Ամենից լավ դեղատոմսը

   Կյանքի դժվարություններից ջղային դարձած մի կին այցելեց քրիստոնյա բժշկի: Կնոջը համբերությամբ լսելուց հետո բժիշկն ասաց. «Ձեզ համար ամենալավ դեղը Սուրբ Գիրքն է: Կարդացե՛ք այն օրական մեկ ժամ: Մեկ ամիս անց դարձյալ կգաք ինձ մոտ»: Կինը չէր սպասում նման պատասխանի և բարկացած դուրս եկավ բժշկի մոտից: Տանը, երբ արդեն հանդարտվել էր, անդրադարձավ առավոտվա միջադեպին: «Գուցե փորձեմ այդ դեղատոմսը, միևնույնն է, դրանից ո՛չ առողջությունս եմ վտանգում, և ոչ էլ որևէ դրամական վնաս եմ կրում»: Եվ նա փորձեց վերհիշել, թե վերջին անգամ երբ էր բացել Սուրբ Գիրքը: Այո՛, առօրյա հոգսերը, աշխարհիկ դժվարությունները նրան հեռու էին պահել Աստծո Խոսքը կարդալուց և աղոթելուց:
   Նա սկսեց կատարել բժշկի խորհուրդը: Մեկ ամիս անց նա կրկին բժշկի մոտ էր: «Տեսնում եմ, հնազանդ հիվանդ էք եղել, այժմ ցանկանո՞ւմ եք, որ փոխեմ ձեր դեղատոմսը»,-ասաց բժիշկը: «Ո՛չ, բժի՛շկ, ո՛չ, ես զգում եմ, որ փոխվել եմ: Ինչպե՞ս կռահեցիք, որ դրա կարիքն ունեմ»: «Ես ձեզ իմ անձնական դեղատոմսն եմ տվել, որովհետև լավ գիտեի, թե ինչ արդյունք պիտի տա»:
   Դո՛ւ էլ գործածիր նույն դեղատոմսը: