Մեկը քարոզչին հանդիմանեց, թե ճիշտ չէ մանուկներին կիրակնօրյա դպրոց ուղարկել և Սուրբ Գիրքն ուսուցանել, որ այդպիսի դաստիարակությամբ պետք չէ ներգործել դեռատի տարիքի երեխաների վրա, նրանց պետք է ազատ թողնել, որպեսզի իրենք գտնեն իրենց կյանքի ուղին: «Թող որ մեծանան, և երբ չափահաս դառնան, իրենք կընտրեն իրենց նախասիրած դավանանքը»,-ասաց նա:
Մի քանի օր անց քարոզիչն այդ մարդուն իր պարտեզը հրավիրեց: Վերջինս ընդունեց հրավերը և եկավ: «Անկարելի է սրան պարտեզ կոչել»,-գոչեց նա: Պարտեզում ցաքուցրիվ, անկանոն աճել էին տեսակ-տեսակ խոտեր: «Ես ոչ մի ազդեցություն չեմ գործել, թողել եմ, որ աճեն ազատ ու պտուղ տան` որն ինչ կուզի»,-ասաց քարոզիչը:
Մի՞թե սա մարդու բնական պատկերը չէ: Եթե Փրկիչ չունենք, եթե մեր հոգիները խնամող չունենք, միայն անպետք պտուղ կարող ենք տալ, քանի որ չարն է մտած մեր սրտի խորքը և ոչ թե բարին: Եվ որքան մեծանանք ու հասակ առնենք, այնքան ավելի կարծրանալու են մեր սրտերը և չենք ցանկանալու ապաշխարել: