Էսկիմոսները

   Հիսուս Քրիստոսի հրամանով` Իր անվամբ ապաշխարություն և մեղքերի թողություն պետք է քարոզվեր բոլոր ազգերին: Ավետարանը քարոզվեց և հյուսիսի հեռավոր բնակիչներին: Էսկիմոսները մոնղոլոիդ ցեղին պատկանող հյուսիսային ժողովուրդ են: Նրանք ապրում են բնակլիմայական դժվարագույն պայմաններում: Իրենց հիմնական զբաղմունքը ձուկ, եղջերու և փոկ որսալն է:
   Այդ ժողովրդի մեջ գործել են բավական թվով միսիոներներ: Նրանց թվում էր նաև Ջոն Բեքը:
   Մի օր, երբ բոլորը հավաքվեցին, նա սկսեց կարդալ Քրիստոսի չարչարանքների պատմությունը: Հավաքվածների մեջ կար մեկը, որն առավել աչքի էր ընկնում իր անգթությամբ: Այս մարդը շատ ուշադիր լսում էր, ապա վեր ցատկեց ու հուզված ձայնով ասաց. «Այդ ինչ էր: Խնդրում եմ նորից կարդաս ինձ համար այդ մարդու չարչարանքն ու մեռնելը»:
   Միսիոները հուզվեց. դեռ ոչ ոք այդպես չէր արձագանքել: Նա կրկին կարդաց պատմությունը, ապա քարոզեց Քրիստոսի բերած փրկության մասին: Խնդրեց նրանց, որ Հիսուսից չհրաժարվեն, որը եկավ մեղավորների համար մեռնելու և «Իր անձը որպես փրկանք տալու շատերի փոխարեն» (Մատթ. 20:28):