Վկայություն դժոխքի մասին
Իգոր եղբոր վկայությունը «Բեթանիա» եկեղեցում, 2.04.2006թ
Մի աղոթքաժողովի ժամանակ ես տեսիլք տեսա: Աղոթքաժողովին ներկա ժողովուրդն ու ես քայլում էինք այգում: Առավոտ էր, օդը` մաքուր, սքանչելի բնություն` ինչպես դրախտում: Մենք քայլում էինք, ուրախանում բնությամբ, մեր Տիրոջով, և փառաբանում էինք Նրան: Հանկարծ մեկ ակնթարթում ամեն բան փոխվեց, մենք հայտնվեցինք անապատում: Անապատում օդն այնքան այրող և ծանր էր, որ ես շնչահեղձ էի լինում, շնչել հնարավոր չէր: Ես սարսափեցի. քիչ առաջ այնքան հրաշալի էր. ետ դարձա, որ պատսպարվեմ ծառերի ետևում…
բայց, ավաղ, ոչ մի ծառ կամ այգի չկար, կային միայն հսկայական ավազի կույտեր, որտեղից քամին ավազը բերում, լցնում էր աչքերիս, քթիս ու բերանիս մեջ: Շատ դժվար էր շնչելը: Ես հասկացա, որ գտնվում եմ հենց անապատի կենտրոնում և պետք է անցնեմ
անապատը: Ես մտածում էի. «Իսկ ինչպե՞ս եմ ես անցնելու այդ անապատը, ինչպե՞ս եմ դուրս գալու այդտեղից»: Տեսիլքն ավարտվեց:
Աղոթքից հետո ես ասացի. «Սիրելի՛ բարեկամներ, մեզ «անապատ» է սպասվում, և ոչ ոք չի կարող խուսափել դրանից, միայն փորձությունների տեսակները կարող են տարբեր լինել»:
Մեկ ամիս չանցած ես ծանր ավտովթարի ենթարկվեցի և երկու ամսից ավելի անգիտակից մնացի: Այդ ժամանակահատվածում, թե ինչպե՞ս` չգիտեմ, ես հայտնվել էի մի արտասովոր վայրում. դա ոչ դրախտ էր, ոչ էլ դժոխք: Այդ վայրում շատ մարդիկ կային, այնքան շատ, որ մեկը մյուսին կիպ կպած էին անցնում: Երբեմն մարդիկ անցնում էին իմ միջով, կամ ես էի անցնում մեկ ուրիշի միջով ու նեղություն չէինք տալիս իրար: Առաջինը, որ նկատեցի և եզրակացություն արեցի` դրանք կենդանի մարդկանց մարմիններ չէին: Դրանք մարդկանց հոգիներ էին, որոնց մեջ ես էլ էի. ես տեսնում էի, թե նրանք ինչ են անում և ինչպես են իրենց զգում: Նրանց վրա կապանք կամ ձեռնաշղթա չկար, նրանք ազատ տեղաշարժվում էին այդ վայրում: Եվ հանկարծ ես սոսկալի աղաղակներ լսեցի: Բոլոր այդ հոգիները, ձեռքերը վեր բարձրացրած, գլուխներն իջեցրած, աղաղակում էին առ Աստված ու ներողություն խնդրում: Ես տեսնում էի նրանց արցունքները և լսում երկրի վրա կատարած գործերի համար զղջման խոսքերը: Նրանք շատ էին զղջում, որ մեղանչել և անօրինություն էին գործել: Ես չլսեցի, որ նրանք ասեին. «Ես գող, հարբեցող, թմրամոլ, պոռնկացող կամ շնացող և այլն եմ»: Այսինքն` մեր մարդկային հասկացողությամբ ծանր ու լուրջ մեղքերի վերաբերյալ չէր նրանց խոստովանությունը, այլ այնպիսի մանրուքների (մարդկային մտածելակերպով), որոնց մենք նույնիսկ ուշադրություն չենք դարձնում երկրային կյանքում: Ես լսում էի