«...այնպես կլինի աշխարհքիս վերջում»:

   Այն ժամանակ Հիսուսը ժողովուրդներին թողնելով եկավ տուն, եւ Նրա աշակերտները Նրա մոտ եկան եւ ասացին. «Մեկնիր մեզ արտի որոմների առակը»։ Նա էլ պատասխան տվեց եւ ասաց նրանց.
  «Բարի սերմը ցանողը մարդի Որդին է։ Եւ արտը աշխարհքս է, եւ բարի սերմը նրանք են,
որ արքայության որդիքն են. Եւ որոմները չարի որդիքն են։ Եւ թշնամին, որ նրանց սերմեց, սատանան է. Եւ հունձքն աշխարհքի վերջն է, եւ հնձողները հրեշտակներն են։ Արդ՝ ինչպես որ որոմները հավաքվում են եւ կրակով այրվում, այնպես կլինի աշխարհքիս վերջում։ Մարդի Որդին կուղարկի իր հրեշտակներին, եւ նրա արքայությունից կհավաքեն բոլոր գայթակղությունները եւ անօրենություն գործողներին. Եւ կգցեն նրանց կրակի փռան մեջ. այնտեղ կլինի լացը եւ ատամների կրճտելը։ Այն ժամանակ արդարները կծագեն ինչպես արեգակը իրենց Հոր արքայության մեջ։

Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսի»։
Մատթեոս 13:36-43

Նշանավոր մարդիկ. խոսքեր

   Ժամանակակից մարդու ամենալուրջ խնդիրները բխում են նրանից, որ մարդը կորցրել է Աստծո հետ գիտակցված համագործակցության զգացումը՝ մարդկության վերաբերյալ Աստծո մտադրությունների հարցում:

   Թող զարգանա գիտական մշակույթը, թող առաջանա բնական գիտությունը խորությամբ ու լայնությամբ, թող մարդկային հոգին կատարելագործվի՝ որքան ուզում է, բայց այն չի գերազանցի քրիստոնեության վեհությանն ու բարոյական մշակույթին, որչափ վերջինս փայլում ու ճառագում է Ավետարաններում:

Ա. Պուշկին: Աստվածաշունչի մասին

   Կարծում եմ, որ մենք երբեք ժողովրդին Աստվածաշնչից ավելի լավ բան չենք տա… Նրանում է հնարավոր գտնել մարդկության ողջ կյանքը: Կրոնն է ստեղծել արվեստը, գրականությունը և յուրաքանչյուր մեծ արժեք՝ վաղնջական ժամանակներից ի վեր: Առանց կրոնի չէին լինի ո՛չ փիլիսոփայությունը, ո՛չ պոեզիան, ո՛չ բարոյականությունը: Անգլիացիները ճիշտ են, որ Աստվածաշունչը երեխաներին են տալիս: Իմ երեխաները… Իմ երեխաները ինձ հետ բնօրինակով Աստվածաշունչ են կարդալու: Աստվածաշունչը համաշխարհային է…
Ահա աշխարհի միակ գիրքը՝ նրանում կա ամեն բան…
Ռուս գրող՝ Ալեքսանդր Պուշկին

Ձեր առաջարկությունները չեն փրկելու...

Մի խումբ մարդիկ զրուցում էին հավիտենական կյանք ձեռք բերելու հավաստիության մասին: Ոմանք ընդունում էին բարի գործերի, ոմանք միայն աղոթքների և այլ առաջնությունը: Հանկարծ ունկնդիրներից մեկը վեր կացավ և ասաց.
   - Ձեր առաջարկությունները չեն փրկելու և ոչ ոքի: Ո՛չ, դրանք իսկական ճանապարհներ չեն, և, ընդհանրապես, կարիք չկա, որ որևէ բան ինքներդ անեք, որովհետև Աստված ինքն ամեն ինչ արել է արդեն, միայն անհրաժեշտ է պարզ հավատ: «Հավատա՛ Տեր Հիսուս Քրիստոսին, և կփրկվես» - ասում է Աստվածաշունչը: Հիսուս Քրիստոսի հետ խաչվող ավազակներից մեկը անուժ, ոճրագործ, խնդրեց Հիսուսին հիշել իրեն արքայությունում: Նրա խնդրանքն անմիջապես աչձագանք գտավ Հիսուսի սրտում. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես»:
   Փրկությունը Տեր Հիսուս Քրիստոսի վրա եղած հավատքով է միայն:
«Բայց նրան, որ գործ չի անում, այլ հավատում է նրան, որ ամբարշտին արդարացնում է, նրա հավատքը համարվում է արդարություն»։ Հռովմեացիս 4:5

