Ձեզ կհաջողվե՞ր կենդանի մնալ...

   Պատմում են, որ մի հարուստ եվրոպացի, ճանապարհորդելով հասնում է Օկեանիայի մի հեռավոր կղզի, որտեղ նա հանդիպում է տեղի առաջնորդին: Նրա հետ զրույցի ընթացքում հարցնում է.
- Այնտեղ՝ արմավենիների հետևում, ես զանգակատուն եմ տեսնում, որի գլխին խաչ կա: Դա նշանակում է՝ դուք քրիստոնյա՞ եք:
- Այո, - պատասխանում է զրուցակիցը,- դեռ անցյալ դարի սկզբից, երբ այստեղ եկան ավետարանիչները, նրանք էլ մեզ մկրտեցին:
- Ավետարանիչնե՞րը, - ծիծաղում է եվրոպայից եկած հյուրը, - մա՞րդ եք գտել հավատալու համար: Նրանք մարդկանց խաբում են՝ նրանց հաշվին հարստանալու համար: Ինչ վերաբերվում է Աստվածաշնչին, ապա այն հետաքրքիր գիրք է, բայց վաղուց հնացել է, իսկ Հիսուս Քրիստոսը պարզապես հեքիաթ է: Ժամանակակից մարդն այլևս չի հավատում այդ բաներին:
Այդ ժամանակ կղզիաբնակն ասաց.
- Դուք տեսնո՞ւմ եք այն մեծ քարը: Մեր նախնիները այդ քարի վրա ջարդում էին բոլոր նրանց գլուխները, ովքեր մեծ նավերով գալիս էին մեր կղզի օտար երկրներից: Տեսնո՞ւմ եք այդ քարի կողքին գտնվող հնոցի մնացորդները: Այդ հնոցի մեջ մարդկային միս էր եփվում... Ի՞նչ եք կարծում, եթե մենք քրիստոնյա դարձած չլինեինք, Ձեզ կհաջողվե՞ր կենդանի մնալ, դեռ մի բան էլ ծիծաղել այն բանի վրա, որ մենք քրիստոնյա ենք: