Գլուխ 1 ¹ Տիրոջ ծառա Մովսեսի մեռնելուց հետո Տերը խոսեց Մովսեսի սպասավոր Նավեի որդի Հեսուի հետ՝ ասելով. ² «Իմ ծառա Մովսեսը մեռավ. հիմա վե՛ր կաց, անցի՛ր այդ Հորդանան գետով այս ամբողջ ժողովրդի հետ այն երկիրը, որ ես տալիս եմ Իսրայելի որդիներին։ ³ Այն բոլոր տեղերը, ուր կկոխեն ձեր ոտքի թաթերը, ձեզ պիտի տամ, ինչպես որ ասել եմ Մովսեսին։ ⁴ Անապատից և այս Լիբանանից մինչև մեծ գետը, այսինքն՝ Եփրատ գետը, քետացիների ամբողջ երկիրը մինչև արևմտյան կողմի մեծ ծովը ձեր սահմանը կլինի։ ⁵ Ոչ մի մարդ չի կարողանա դեմ կանգնել քեզ քո կյանքի բոլոր օրերին։ Ինչպես Մովսեսի հետ էի, այդպես էլ քեզ հետ կլինեմ. չեմ լքի քեզ և անտես չեմ անի քեզ։ ⁶ Զորացի՛ր և քա՛ջ եղիր, որովհետև այս ժողովրդին դո՛ւ ժառանգել պիտի տաս այն երկիրը, որի համար երդվեցի սրանց հայրերին, որ կտամ նրանց։ ⁷ Միայն թե զորացի՛ր և շատ քա՛ջ եղիր, որպեսզի պահես և ամբողջովին կատարես այն օրենքը, որ իմ ծառա Մովսեսը պատվիրել է քեզ։ Դրանից չշեղվես աջ կամ ձախ, որպեսզի ամեն ինչում հաջողություն ունենաս, ուր էլ որ գնաս։ ⁸ Այս օրենքի գիրքը թող չհեռանա քո շուրթերից, այլ