Բլեզ Պասկալ (ապաշխարություն)

   Ֆրանսիացի ականավոր գիտնական Բլեզ Պասկալը փոքր հասակում հռչակ ձեռք բերեց` հանճարեղ ունակությունների շնորհիվ: Նրան ներկայացնում էին Փարիզ այցելող իշխանների ու թագավորների: Իր անվան շուրջ առաջացած մեծ աղմուկը, իր համար տրված պատվո հանդիսությունները սկզբում դուր էին գալիս երիտասարդին, բայց շուտով դրանք ատելի դարձան նրան:
   Այդ ամենը սին էր և ունայն: Թեև երիտասարդ` բայց արդեն ձանձրացել էր կյանքից:
26 տարեկան էր, երբ մի անգամ այցելեց քրոջը: Այդ հանդիպումը նրա համար շրջադարձային եղավ. նա գտավ Աստծուն: Այդ օրվա վերջալույսին Պասկալը գրեց. «Ցնծությ'ուն, ցնծությ'ուն, արցունքներ, ցնծություն»: Ամեն բան փոխվեց նրա կյանքում, երբ գտավ Հիսուսին: Ու թեև որոշ ժամանակ անց հիվանդացավ, սակայն այլևս ոչինչ չէր կարող խանգարել նրա հոգու խաղաղությանն ու ուրախությանը:

«Մ'ի տխրեցրեք ինձ, ես դեռ երիտասարդ եմ...»

   Տարիներ առաջ մի քրիստոնյա հաճախում էր իր հարևանին, որի աղջիկը տառապում էր թոքախտով: Դա մի շատ հարգված ընտանիք էր, սակայն մտածելակերպով` աշխարհիկ: Թեև աղջիկը շատ հիվանդ էր, բայց երբեք չէր ցանկանում լսել հավիտենականության մասին: Չէր թողնում անգամ, որ Սուրբ Գրքից հատվածներ կարդային իրեն:
«Մի՛ տխրեցրեք ինձ, ես դեռ երիտասարդ եմ և դեռ մեռնել չեմ ուզում»,-ասում էր նա:
Աղջկա վիճակը գնալով ծանրանում էր: Բայց նա համառորեն խուսափում էր Աստծո մասին խոսել:
   «Այսօր շատ տկար եմ: Շատ ահազդու է, ի վիճակի չեմ լինի դիմանալ: Ոչ այսօր, այլ` վաղը: Ե՛կ ժամը երեքին, այն ժամանակ էլ կկարդաս»,-այսպիսի պատասխան տվեց նա մի օր: Սակայն, հաջորդ օրը նրանց հանդիպումը չկայացավ: Նշանակված ժամանակից մեկ ժամ առաջ աղջիկը մահացավ:
   Աստված ասում է` այսօ՛ր, սատանան` դեռ ժամանակ ունես, վա՛ղը:
Սիրելի ընթերցող, ճիշտ ընտրություն կատարիր, մի՛ ուշացրու փրկությանդ ժամը:
Այսօր, եթէ պիտի լսէք անոր ձայնը, Մի՛ խստացնէք ձեր սիրտերը... Սաղմոս 95:7

Եւ ամեն ով որ մեղանչում է...

Ամեն ով որ մեղք է գործում, նա անօրենություն էլ է անում, եւ մեղքն է անօրենությունը։ Եւ գիտեք, որ Նա հայտնվեց, որ մեր մեղքերը վեր առնի. Եւ Նրանում մեղք չկա։ Ամեն ով որ Նրանում մնում է՝ չի մեղանչում. Եւ ամեն ով որ մեղանչում է, չի տեսել Նրան, եւ ոչ էլ ճանաչել Նրան։ Մանկունք, ոչ ոք ձեզ չխաբի. նա որ արդարություն է անում, արդար է, ինչպես Նա էլ արդար է։ Եւ նա որ մեղք է անում, սատանայիցն է, որովհետեւ սատանան հենց սկզբիցը մեղանչում է, նրա համար հայտնվեց Աստծո Որդին, որ սատանայի գործերը քանդի։ Ամեն ով որ Աստվածանից է ծնված, մեղք չէ անում. որովհետեւ Նրա սերմը նրանում մնում է, եւ չի կարող մեղանչել, որովհետեւ Աստվածանից է ծնված։ Սրանով են հայտնի Աստծո Որդիքը եւ սատանայի որդիքը։ Ա Հովհաննես 3:4-10

