Նրա սիրտը սարսափից թուլացավ...

   Հարևան գյուղում ապրող քույրիկը հիվանդացել էր: Գյուղը հեռու չէր՝ ընդամենը տասներկու կիլոմետր, բայց ճանապարհն անցնում էր անմարդաբնակ վայրերով՝ դաշտերի միջով, մեծ անտառի կողքով, որտեղ, ասում են, գայլեր են հայտնվել: Խոսակցություններ էին տարածվել, որ գայլերը հոշոտել են մի կնոջ:
   Ավտոբուսով, շրջկենտրոնով գնալու դեպքում մի քանի օր ժամանակ էր պահանջվում: Վանյան խորհրդակցեց կնոջ հետ, աղոթեցին, և որոշեց գնալ կարճ ճանապարհով, հեծանվով: Կինը քաղցրավենիք, ընծաներ պատրաստեց քրոջ երեխաների համար, քրոջ համար` ինչ-որ դեղեր և օրհնելով ճանապարհ դրեց ամուսնուն:
   Քեռի Վանյան քրոջ մոտ հասավ առանց պատահարի: Հորդորեց և մխիթարեց նրան, երեխաներին տվեց քաղցրավենիքը, աղոթեցին միասին, և օրվա երկրորդ կեսին ճանապարհվեց տուն: Ահա ավարտվում է անտառը, մնացել է մի ոչ մեծ բլրակ, ապա դաշտերը, և արդեն տուն կհասնի: Քեռի Վանյան ուզեց իջնել հեծանվից, որպեսզի ոտքով գնա, քանի որ բարձրանալիս հեծանվի ոտնակները պտտելը դժվար է: Բայց նոր էր ոտքը գետնին կպել, երբ ակամա ետ նայեց և… նրա սիրտը սարսափից թուլացավ. հետևից վազում էին երկու գայլ:
   Նա անմիջապես ցատկեց հեծանվի վրա և ամբողջ ուժով պտտեց ոտնակները: Բայց բլուրն ի վեր այն քան էլ արագ չես գնա, իսկ գայլերը մոտենում էին: Երբ արդեն մնացել էր մի տասը մետր, քեռի Վանյան հասկացավ, որ փախչել չի հաջողվի: Նա մի կողմ դրեց հեծանիվը, շրջվեց դեմքով դեպի գայլերը և ընկավ ծնկների վրա: «Տե՜ր Աստված: Ես գիտեմ, որ Դու ամենազոր ես, Դու կարող ես գայլերի բերանը փակել, ինչպես մի ժամանակ փակեցիր առյուծների բերանը` պաշտպանելով Դանիելին, Քո ծառային: Ես ոչինչ չունեմ հպարտանալու, ես այնպես ուժեղ և խիզախ չեմ, ինչպես Դանիելը, բայց Դու, ո՛վ Տեր, նույնն ես, Դու կարող ես ինձ պաշտպանել»:
   Աչքերը բացելով` քեռի Վանյան տեսավ, որ գայլերը նստել են իրենից ոչ հեռու և աչքերը չռել են իր վրա: Նա նորից սկսեց ջերմեռանդորեն խնդրել Տիրոջ օգնությունը: Բայց գայլերը տեղից չէին շարժվում: «Բայց եթե Դու, ով Հայր, - աղոթում էր նա,- ուզում ես դադարեցնել իմ կյանքը, թող Քո կամքը լինի: Պատրաստի՛ր ինձ Քեզ հետ հանդիպմանը և վերցրո՛ւ իմ հոգին»:
   Բացելով աչքերը` քեռի Վանյան տեսավ, որ գայլերը շրջվելով փախչում են ճանապարհով` հեռանալով իրենից: «Նշանակում է դեռ այս երկրից գնալու ժամանակը չէ», - որոշեց նա և մեծ երախտագիտությամբ խոնարհվեց Տիրոջ առջև՝ փառաբանելով Նրան սքանչելի ողորմության համար: Ապա վերցրեց հեծանիվը և գնաց ճանապարհով` ուրախանալով հրաշքի համար:

Կիրակնօրյա դպրոցի
''Наследие'' ժողովածուից