մարդկային սրտի իրական զղջում ու խոստովանություն: Նրանք ներողություն էին խնդրում այն բանի համար, որ ցավ են պատճառել եղբորը, քրոջը, ամուսնուն, կնոջը և այլոց, նրա համար, որ մարդկանց տառապանք են պատճառել և չարություն են արել: Նրանք ներողություն էին խնդրում, որ դատել, չարախոսել, արհամարհել են մարդկանց, իրենց ուրիշներից բարձր են դասել: Իրենց հպարտության մեջ ուրիշներին վերևից են նայել և համարել են, որ նրանք արժանի չեն Աստծու ողորմությանը, իսկ իրենք լավն են և արդար են Աստծու առաջ: Բայց ավաղ, նրանք հայտնվեցին այստեղ և Աստծուց ներողություն ու ողորմություն էին խնդրում` գիտակցելով, որ այն, ինչ իրենք արել են` մեղք է: Նրանք դա որպես չզղջացած մեղք խոստովանում էին Աստծուն: Այս ամենից ես եզրակացրի, որ նրանք բոլորը հավատացյալ մարդիկ էին ու գիտեին, որ այն, ինչ արել են` մեղք է: Բայց թե ո՞վ էր նրանց հասկացնում ու նրանց գիտակցությանը հասցնում իրենց հոգևոր վիճակը Աստծու առաջ` ես չգիտեմ:
Աստծու առաջ չզղջացած ամեն մեղք, որ Աստված չի մաքրել մարդուց, մնում է մարդու վրա և նրան չի թողնում մտնել Աստծու թագավորությունը: Ես հասկացա, որ այդ բոլոր մարդիկ, ինչպես և մենք, հաճախել են պաշտամունքների, համարել են իրենց Աստծու Խոսքի համաձայն ապրող լավ քրիստոնյաներ: Եվ նրանց բոլորին ասված էր. «Մինչև դատաստան»: Նրանք անհամբեր սպասում էին այդ դատաստանի օրվան, երբ Աստված կքննի իրենց գործերը, ողորմություն կանի ու կհանի այդ սոսկալի տեղից: Բայց դա միայն նրանց հույսն էր, որովհետև դա հաստատված չէ Աստծու խոսքով:
Երկրորդ. ես ուսումնասիրում էի այդ մարդկանց, ուզում էի հասկանալ նրանց և իմանալ, թե որտեղ եմ գտնվում: Սա ի՞նչ տեղ է: Ես տեսա, որ յուրաքանչյուրի գլխավերևում կային խոշոր ու մանր միջատներից բաղկացած «ամպեր», որոնք չար էին և ցավ պատճառելով խայթում էին նրանց: Մարդիկ ծածկված էին մոխրագույն պատմուճանի նման ինչ-որ բանով: Ես նայում էի նրանց, սարսափելի խղճում ու ցավում էի նրանց համար: Այդ մարդիկ անդադար աղոթում էին: Երկրի վրա ես այդպիսի աղոթքներ չեմ լսել. նրանք աղոթում էին` ուշադրություն չդարձնելով ուրիշներին: Նման աղաղակ, հուսահատություն, նման վայնասուն, որ հնչում էր առ Աստված` շնորհի և ներման համար, ես դեռ չեմ լսել: Մեր մարդկային հասկացողությամբ փոքր մեղքերը ոչ մի նշանակություն չունեն Աստծու համար, բայց դա այդպես չէ. Աստծու չափանիշներն այլ են, մարդունը` այլ: Մարդը պետք է զղջա Աստծու առջև, որպեսզի Աստված ներում շնորհի գործած մեղքերի համար: Բայց այդ մարդիկ, ապրելով երկրի վրա, մեղանչել են և չեն զղջացել, ու այդ բեռով գնացել են հավիտենություն: Այնտեղ նրանց բոլորին մեկ բան էր ասված. «Մինչև դատաստան»:
