Սատանային հակառակ կանգնեք...

   Սատանային հակառակ կանգնեք և ջանացեք ճանաչել նրա խարդավանքները: Նա իր դառնությունը սովորաբար ծածկում է քաղցրության անվան տակ, որպեսզի չբացահայտվի և արտաքինից տարբեր տեսակի գեղեցիկ խաբկանքներ է սարքում, որոնք, սակայն, գործնականում բոլորովին էլ այդպիսին չեն, որպեսզի գրավի ձեր սրտերը' խորամանկությունը նմանեցնելով ճշմարտությանը, որը չափազանց հրապուրիչ է: Այդ նպատակի համար են նրա բոլոր հմտությունները, որպեսզի ամբողջ ուժով հակառակ կանգնի Աստծուն լավ ծառայող յուրաքանչյուր հոգուն:
   Նաև բազում և ամենատարբեր կրքեր է առաջացնում հոգու մեջ Աստվածային հուրը մարելու համար, որի մեջ է ամբողջ զորությունը, հատկապես նվաճում է մարմնի հանգստությամբ և դրա հետ կապված մյուս բաներով: Իսկ երբ վերջապես տեսնում է, որ նման ամեն ինչից զգուշանում են և իրենից ոչինչ չեն ընդունում և ոչ մի հույս չեն տալիս, որ երբևէ կլսեն իրեն, ամոթով հետ է քաշվում նրանից:
    Այդ ժամակակ բնակվում է նրանց մեջ Աստծո Հոգին: Իսկ երբ նրանց մեջ Աստծո Հոգին է բնակվում, ապա նրանց հանգստություն է տալիս կամ հանգիստ վայելել բոլոր գործերում և քաղցր է դարձնում Աստծո լուծը կրելը, ինչպես գրված է Ավետարանում. Ձեզ համար հանգիստ պիտի գտնեք (Մատթ.11,29), թեև նրանք վերցրել են և կրում են Նրա լուծը: Այդ ժամանակ նրանք անձանձիր կդառնան ինչպես առաքինության գործերի, այնպես էլ հնազանդության և գիշերային հսկումների մեջ, չեն բարկանա մարդկային զրպարտությունների դեպքում, ոչ ոքից չեն վախենա' ո'չ մարդուց, ո'չ գազանից, ո'չ ոգուց, որովհետև Աստվածային ուրախությունը զօրուգիշեր նրանց մեջ կլինի, կպայծառացնի նրանց միտքը և կկերակրի նրանց: Հոգին այդ ուրախությամբ կաճի և ամեն ինչի համար պիտանի կլինի կամ կատարյալ և նրանով երկինք կբարձրանա:
(Սուրբ Անտոն Մեծի ոսկի խոսքերից)