Հոգով կույր ենք

   Բացօդյա աղոթքաժողովը մոտենում էր իր ավարտին, երբ ներկաներից մեկը ձայն խնդրեց. «Բարեկամնե՛ր, լսեցի՞ք ելույթ ունեցողին: Ես չեմ հավատում այն ամենին, ինչ նա ասաց: Չեմ հավատում ո՛չ դժոխքի, ո՛չ դատաստանի, ո՛չ էլ Աստծուն: Կա, տեսնում եմ՝ հավատում եմ: Ողջ կյանքիս ընթացքում այս բաներից և ո՛չ մեկը չեմ տեսել: Ինչպե՞ս, ուրեմն, հավատամ»:
   Ձայն խնդրեց մեկ ուրիշը. «Մարդիկ ասում են, որ այստեղ ծառեր են աճում, իսկ շուրջբոլորը կանաչ խոտ: Ինձ ասում են, որ շուրջս մարդիկ կան կանգնած: Չեմ տեսնում, ուրեմն չկան: Գուցե մտածում եք, թե խելքս թռցրել եմ, բայց ես խոսում եմ նախորդ պարոնի պես: Ես ի ծնե կույր եմ: Ողջ կյանքիս ընթացքում ո՛չ խոտ եմ տեսել, ո՛չ ծառ, ոչ իսկ՝ մարդ արարածի: Եթե պնդեմ, որ այդ ամենը գոյություն չունի, ապացուցում է, որ ես կույր եմ»: Ապա, դառնալով նախորդ ելույթ ունեցողին, ասաց. «Որքան շատ ժխտեք, այնքան ավելի եք ապացուցում, որ կույր եք՝ հոգով, կույր»:
   Մենք ամենքս էլ հոգով կույր ենք ծնվում՝ մեղանչական էությամբ: Սակայն Տեր Հիսուսի ցանկությունն է տեսողություն տալ կույրին, մեր աչքերը բացել մեր կորած վիճակի վրա:
   «Ես խրատ եմ տալիս քեզ, ինձանից կրակում փորձված ոսկի առ, որ հարստանաս, և սպիտակ հանդերձներ՝ որ հագնիս, որ քո մերկության ամոթը չերևա. և դեղ դիր աչքերիդ, որ տեսնես»։ Հայտնություն 3:18

www.kh-blog.com

Խաղաղություն բլոգը այսուհետ կգործի նոր՝ ավելի մատչելի և հիշվող վեբ հասցեով: www.kh-blog.com:
Նախկին հասցեն էր՝ www.xaghagh.blogspot.com

Կնոջ մահափորձը

   1890 թվաին Ռայն քաղաղում մի կին որոշել էր սպանել ամուսնուն լոկ այն պատճառով, որ վերջինս դարձի էր եկել: Այդ բանը խիստ զայրույթ էր առաջ բերել նրա մոտ: Ո՛չ հորդորները, ո՛չ սպառնալիքները ամուսնուն ետ չէին պահում Քրիստոսի հանդեպ ունեցած հավատից: Մի օր էլ վճռեց իրագործել իր մտադրությունը:
   Դարանակալեց ամուսնու ճանապարհին՝ հաստ դանակով զինված: Որոշ ժամանակ անց երևաց ամուսինը: Նա գնում էր քրիստոնեական պաշտամունքի, սակայն մենակ չէր. նրան ուղեկցում էին երկու ընկեր: Կինը որոշեց սպասել ամուսնու վերադարձին: Բայց քիչ անց հորդառատ անձրև սկսեց: Շրջակայքում ծածկ չկար, մոտակա տեղը աղոթքաժողովի դահլիճն էր, և կինը որոշեց անձրևից պատսպարվել նախասրահում: Պաշտամունքը նոր էր սկսվել: Քարոզչի խոսքերը նախասրահում լավ լսվում էին: Դրանք սուր նետի պես խոցում էին կնոջ սիրտը: կամաց-կամաց հստակորեն նա պատկերացրեց այն ահավոր վիճակը, որում ինքը գտնվում էր: Երբ պաշտամունքն ավարտվեց, կինը մտավ դահլիճ՝ դանակը ձեռքին: Բոլորի ներկայությամբ նա պատմեց իր չար դիտավորության մասին, խոստովանեց, թե ինչն էր իրեն այդտեղ բերել: Հավատացյալներն աղոթեցին նրա համար:
   Ամուսնու հետ տուն էին դառնում: Կնոջ աչքերում զղջման արցունքներ կային, սրտում՝ խաղաղություն: Աստծո Գառան արյամբ, նա էլ փրկություն և խաղաղություն էր գտել:

Որովհետև նա շատերին է խոցոտել ու վայր գցել...