Իմ ձախ կողմից, 50մ հեռավորության վրա մի ահռելի կրակե պատ էր: Այն շատ զարհուրելի էր, սարսափելի աղմուկով ու գվվոցով դուրս էր գալիս գետնի տակից ու բարձրանում շատ վերև: Պատի հետևում մի տարածություն կար, որը լի էր մարդկանցով և չափերով ահռելի մեծ էր: Ես հասկացա, որ դա դժոխքն էր` մարդիկ այնտեղ էին գնում մեծ արագությամբ, առանց կանգ առնելու. դժոխքը քաշում էր նրանց: Ինչպես հզոր փոշեծծիչը քաշում է փոշին, այնպես էլ մարդիկ ներքաշվում էին դժոխք: Մարդը Աստծուն աղաղակելու ոչ մի հնարավորություն չուներ, նույնիսկ չէր կարող մտածել, թե ուր է գնում: Ես սարսափեցի այդ տեսարանից և ասացի. «Տե՛ր Աստված, ի՜նչ մեծ թվով մարդիկ են, և այս բոլորը գնում են կործանման` առանց կանգ առնելու...»: Երբ ես խոսում էի և անհանգստանում` տեսնելով այդ մարդկանց և նրանց կլանող դժոխքը, ուշադրություն դարձրի ինձ վրա: Իսկ ես ինչո՞ւ եմ այստեղ: Ես հավատացյալ եմ 1957թվականից, ճանաչում եմ Աստծուն, Նրա ձայնը, և շատ անգամ զգացել եմ Նրա ողորմությունը իմ կյանքում: Երբ դիմել եմ Նրան, ստացել եմ դրական պատասխան: Ինչո՞ւ եմ ես հայտնվել այստեղ: Ինչո՞ւ: Ես սկսեցի վերլուծել իմ կյանքը, բայց մեղք չգտա: Ես դիմեցի Աստծուն. «Տե՛ր, բացատրի՛ր ինձ, ցո՛ւյց տուր իմ մեղքը, ցո՛ւյց տուր` ի՞նչ մեղանչական կամ չար բան եմ արել իմ երկրավոր կյանքում և ինչի՞ համար եմ ես այստեղ: Խնդրո՜ւմ եմ, պատասխանի՛ր ինձ, իմ միակ հարցին. «Ինչո՞ւ եմ ես այստեղ»: Այս մարդիկ, որ գտնվում են իմ շուրջը, գիտեն իրենց մեղքը` նրանք սուրբ կյանք չեն ապրել, մեղանչել են և չեն զղջացել Քո առջև: Ասա ինձ, խնդրում եմ, ինչո՞ւմ եմ ես մեղավոր: Ես ուզում եմ իմանալ»:
Բայց ոչ մի ձայն, ոչ մի բացատրություն չկար: Բացարձակ լռություն էր: Իմ չորս կողմը պատ էր, այնպիսի զգացում էր, որ պարզապես Աստված չկա: Այդ լռությունից ես այնպես վհատվեցի, այնպիսի լքվածություն զգացի, այնպիսի անելանելի վիճակի մեջ էի, որ մտածեցի. «Ամեն բան վերջացա՛վ: Վե՞րջ: Ես այստեղ եմ: Իսկ ապագան բոլորովին անհայտ է»:
Այսպես մտածելով և խորհելով` ես սկսեցի աղաղակել Աստծուն: Ես գոռում էի այնպես, ինչպես գոռում էին բոլորը` չխնայելով թոքերս: Աղաղակում էի. «Պատասխանի՜ր ինձ, Տե՛ր, ինչո՞ւ եմ ես այստեղ»: Եվ այդ ժամանակ, երբ ես աղաչում էի Աստծուն պատասխանել ինձ, հանկարծ ամբողջ դժոխքը դողաց, դղրդաց, շարժվեց ու ցնցվեց: Շուրջն ամեն բան տապալվում էր, կարծես մի մեծ փլուզում էր սկսվել: Մեծ քարեր էին ընկնում վերևից, ինչպես երկրաշարժի ժամանակ, և ծածկում այդ սանդարամետը: Բոլոր մարդիկ կանգնեցին, ես էլ սարսափահար կանգ առա. սարսափելի որոտ էր ու թնդյուն: Այդ պահին միտք ծագեց. «Այդ ինչ-որ ուժ է ցնցում դժոխքը, միգուցե Ինքը` Աստված է իջել այստեղ»: Հանկարծ, ինձնից ոչ հեռու, ես լույսի բռնկում տեսա և դրա միջից հայտնվեց Աստծու հրեշտակը: Նա շատ բարձրահասակ էր, պատկառազդու, ամբողջովին սպիտակ հանդերձներով: Նրա հագուստը երկար էր և ամբողջովին շողում էր:
Հրեշտակը դեպի ինձ էր գալիս, իսկ մարդիկ ճանապարհ էին բացում նրա համար` կազմելով կենդանի միջանցք: Երբ հրեշտակը մոտեցավ, ձախ ձեռքն ուղղեց դեպի ինձ և ասաց. «Կյանք»: Ես հասկացա, որ դա լավ է, որ հույս է ներշնչում: Բայց ինձ մոտ հարց առաջացավ. «Ո՞ւմ էր նա դիմում»: Քանի որ իմ շուրջը շատ մարդիկ կային, ես նայեցի նրանց` տեսնելու համար, թե նրանցից ո՞վ ուշադրություն դարձրեց հրեշտակի խոսքին: Ես ոչ ոքի չտեսա, որ արձագանքեր նրան և այդ ժամանակ հասկացա, որ խոսքն ինձ էր ուղղված: Ինչ-որ հուզող զգացմունք առաջացավ մեջս: Այդ խոսքը մտավ իմ մեջ, լցրեց ինձ, այն իմ մեջ էր: Ինձ մոտ հավատ առաջացավ, բացարձակ վստահություն, որ Աստված ինձ ողորմություն է անում և հանում այդ վայրից, որ ես դեռ կապրեմ և առողջ կլինեմ, կտեսնեմ իմ հարազատներին:
Այնտեղ ես շնորհակալություն հայտնեցի Աստծուն, փառաբանեցի Նրան և ասեցի. «Շնորհակալ եմ, Տե՛ր Աստված, որ չթողեցիր ինձ այս զարհուրելի վայրում և հիմա ինձ ողորմություն ես շնորհում»:
Հրեշտակն իմ աջ ձեռքից բռնեց և ասաց. «Գնացինք, ես քեզ մի բան ցույց կտամ»: Երբ մենք գնում էինք, մարդիկ մեր առջև ճանապարհ էին բացում: Հրեշտակն ինձ հարցրեց. «Դու ուշադրություն դարձրի՞ր այդ մարդկանց վրա»: Ես պատասխանեցի. «Իհա՛րկե, ես ուշադիր դիտում էի նրանց և մտածում, թե ինչո՞ւ են նրանք այստեղ: Նրանք մեծ սուգով, տրտմությունով և մեծ կարիքով դիմում են Աստծուն, որ ողորմություն անի և ների իրենց»: Հրեշտակն ասաց. «Այո, բայց ես քո ուշադրությունը դրա վրա չեմ ուզում հրավիրել: Դու ուշադրություն դարձրի՞ր այդ հանգամանքում նրանց վարքին: Նրանք միմյանց սովորեցնո՞ւմ են, թե ինչպես է պետք աղոթել և աղաղակել Աստծուն` շշուկո՞վ, թե՞ բարձր, գոռա՞լ, թե՞ հանդարտ ձայնով աղոթել: Ինչպիսի՞ դիրք ընդունել` նստա՞ծ, կանգնա՞ծ, պառկա՞ծ, թե՞ ծնկների վրա»: Ես ասացի. «Իհա՛րկե, ես տեսա, որ նրանք բացարձակ ուշադրություն չեն դարձնում, թե ով է կանգնած, կամ նստած, նրանց համար միևնույնն է: Նրանք բոլորը վերև բարձրացրած ձեռքերով ողորմություն էին խնդրում Աստծուց»: Հրեշտակն ասաց. «Այո, ճիշտ է: Իսկ ի՞նչ էին նրանք մտածում, երբ ապրում էին երկրի վրա»: «Ես չգիտեմ: Բոլոր մարդիկ տարբեր կերպ են մտածում»: Նա ասաց. «Ապրելով երկրի