Սաղմոս 12
1 Փրկիր, Տեր, որովհետեւ սուրբերը պակասվեցան. Որովհետեւ հավատացեալները քիչացան մարդկանց որդիների միջից։ 2 Ամեն մարդ զուր բան է խոսում իր ընկերի հետ. նենգավոր շրթունքներով եւ կեղծ սրտով են խոսում։
3 Տերը կկտրե ամեն նենգավոր շրթունքները, եւ մեծ բաներ խոսող լեզուն, 4 Որ ասում են՝ թե Մեր լեզուներովը զորավոր ենք, մեր շրթունքները մեզ հետ են. Ո՞վ է տեր մեզ համար։ 5 Խեղճերի նեղութեան և աղքատների հառաչելու համար հենց հիմա վեր կկենամ, ասում է Տերը. Փրկութեան մեջը կդնեմ նրան որ փափաքում է նրան։ 6 Տիրոջ խոսքերը մաքուր խոսքեր են, ինչպես արծաթ որ բովի մեջ երկրի վրա սրբված և յոթն անգամ պարզված է։ 7 Դու, Տեր, կպահես նրանց, և կապրեցնես նրանց այս ազգիցը մինչեւ հավիտեան։ 8 Ամբարիշտներն ամեն կողմով ման են գալիս՝ երբոր անպիտանները բարձրանում են մարդկանց որդիների մէջ։
Հզոր զենքը
Տե՛ր Աստված, Դու մեզ հզոր զենք ես տվել, իսկ մենք թույլ ենք տվել, որ այն ժանգոտվի: Մենք թույլ ենք տվել, որ այդ հզոր ուժը անտարբերության մատնվի, և այն նիրհել է: Մի՞թե սեփական մարմնի հանդեպ հանցագործություն չի լինի, եթե մարդուն տան աչք, բայց նա չցանկանա այն բացել, կամ տան ձեռքեր, բայց նա չցանկանա դրանք բարձրացնել...
Տե՛ր, Դու արևին լույս ես տվել, և այն փայլում է այդ լույսով, աստղերին էլ ես տվել լույս, և նրանք առկայծում են, Դու տվել ես քամուն ուժ, և նա փչում է:
Տե՛ր, Դու Քո զավակներին տվել ես մի պարգև, որն այս ամենից առավել է, բայց նրանք չեն օգտվում այդ պարգևից: Նրանք գրեթե մոռացել են, որ կարող են օգտվել այդպիսի ուժից և շատ հազվադեպ են օգտագործում այն, բայց չէ՞ որ այդ զենքը կարող է հազարավոր մարդկանց օրհնության առիթ հանդիսանալ:
Հռոմեական կայսր Կոնստանտինը տեսել էր, որ հին ժամանակների ոսկե դրամների վրա կայսրը պատկերված է հաղթական դիրքով կանգնած: Իսկ նա, հակառակը, հրամայեց, որդրամի վրա իրեն պատկերեն ծնկած. «Հենց ա՛յս ճանապարհով եմ ես հաղթանակի հասել»:
Մենք երբեք հաղթանակ չենք տանի հենց այն պատճառով, որ չենք աղոթում: Վերադարձի՛ր Աստծուն և խոստովանի՛ր Նրան, որ թեև ունեիր այդ զենքը, բայց պատերազմի օրը փախուստի դիմեցիր:
Եկե՛ք Աստծուն և խոստովանեք ձեր պարտությունը: Եթե հոգիները չեն գալիս ապաշխարության, դա ոչ թե այն պատճառով է, որ Աստված չի կարող փրկել, այլ` որովհետև դուք չեք պայքարում մեռնող մեղավորների դարձի գալու համար այնպես, ինչպես բժիշկն է ծննդաբերության ժամանակ պայքարում ծնվող փոքրիկի կյանքի համար:
Չարլզ Սպերջեն
Դեպի Ինձ դարձեք
12 Սակայն հիմա էլ, ասում է Տերը, դեպի Ինձ դարձեք ձեր բոլոր սրտովը, եւ ծոմով ու լացով եւ սգով։ 13 Եւ պատառեցեք ձեր սրտերը, ու չէ թե ձեր հանդերձները, եւ ետ դարձեք դեպի ձեր Տեր Աստվածը, ըստ որում ողորմած եւ գթած է, երկայնամիտ եւ բազումողորմ եւ զղջացող չարիքի համար։ Հովել 2գլուխ