1 Թեսաղոնիկեցիս 5

1 Բայց այն ժամերի եւ ժամանակների համար, եղբարք, պէտք չ’ունիք գրել ձեզ։ 2 Որովհետեւ դուք ինքներդ հաստատ գիտէք, թէ Տիրոջ օրը ինչպէս գիշերուայ գող՝ այնպէս կ’հասնէ։ 3 Վասն զի երբոր կ’ասեն թէ խաղաղութիւն եւ ապահովութիւն է, այն ժամանակ յանկարծակի կ’հասնէ նորանց վերայ կորուստը ինչպէս ցաւը յղիի վերայ, եւ նորանք չեն պրծնիլ։ 4 Իսկ դուք, եղբարք, խաւարումը չէք, որ այն օրը գողի պէս ձեզ վերայ հասնէ։ 
   5 Դուք ամենդ լոյսի որդիք էք եւ ցերեկի որդիք, գիշերինը չենք եւ ոչ խաւարինը։ 6 Ապա ուրեմն չ’քնենք ուրիշների պէս, բայց արթուն եւ զարթուն լինենք։ 7 Որովհետեւ նորանք որ քնում են գիշերն են քնում, եւ նորանք որ արբում են գիշերն են արբում։ 8Իսկ մենք ցերեկինը լինելով արթուն լինինք՝ հագած հաւատքի եւ սէրի զրահը, եւ փրկութեան յոյսի սաղաւարտը։ 9 Որովհետեւ Աստուած մեզ չ’դրաւ բարկութեան համար, այլ փրկութիւնը ստանալու համար մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը. 10 Որ մեզ համար մեռաւ, որ՝ թէ արթուն լինենք եւ թէ քնենք, նորա հետ մէկտեղ ապրենք։ 11 Սորա համար իրար մխիթարեցէք, եւ իրար շինութիւն տուէք՝ ինչպէս անում էլ էք։
   12 Եւ աղաչում ենք ձեզ, եղբարք, որ ճանաչէք ձեր միջումը աշխատողներին եւ ձեր վերակացուներին Տէրումը, եւ ձեր խրատողներին էլ։ 13 Եւ նորանց առաւելապէս պատուեցէք սէրով իրանց գործի պատճառով. իրար հետ խաղաղութիւնով վարուեցէք։ 14 Աղաչում ենք ձեզ, եղբարք, խրատեցէք անկարգներին, մխիթարեցէք փոքրասիրտերին, օգնական եղէք տկարներին, երկայնամիտ եղէք ամենի հետ։ 15 Զգոյշ կացէք՝ մի գուցէ մէկը չարի տեղ չար հատուցանէ, այլ ամեն ժամանակ բարիին հետեւեցէք իրար հետ եւ ամենի հետ։ 16 Ամեն ժամանակ ուրախ եղէք։ 17 Անդադար աղօթք արէք։ 18 Ամեն բանի մէջ գոհացէք. Որովհետեւ սա է Աստուծոյ կամքը ձեզ վերայ Քրիստոս Յիսուսումը։ 19 Հոգին մի հանգցնէք։ 20 Մարգարէութիւնները մի անարգէք։ 21 Ամեն բան փորձեցէք, բարին ամուր բռնեցէք։ 22 Ամեն կերպ չար բանից հեռու կացէք։ 23 Եւ ինքը խաղաղութեան Աստուածը ձեզ սուրբ անէ բոլորովին. Եւ ձեր բոլոր հոգին եւ շունչը եւ մարմինը անարատ պահուի մինչեւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի գալը։ 24 Հաւատարիմ է նա որ կանչեց ձեզ, որ կ’անէ էլ։ 25 Եղբարք, աղօթք արէք մեզ համար էլ։ 26 Բարեւ տուէք բոլոր եղբայրներին սուրբ համբոյրով։ 27 Երդում եմ տալիս ձեզ Տէրովը, որ այս թուղթը բոլոր սուրբ եղբայրներին կարդացուի։ 28 Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեզ հետ լինի. Ամէն։