Դժոխքը երկրի վրա չէ

   Ռոտերդամի զբոսայգիներից մեկում քարոզիչը փորձեց ավետարանել, բայց այգու տնօրենը կանխեց նրան` ասելով. «Պարո՛ն, այստեղ քարոզելն անօգուտ է»: «Ըդահակառակը, այստեղ է այն վայրը, ուր մարդիկ պիտի լսեն դեպի կյանք առաջնորդող ճանապարհի մասին», - եղավ պատասխանը: Տնօրենը շարունակեց երկխոսությունը. «Անդրաշխարհիկ դժոխքի գոյությանը ես չեմ հավատում, քանզի իսկական դժոխքն այստեղ է»: «Ո՛չ, ո՛չ, բարեկա՛մս, քեզ կասեմ, թե ինչու այստեղ չէ: Առաջին. ես հավատացյալ եմ, իսկ դժոխքում հավատացյալներ չեն լինելու: Երկորդ. այստեղ Սուրբ գրքեր կան, իսկ դժոխքում դրանք չեն լինելու: Երրորդ. դու այստեղ զովացուցիչ ըմպելիքներ ես վաճառում, իսկ դժոխքում անհագ ծարավ է լինելու: Չորրորդ. քիչ հետո ես այստեղից դուրս կգամ, իսկ դժոխք մտնողը այնտեղից դուրս գալ չի կարող»:
   Կատակ բան չէ դժոխք կոչվածը: Անհերքելի է դժոխքի գոյության փաստը: Դժոխք տանող ճանապարհից քեզ ազատելու համար Տեր Հիսուս Իր կյանքն է զոհել: Զոհել է, որպեսզի քեզ համար բացի երկնքի ճանապարհը:
   Երկինք գնալու համար երկու բան է անհրաժեշտ. նախ, որ ընդունենք, որ մեղավոր ենք ու խոստովանենք մեր մեղքերը, երկրորդ` հավատանք Տեր Հիսուսի կատարած քավության գործին: