Դժոխքում կրոն չկա..

   Մի երիտասարդ ճամփորդում էր նավով: Երեք տարբեր առիթներով իր հետ խոսել էին ապաշխարության մասին: Թեպետև հակառակ ոչինչ չուներ Ավետարանի հանդեպ, սակայն մտքով բոլորովին չէր անցնում, թե նավի վրա էլ պիտի զբաղվի այդ խնդրով:
   Հազիվ էր նավը հեռացել ափից, երբ մի խումբ երիտասարդներ հոգևոր ծանոթ մի երգ երգեցին: Սա վեր էր ամեն ինչից. լցվեց համբերության բաժակը և նա հեռացավ տախտակամածից:
   Դեմ առ դեմ հանդիպելով նավաստիներից մեկին` զայրացած բացականչեց. «Չկա՞ մի տեղ, որ մարդ կարողանա հեռու փախչել կրոնից»: Նավաստին ծիծաղեց և ասաց. «Օ՛, այո՛, դժոխքում կրոն չկա»:
   Աստված Իր մեծ սիրով ու ողորմությամբ գործածեց այս պատասխանը, որպեսզի ճամփորդ երիտասարդին մտածելու տեղիք տա: Սուրբ Հոգին այդ մտածմունքը դուրս չհանեց նրա մտքից ու նրան տարավ Տեր Հիսուսին, և նա ապաշխարեց: Նավաստին էլ, իր հերթին, չէր կարողանում մոռանալ այն, ինչ ասաց այդ երիտասարդին: Այս միջադեպը նրան էլ ստիպեց խորհել իր վիճակի մասին, հավատաց և ընդունեց Տեր Հիսուսին` որպես իր անձի Փրկիչ, ու փրկվեց: