Այդ օրը ես համոզված էի, որ մարդ եմ սպանել…

 Բժշկի դարձի ուղին
   Ազգությամբ սերբ բժիշկ-մանկաբարձ Ստոյան Ադաշևիչը, որն իր կյանքում կատարել է 48 հազար արհեստական վիժեցում (աբորտ), դարձել է արհեստական վիժեցումների դեմ պայքարի կազմակերպիչը Սերբիայում:
   Ադաշևիչը նշում է երկու պատճառ, որոնք օգնեցին իրեն դառնալ կյանքի պաշտպան. ոչ սովորական երազների շարքը և բավական սարսափելի ու տարօրինակ մի ապրում, որն ունեցել է մի օր՝ կատարելով թվացյալ սովորական մի «վիրահատություն»: Այս ամենի մասին նա գրում է իր «Առաջին ժամը» վավերագրական գրքում:
   «Երեք ամսական պտուղն արդեն լիովին ձևավորված է, նա ձեռքերի ու ոտքերի վրա ունի մատներ: Նրա օրգանիզմի բոլոր օրգաններն ու համակարգերը զարգացած են: Երեխան ունի մատնահետքեր, շնչում է ամնիոտիկ հեղուկով՝ մոր արգանդում պատրաստվելով կյանքի:
   ....Դա ինձ համար պետք է լիներ մի սովորական վիրահատություն: Երեխան 3-4 ամսական էր… Վիրահատության կեսին, երբ կարծում էի, թե տեսնելու եմ ընդամենը ոսկորների մասնիկներ, ձեռքումս տեսա մարդկային սիրտ, որը սեղմվում և լայնանում էր ու բաբախում, բաբախում, բաբախում… Ես կարծում էի, որ կխելագարվեմ: Նայում էի այդ սրտի տրոփյունին, որ գնալով մարում էր ավելի ու ավելի, մինչև որ դադարեց: Այդ օրը ես համոզված էի, որ մարդ եմ սպանել…
   Մեզ սովորեցրել էին, որ կյանքն սկսվում է երեխայի առաջին ճիչով, իսկ մինչ այդ պահը մարդկային արարածը նման է կնոջ մարմնում մի սովորական օրգանի, այն նման է կույր աղիքի, և կնոջ մարմնից դրա հեռացումը սպանություն չէ:
   Սովորեցրել էին, որ միայն առաջին ճիչն արձակած երեխան կարող է սպանվել, և եթե նա առաջին ճիչը չի արձակել, ապա խոսք չկա սպանության մասին: Ահա թե ինչու, երբ մենք արհեստական վիժեցումներ էինք իրականացնում հղիության արդեն մեծ ժամկետներում, մոր անգանդից հանելուն պես երեխային գլխով ընկղմում էինք ջրի մեջ: Երեխան օդի փոխարեն ջուր էր հավաքում թոքերի մեջ և չէր ճչում: Եվ այդպիսով, դա այլևս սպանություն չէր համարվում: Սարսափելի է, բայց այդպիսին էր մեր մտածողությունը…»:
   Այդպիսով, դեռ չծնված երեխայի կյանքը արհեստականորեն դադարեցնելն ու սպանելը բարոյապես «թույլատրելի էր»: Ե՛վ մեկը, և՛ մյուսը «օրինական էր»: Ադաշևիչն ասում է, որ արհեստական վիժեցումների ու հղիության ընդհատման ընդունելիության վերաբերյալ իր կասկածները հաստատվում են մի երազից հետո:
   Երազում նա կանգնած է լինում մի գեղեցիկ դաշտում, որը լի էր երեխաներով ու երիտասարդներով. նրանք խաղում էին, ծիծաղում, բայց հենց որ իրեն էին տեսնում, վախեցած հեռու էին փախչում: Եվ մի սև ու սպիտակ հագուստով մարդ լուռ նրան էր նայում:
   «Երազը կրկնվում էր ամեն օր, և ես սառը քրտինքը ճակատիս արթնանում էի: Մի գիշեր, երբ երազը կրկնվեց, ես հարցրի այդ մարդուն.
-Ովքե՞ր են այս երեխաները:
-Դրանք այն երեխաներն են, որոնց դու սպանել ես արհեստական վիժեցում անելով և հղիություններն ընդհատելով,- պատասխանեց ինձ նա»:
   Այս դեպքերից հետո Ադաշևիչը դիմում է հիվանդանոցի տնօրինությանն ու ասում, որ այլևս արհեստական վիժեցումներ չի կատարելու: Եվ կյանքի պաշտպան դառնալը մեծ գին է ունենում նրա համար:
   «Նրանք կրկնակի կրճատեցին իմ աշխատավարձը, աղջկաս հեռացրին աշխատանքից, իսկ իմ որդուն թույլ չտվեցին համալսարան ընդունվել»:
   Այդ ժամանակից սկսած՝ Ադաշևիչը շատ ջանքեր է թափել մարդկանց սրտերն ու մտածելակերպը փոխելու համար: Նա Սերբիայի հեռուստատեսությունում սկիզբ է դրել կյանքի պաշտպանությանն ուղղված վավերագրական հաղորդաշարին: Նրա դարձի ճանապարհը սարսափելի էր, բայց օրինակ՝ շատերի համար: Որքան էլ տարօրինակ է, ինքը՝ Ադաշևիչը, իր կյանքով պարտական է մեկ այլ բժշկի, որն արհեստական վիժեցում կատարելիս սխալ էր թույլ տվել:
   Հիմա նա գիտի, թե ինչ ասի այս աշխարհին արհեստական վիժեցումների մասին: Դիտեք նաև այս տեսանյութը
Բարի լուր