վրա` նրանք արհամարհում էին մարդկանց, չարախոսում և վիրավորում, նսեմացնում, ստորացնում և նեղացնում: Մարդիկ այնքան չար են միմյանց նկատմամբ, անգամ եթե չարախոսելու պատճառ չկա, նրանք գտնում են: Չարություն գործելու ցանկությունն է բերել նրանց այս վայրը: Այն, ինչ ցանկացան ուրիշներին` իրենք ստացան: Աստծու Խոսքում գրված առաջին պատվիրանն է. «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և քո բոլոր հոգովդ… ու երկրորդը սրա նման` քու ընկերդ սիրիր քո անձի պես» (Մաթ.22:37-39): Նաև գրված է. «Ամեն ով որ իր եղբայրը կատե` մարդասպան է» (Ա Հովհ.3:15): Մարդիկ իրենց գործերի և արարքների համար պատասխանատու են Աստծու առջև: Իմանալով Աստծու օրենքը ցանքի և հունձքի վերաբերյալ` մարդը գիտի, որ ինչ ցանի` այն կհնձի: Այն կվերադառնա իրեն, բայց ոչ այն չափով, որ ինքը ցանել է, հապա անհամեմատ ավելի: Գրված է. «Քամի ցանեցին ու մրրիկ պիտի հնձեն» (Ովսեա 8:7): Այսպես է Աստծու օրենքը` հաստատուն և մշտական ու անփոփոխ»:
Հրեշտակը, առաջնորդելով ինձ դեպի ելքը, խոսում էր բնության, կենդանական ու բուսական աշխարհի, թռչունների և կենդանիների մասին: Նրա խոսքերի մեջ հաճելի սեր ու նրբազգացություն կար Աստծու ստեղծագործության հանդեպ: Երբ հրեշտակը մոտեցրեց ինձ ելքին, նրա վերջին խոսքն էր. «Գնա՛ և պատմի՛ր»:
Ավստրալիա, ք. Ադելաիդա
--- Դիտողություն ---
Սիրելինե՛ր, Իգոր եղբոր տեսիլքում տեսած վայրը քավարանը չէ: Աստծու Խոսքում Եբրայեցիս 9:27-ում կարդում ենք. «…մարդոց համար սահմանված է մեկ անգամ մեռնիլ ու անկե ետքը դատաստան»: Աստվածաշունչը չի հաստատում քավարանի գոյությունը, որտեղ մարդիկ մեռնելուց հետո պետք է քավեն իրենց մեղքերը ու հետո գնան դրախտ: Քավարան չկա: Այդ վայրը, որ կոչվում էր «մինչև դատաստան», բանտի նման մի տեղ է, որտեղ մարդիկ սպասում են Աստծու դատաստանին (երկրորդ հարությունից հետո. Հայտն.20:11-15): Աստծու դատի մասին հանդիպում ենք նաև, օրինակ, Հռոմ.2:16, Հայտն. 20:11-15, Մատթ. 25:31 և այլ խոսքերում: Ուրեմն, դրանք այն հոգիներն են, որոնք 1000-ամյա թագավորությունից հետո երկրորդ հարության ժամանակ պիտի արթնանան, ինչպես ասվում է Դանիել 12:2-ում. «Երկրի հողին մէջ քնացողներէն շատեր պիտի արթննան, ոմանք յաւիտենական կեանքի համար, ոմանք ալ նախատինքի ու յաւիտենական պատժանքի համար», սպասում են Աստծու արդար դատին: Ավելացնենք նաև, որ առաջին հարությունը (մինչև մեծ նեղությունների շրջանը ու հազարամյա թագավորությունը) վերաբերում է Եկեղեցուն, իսկ Եկեղեցին չի դատվում, այլ, կանգնելով Աստծու ատյանի առջև, ամեն մեկը իր գործերի համեմատ հատուցում է ստանում:
Բարի լուր