Երկինք տանող տրոլեյբուսը

   Տրոլեյբուսը գնում էր իր սովորական երթուղով: Մարդիկ իջնում էին ու բարձրանում: Վերջին կանգառներին ներսում մնացել էին երկու կին ու մի փոքրիկ, աղքատ հագնված տղա երեխա՝ մեծ ու շատ թախծոտ աչքերով: Կանանցից մեկն իջավ նախավերջին կանգառում, իսկ տոմսավաճառը, կարծելով, թե տղան նրա հետ է, ասաց.
- Տիկի՛ն, Դուք մոռացե՞լ եք Ձեր երեխային:
- Սրա՞ն, ինչ է… այսպիսի անխնամը չի կարող իմ որդին լինել,- զզվանքով պատասխանեց նա:
- Դու ո՞ւմ երեխան ես, տղա ջան, կարո՞ղ է մոլորվել ես,- հարցրեց տոմսավաճառը:
- Ե՞ս… ես ոչ ոքինն էլ չեմ, ես մենակ եմ գնում:
- Երեխաները չեն կարող ոչ ոքինը չլինել: Որտե՞ղ է մայրիկդ, դու մոլորվե՞լ ես:
- Իմ մայրիկը երկինք է գնացել, ու ես էլ եմ ուզում այնտեղ գնալ: Մորաքո՛ւյր, Դուք գիտե՞ք, թե որ համարի տրոլեյբուսն է երկինք գնում:
- Փոքրի՛կս, այդպիսի երթուղի չկա, և այնտեղ հասնելն էլ հեշտ չէ:
- Բայց ես ուզում եմ մայրիկիս տեսնել… մի՞թե ոչ մի բանով չի կարելի երկինք հասնել:
Այստեղ մյուս՝ ավելի երիտասարդ կինը մոտեցավ տղային, գրկեց նրան ու քնքշորեն սեղմեց կրծքին:
- Ի՞նչ է անունդ, տղա՛ս:
- Ընդհանրապես ես Միտյան եմ, բայց հիմա ինձ անվանում են 57:
- Ի՞նչ….
- Ես մանկատանն եմ ապրում: Այնտեղ շատ երեխաներ կան, ու ոչ ոք անուն չունի: Դաստիարակչուհին չի կարող բոլորին հիշել և մեզ թվերով է կանչում:
- Քեզ համար դժվա՞ր է այնտեղ…
- Ինձ ոչ ոք չի սիրում: Մայրիկը միշտ համբուրում էր ինձ, ինձ համար հեքիաթներ էր պատմում երեկոյան ու օրորոցային էր երգում: Մենք միասին նաև աղոթում էինք: Ես շատ եմ ուզում տեսնել մայրիկիս: Նա գնացել է ու էլ չի վերադարձել: Մորաքո՛ւյր, իսկ դուք եղե՞լ եք երկնքում:
- Դեռ ոչ, բալիկս, բայց ես գիտեմ, թե ինչպես կարելի է այնտեղ գնալ: Դու ինքնուրույն չես գտնի ճանապարհը: Ուզո՞ւմ ես քեզ մեր տուն տանեմ: Մենք միասին կապրենք ու կսպասենք Քրիստոսին: Նա կարող է մեզ տանել երկինք, որտեղ այժմ քո մայրիկն է ապրում:
   Տղայի աչքերում հույս առկայծեց: Նա սեղմվեց բարի կնոջը, ինչպես նախկինում մորն էր սեղմվում, և կինը քնքշորեն շոյեց նրա գլուխն ու սիրալիր ժպտաց: Վերջին կանգառում նրանք իջան: Տոմսավաճառն ու վարորդը երկար ժամանակ նայում էին նրանց ետևից: Նրանցից մեկն ասաց.
- Մեր երթուղում «Երկինք» կանգառը նշված չէ, բայց այնուամենայնիվ ինձ թվում է, որ այն կա այս գծում:
   Աստված բնակվում է այնտեղ, որտեղ սերն է բնակվում: Իսկ երկինքը մոտ է այնտեղից, որտեղ Աստված է բնակվում:
Բարի լուր