  1 Որդեակս, պահիր իմ խոսքերը, և իմ պատվիրանքները թագցրու քեզ մոտ։ 2 Պահիր իմ պատվիրանքները որ ապրես, և իմ օրենքը՝ քո աչքի բիբին պես։ 3 Քո մատներին կապիր նրանց, նրանց գրիր քո սրտի տախտակի վերայ։ 4 Իմաստութեանն ասիր. «Իմ քյրն ես.» և հանճարին «Ծանոթ» կանչիր։ 5 Որ քեզ պահե օտար կնկանից, այն օտար կնկանից, որի խոսքերը շողոքորթում են։ 6 Որովհետև իմ տան պատուհանիցը, իմ վանդակի միջովը մտիկ էի տալիս։ 7 Եւ տեսայ անմիտների մեջ և նկատեցի երիտասարդ պատանիների մեջ մեկ պակասամիտին, 8 Որ անց էր կենում փողոցում այն կնկայ կողքովը, և նրա տան ճանապարհը բռնեց, 9 Օրը երեկոյեան մթնած ժամանակը, երբոր գիշերվայ խավարը կոխել էր։
  10 Եւ ահա մի կին նրան դիմաւորեց, պոռնկի ծածկոցով և նենգավոր սրտով. 11 Նա աղաղակող էր և սանձակոտոր. նրա ոտները չէին կենում իր տանը։ 12 Երբեմն դուրսը, երբեմն հրապարակներումը, և ամեն անկյունի մոտ դարանամուտ էր լինում։ 13 Եւ սա բռնեց նրան և համբուրեց նրան, երեսը պնդացրեց և ասեց նրան. 14 Ես խաղաղութեան զոհեր պիտի անեի, այսօր կատարել եմ իմ ուխտերը. 15 Նրա համար դուրս եկայ քո դիմացը, քո երեսը խնդրելու և գտայ քեզ. 16 Անկողինս փափուկ բարձերով սարքել եմ, Եգիպտոսի երփներանգ հյուսվածքով, 17 Ննջարանիս մեջ զմուռս, հալվե և կինամոն եմ խնկել։ 18 Եկ տռփանքով զվարճանանք մինչև առավոտ և զմայլինք սիրով. 19 Որովհետև մարդս տանը չէ, հեռու ճանապարհ է գնացել. 20 Փողի քսակն առել է իր մոտը. Լուսնի լրման օրն է տուն գնալու։ 21 Այսպես իր շատ խոսքերովը հրապուրեց նրան, իր շրթունքների շողոքորթությունովը քշեց տարավ նրան. 22 Նա էլ իսկոյն գնաց նրա ետևիցը, ինչպես որ արջառը կ՛գնայ սպանդանոցը, և ինչպես գիժը՝ դեպի շղթայով պատժվիլը։ 23 Մինչև որ նետը ճեղքէ նրա լեարդը, ինչպես որ թռչունը շտապում է դեպի ծուղակը, և չ՛գիտե որ նա իր հոգիին համար է։ 24 Եւ հիմա, որդեակներ, լսեցեք ինձ, և ուշադրություն արեք իմ բերանի խոսքերին։ 25 Թող սիրտդ չխոտորվի դեպի նրա ճանապարհները, և մի մոլորվիր նրա շավիղներումը։ 26 Որովհետև նա շատերին է խոցոտել ու վայր գցել, և ամեն նրա սպանածները զորավոր էին։ 27 Դժոխքի ճանապարհներն է նրա տունը, որ իջնում են, մահվան սենեակները։ Առակաց 7-րդ գլուխ

