ Ծննդյան այդ ցուրտ գիշերը:
Անհանգստանալով իր նորածին երեխայի համար՝ նա հանում է իր շորերը, դրանցով ծածկում փոքրիկին և ամուր գրկում, որ երեխան չմրսի:
Հաջորդ օրը, երբ միսիոները տանից դուրս է գալիս Սուրբ Ծննդյան նվերները բաժանելու, կամուրջի մոտ հասնելով՝ երեխայի ձայն է լսում: Հետևում է ձայնին և կամուրջի տակ հայտնաբերում ցրտից մահացած կնոջն ու նրա ձեռքերի մեջ բարձր լացող երեխային:
Միսիոները վերցնում է երեխային մոր ձեռքերի միջից և իր հետ տանում:
Երբ երեխան դառնում է տասը տարեկան, նրան որդեգրող հայրը՝ այդ միսիոները, պատմում է տղային, թե ինչպես է մահացել իր մայրը:
Տղան սկսում է լաց լինել՝ գիտակցելով այն զոհը, որ մայրն արել էր իր համար:
Հաջորդ առավոտյան վաղ արթնանալով՝ միսիոները տեսնում է, որ տղան տանը չէ և դուրս գալով տանից ու հետևելով ձյան վրա դրոշմված թարմ հետքերին՝ հասնում է այն կամրջի մոտ, որտեղ գտել էր մահացած մորն ու փոքրիկին:
Այն, ինչ տեսնում է միսիոներն այնտեղ, ապշեցնում է նրան. տղան, գրեթե մերկ, ծնկի էր եկել ձյան վրա և դողում էր: Երբ միսիոները ավելի է մոտենում տղային, լսում է նրա խոսքերը՝ «Մայրի՛կ, դու այս ցուրտը կրեցիր ինձ համար»:
Այս պատմությունը հիշեցնում է մեկ այլ մոր և Որդու մասին, ով մեծ զոհ արեց:
Մի ձմեռային գիշեր Հիսուս լքեց իր տունը, Իր փառքն ու դրախտային ջերմությունը, որպեսզի ծնվի այս անհյուրընկալ աշխարհում՝ ինչ-որ մի մսուրում: Մինչ Նա կծնվեր, Մարիամը՝ Նրա մայրը, չընդունվեց Բեթղեհեմի ոչ մի հարմարավետ իջևանում: Փոխարենը՝ նա լույս աշխարհ բերեց իր փոքրիկին մի ցուրտ մսուրի մթության մեջ:
Տիեզերքի Արարիչը՝ կատարյալ Դատավորը, Ով կարող էր ոչնչացնել աշխարհն ընդամենը մեկ բառի միջոցով, նախընտրեց դիմանալ ու անցնել տառապանքների ու չարչարանքների միջով ի՛նձ և քե՛զ համար:
Բիլլ Բրայթ