Առաջին հեռագրամեքենան

   Հեռագրամեքենա ստեղծելու ուղղությամբ աշխատելիս Սեմուել Մորզեն փորձարկումների վրա ծախսեց իր վերջին կոպեկները: Գումարը վերջացել էր, բայց գործը դեռ ավարտված չէր: Գյուտարարի երազանքներն արդեն փլուզման եզրին էին… Ավելին` նրան սպառնում էր սովամահությունը: Այդ ժամանակ նա ծնկի եկավ և շշնջաց. «Աստվա՜ծ իմ, ես չգիտեմ, թե ինչ կբերի վաղվա օրը, բայց ես հավատում եմ, որ Դու ինձ կօգնես»:
   Հաջորդ առավոտյան փոստատարը թակեց դուռն ու ծանուցագիր տվեց նրան, որտեղ գրված էր.
«Ձեր դիմումը հետաքրքրեց Կոնգրեսին: Կոնգրեսը որոշել է պետական միջոցներից երեսուն հազար դոլար հատկացնել, որպեսզի Դուք հաջողությամբ ավարտեք Ձեր գործը»:
Ծանուցագիրն ուղարկված էր Ամերիկայի Միացյալ Նահանգների Արտոնագրման բաժնից, ուր մի ժամանակ Մորզեն հայց էր ներկայացրել իր գյուտի վերաբերյալ:
Եվ ահա եկավ 1844 թվականի մայիսի 24-ը, երբ աշխատանքն ավարտված էր, և ամեն բան պատրաստ էր էլեկտրական լարերի միջոցով առաջին հեռագիրն ուղարկելու համար:
Հեռագրի տեքստը Սեմուել Մորզեն կազմեց Արտոնագրման բաժնի պետի աղջկա՝ Աննա Էլզվորտի հետ: Տեքստը պարունակում էր ընդամենը չորս բառ.
«Հրաշալի են գործերդ, Տե՛ր»:
Այսպիսին էր աշխարհի առաջին հեռագիրը:

«Դեռ քսան տարի էլ պիտի խմեմ ու կյանք վայելեմ»

   Տարիներ առաջ կար բոլորի կողմից հարգված մի գործատեր: Նա վայելում էր հարուստ ու անհոգ կյանք: Ուր էլ որ հայտնվեր, մեծ հարգանքով էին ընդունում նրան: Առատաձեռն լինելու շնորհիվ շատ բարեկամներ ուներ: Եվ ո՛չ միայն բարեկամներ: Ուներ կին, զավակներ, հարմարավետ բնակարան, սակայն միշտ ուշ էր վերադառնում տուն,և որպես կանոն` միշտ հարբած: Կնոջ համար անտանելի էր ամուսնու այս վիճակը, ուստի, երբ ամուսինը տուն էր գալիս, միշտ փակվում էր սենյակում:
   Մի այդպիսի հավաքույթում էր. Նա զվարթ էր և բարձր տրամադրության մեջ: Քիչ առաջ բարեկամներն իրեն գովաբանեցին: «Դեռ քսան տարի էլ պիտի խմեմ ու կյանք վայելեմ»: Բարեկամներն կրկին նրա «կենացը» խմեցին: Առավոտյան, երբ տուն վերադարձավ, հրամայեց, որ իրեն ուտելիք բերեն: Առաջին պատառը հազիվ էր բերանը դրել, երբ շնչահեղձ վայր ընկավ ու մահացավ: Մսի ու հացի պատառը, շնչափող գնալով, խեղդել էր նրան:
   «Քսան տարի»`ինքն ասաց, մինչդեռ Աստված ասել է. «Այս գիշեր»: Ինչպիսի կյանքով էլ որ ապրելու լինես, միևնույն է, կյանքդ շատ հանկարծակի կարող է կանգ առնել:
   Հիսուս Քրիստոսի միջոցով մեղքերի թողություն ստացե՞լ ես: Մտածիր ա՛յս մասին, քանի դեռ ուշ չէ:

Ես անկարող եմ վաճառել ժամանակը

   Անգլիայի մի բանկիր ծանր հիվանդ էր: Բժշկական զննումից պարզվում է, որ նրան մնացել են հաշված ժամեր: Հիվանդը թախանձագին խնդրում է` երկարաձգել իր կյանքը թեկուզ 3 օրով, և բժշկին առաջարկում է 10.000 ֆունտ ստեռլինգ: Բժիշկը կտրականապես տարուբերում է գլուխը և ասում. «Ոչինչ անել չեմ կարող: Ես անկարող եմ վաճառել ժամանակը»: Անմխիթար հիվանդի և անկարող բժշկի միջև տեղի ունեցած այս զրույցից հետևում է, որ անկարող է մարդը` հաղթել երկրային մահվանը: Որքան ծանր է մտածել այս մասին. մարդը դեռ շատ անելիք ունի, իսկ կյանքը երկարաձգել չի կարող:
   Այո՛, կիսատ թողած շատ գործեր ունենք, մութ ու խավար կողմեր մեր կյանքում, որոնք դեռ չենք լուծել, բայց ահա մոտենում է մահը: Դու էլ գիտես, որ այն անխուսափելի է, բայց հիշիր՛, մահից հետո գոյություն ունի հավիտենական կյանք:
   Ուստի` դարձի եկ, լսիր՛ Աստծո կանչը, ճաշակի՛ր Նրա քաղցրությունն ու շնորհները, և մեղքերդ կներվեն: Բոլոր գործերդ Տերը կհարթի:
   Մի’ հետաձգիր այս առիթը, կգա և քո՛ կյանքի ավարտը , և այդ ժամ էլ ո՛չ ոք չի կարողանա այս երկրի վրա երկարացնել կյանքիդ օրերը:

Նա մեր անձինքը պահում է կյանքի մեջ

   Յուրաքանչյուր մարդ ցանկանում է, որ իր երեխան ուրախ լինի և ունենա ամեն ինչ կյանքում ապրելու համար. տուն, մեքենա, աշխատանք, լավ ընտանիք և այլն: Անկախ երեխայի տարիքից, փորձում ենք կատարել նրանց կամքը և ուզում ենք անել ամեն բան, որ երեխան լավ զգա իրեն: Սակայն
   Աստված վարվում է այլ կերպ: Նա չի տալիս մեզ մեր ուզածը, այլ Իր ուզածը: Նա չի թողնում մեզ մեր կամքին, այլ անում է Իր կամքը: Նա տալիս է մեզ այն ամենը, ինչ պետք է մեզ, այլ ոչ թե ինչ մենք կուզենաինք: Հաճախ Նա մեզ տալիս է տրտմություն, դժվարություն, նեղություն, վիշտ, տառապանք և սրանց նման այլ բաներ: Բայց այդ ամենը մեր օգտի համար է.
«...Որովհետև սրանք մի քիչ ժամանակ իրենց հաճո երևածի պես խրատում էին, բայց Նա՝ օգտի համար, որ Նրա սրբությունն ընդունենք։ Եւ ամեն խրատ հենց նույն ժամանակին ուրախություն չէ երևում, այլ տրտմություն. բայց հետո նրանով վարժվածներին արդար խաղաղության պտուղ է վճարում»։ Եբր. 12:10,11
    Միշտ մեր երեխաներին լավը տալով հնարավոր է կործանենք նրանց, բայց Աստված Իր զավակներին միշտ չէ որ լավն է տալիս: Սկզբից տառապանք հետո օրհնություն «...բայց հետո նրանով վարժվածներին արդար խաղաղության պտուղ է վճարում» Եբր. 12:11 (օրինակ Հոբին, Հովսեփին, Դավիթին և այլն): Երեմիա մարգարեն ասում է. «Ես այն մարդն եմ, որ տառապանք տեսա Նրա բարկության գավազանով։ Նա ինձ տարավ ու ման ածեց խավարում և ոչ թե լույսի մեջ» (Ողբ Երեմիա 3:1,2), իսկ հետո ավելացնում. «Որովհետև Տերը չի մերժի հավիտյան։ Այլ թեև ցավեցնի էլ, դարձեալ կգթա Իր ողորմությունների շատության չափ։ Որովհետև նա ի սրտե չէ նեղացնում և տրտմեցնում մարդկանց որդիներին» (Ողբ Երեմիա 3:31-33)։
   Այնպես որ Աստծուց մի նեղացիր. «Իմ որդյակ, մի անարգիր Տիրոջ խրատը. Եւ ոչ էլ վհատվիր, Նրանից հանդիմանված ժամանակդ։ Որովհետև Տերը իրան սիրածին խրատում է. Նա ծեծում է ամեն որդի, որ ընդունում է։ Եթե խրատին համբերեք, Աստված ձեզ հետ ինչպես որդկանց հետ կվարվի. որովհետև ո՞ր որդին է, որ հայրը նրան չէ խրատում։ Բայց եթե առանց խրատի եք, որին ամենը մասնակից եղան, ուրեմն խորթ եք և ոչ որդիք»։ Եբր. 12:5-8
   Ուրեմն եթե դու Աստծու հարազատ որդին ես, ապա պիտի մասնակից լինես Նրա խրատներին, որին ամենքը մասնակից եղան, օրինակ՝ Հովսեփը, Դավիթը, Հոբը, Պողոս և մնացած առաքիալները, Աբրահամը և այլոք:
  Դե ուրեմ մի նեղացիր և մի վհատվիր Տիրոջից: Սպասիր Տիրոջը...
Նա քեզ սիրում է:
   Սաղմոսերգուն ասում է. «Նա մեր անձինքը պահում է կյանքի մեջ. Եւ թող չէ տալիս որ մեր ոտները սասանին։ Որովհետև դու փորձեցիր մեզ, ով Աստված. քննեցիր մեզ ինչպես որ արծաթը քննվում է։ Դու մտցրիր մեզ որոգայթի մեջ. Ծանր բեռ դրիր մեր մեջքի վրա։ Մարդիկ հեծցրիր մեր գլխի վրա. Կրակի և ջրի մեջ մտանք. Եւ Դու հանեցիր մեզ առատության տեղ»։ Սաղմոս 66:9-12
Սաղմոսերգուն ասում է, որ Նա մեր անձինքը պահում է կյանքի մեջ, և թվարկում է դժվարություններն ու տառապանքները: Աստված այդպես է մեր անձը պահում կյանքի մեջ, որ չհպարտանանք, որ չպղծվենք, որ կռապաշտ չլինենք և այլն: Բայց հետո ասում է. «...Եւ Դու հանեցիր մեզ առատության տեղ»։
  Այնպես որ՝ Սպասի՛ր Տիրոջը, թող սիրտդ պինդ և զորավոր լինի. Եւ սպասի՛ր Տիրոջը։ Սաղմոս 27:14
Եվ վերջում՝
«Տակավին մինչև արյուն թափելու չափ պատերազմելով հակառակ չեք կացած մեղքին. և մոռացաք այն մխիթարությունն, որ ձեզ հետ ինչպես որդիների հետ խոսում է. Իմ որդեակ, մի անարգիր Տիրոջ խրատը. և ոչ էլ վհատվիր, Նրանից հանդիմանված ժամանակդ։ Որովհետև Տերը իրան սիրածին խրատում է. Նա ծեծում է ամեն որդի որ ընդունում է։ Եթե խրատին համբերեք, Աստված ձեզ հետ ինչպես որդկանց հետ կվարվի. Որովհետև ո՞ր որդին է որ հայրը նրան չէ խրատում։ Բայց եթե առանց խրատի էք, որին ամենը մասնակից եղան, ուրեմն խորթ եք և ոչ որդիք։ Նաև մենք մեր մարմնավոր հայրերը խրատող ունենալով նրանցից ամաչում էինք. չէ՞ որ առավել ևս պիտի հնազանդինք հոգիների Հորը, և ապրենք։ Որովհետև սրանք մի քիչ ժամանակ իրենց հաճո երևեցածի պես խրատում էին, բայց Նա՝ օգտի համար, որ Նրա սրբությունն ընդունենք։ Եւ ամեն խրատ հենց նույն ժամանակին ուրախություն չէ երևում, այլ տրտմություն. բայց հետո նրանով վարժվածներին արդար խաղաղության պտուղ է վճարում։ Նրա համար հաստատեցեք թուլացած ձեռքերը, և տկարացած ծունկերը, Եւ ձեր ոտների համար ուղիղ ճանապարհներ շինեցեք, որ կաղը չգլորվի, այլ մանավանդ բժշկվի»։ Եբրայեցիս 12:4-13

Մարդի՛կ, կանգնեցրե՛ք...

   Սրտիս մեջ կուտակված մեծ ցավ կա, որ ուզում եմ կիսել հանրության հետ: Ուզում եմ խոսել մայրացած կնոջ մասին: Աստված օրհնեց առաջին զույգին՝ Ադամին ու Եվային, որ բազմանան ու լցնեն աշխարհը, որի ականատեսն այսօր մենք ենք: Ամեն կին էլ ուզում է մայրանալ՝ անկախ սոցիալական վիճակից, թեև գիտե, որ անքուն գիշերներ է անցկացնելու երեխայի սնարի մոտ, մաքրելու է կեղտերը... Կնոջ մայրանալու մեծ ցանկության մասին կարդում ենք Աստվածաշնչում: «Եվ Ռաքելը տեսավ, որ ինքը Հակոբի համար զավակ չի ծնում, նախանձեց իր քրոջը՝ Լիային, և Հակոբին ասաց. «Ինձ որդիներ տուր. եթե ոչ՝ կմեռնեմ» (Ծննդոց 30:1-2):
   Եղկանան երկու կին ուներ: Մի կինը՝ Փենանան, ուներ երեխաներ, իսկ Աննան՝ ոչ: Փենանան Աննային վշտացնում էր, գրգռում՝ ցույց տալով իր «առավելությունը», որովհետև Աստված փակել էր Աննայի արգանդը (Ա Թագավորաց 1:5-6): Եղկանան Աննային ասաց. «Աննա՛, ինչո՞ւ ես լաց լինում և ինչո՞ւ հաց չես ուտում, և ինչո՞ւ համար է սիրտդ այդպես տրտում: Մի՞թե քեզ համար տասը որդուց լավ չեմ...»: Աննան գնաց Տիրոջ տաճար և տրտմալից հոգով աղոթեց Տիրոջն ու շատ լաց եղավ: Եվ ուխտ արեց ու ասաց. «Ո՛վ Զորությունների Տեր, եթե Դու նայես Քո աղախնի նեղությանն ու հիշես ինձ, և քո աղախնուն չմոռանալով՝ Քո աղախնուն մի արու զավակ տաս, նրան Տիրոջն եմ նվիրելու, և նրա կյանքի բոլոր օրերում նրա գլխին ածելի չի դիպչելու...» (Ա Թագավորաց 1:8-11): Աննայի աղոթքը լսվեց Աստծու կողմից, և Աննան ունեցավ ոչ միայն Սամուելին, որ աղոթքի պատասխանն էր, հապա նաև՝ ուրիշ տղաներ ու աղջիկներ:
   Այստեղից հասկանում ենք, որ կնոջ համար ոչ ոք չի կարող փոխարինել երեխային, անգամ՝ ամուսինը: Դա անզուսպ փափագ է, ցանկություն, որն Աստված է դրել կանանց մեջ, որպեսզի զավակներ ծնեն Աստծու կամքի համաձայն և լցնեն աշխարհը:
   Աստվածաշնչում շատ են նման դեպքերը, որ կանայք իրենց կյանքը անհնար են համարել առանց երեխայի:
   Երեխան կնոջը պարգևում է անըմբռնելի բերկրանք ու երջանկություն: Երեխան կնոջը դարձնում է ՄԱՅՐ: Շատ կանայք մեծ գումարներ ծախսելով ծեծում են բժիշկների դռները, որ կարողանան երեխաներ ունենալ...
   Երբ մի կին երեխան գիրկը կամ հղի վիճակում հայտնվում է հանրային տրանսպորտում, խանութում կամ որևէ հասարակական վայրում, անմիջապես տեղ են զիջում նրան: Իսկ դա նրա համար մեծ պատիվ է և շոյանք: Նա էլ է զգում, որ այդ պատվին արժանացել է երեխայի շնորհիվ:
   Ինձ թվում էր, թե չկան վատ մայրեր...
   Սակայն այսօր շատ մայրեր դառնում են զավակասպաններ... «Անօրինության շատանալու պատճառով շատերի սերը պիտի պակասի..»,- ասաց Հիսուսը (Մատթ. 24:12):
Հայերը, և ոչ միայն հայերը, անիծում են թուրքերին ու ազերիներին, որ հայ հղի հարսների դեռ չծնված երեխաներին սրախողխող են արել... Իսկ ի՞նչ ասել այն մայրերին, որ իրեց հոժար կամքով վարձում են դահիճներ՝ իրենց չծնված երեխաներին կտոր-կտոր անելու... Ես չեմ վախենում նմաններին «դահիճ» անվանել: Ասացե՛ք, ինչպե՞ս կոչել անգութ, անխիղճ մարդասպաններին:
   Անգամ սեռի մեջ են դնում տարբերություն: Ժամանակակից տեխնիկան հղի մոր որովայնում ախտորոշում է երեխայի սեռը, և երբ իմանում են՝ աղջիկ է, շատ ծնողներ ընդհատում են երեխայի... կյանքը:
   Մի քանի տարի առաջ հեռուստատեսությամբ ցուցադրեցին մի տեսանյութ, թե ինչպես է կատարվում օտար բառով ասած՝ «աբորտը»: Էկրանի վրա պարզ երևում էր երեխան և մասնատման ընթացքը: Մայրը «հանգիստ» պառկած, կարծես անհամբեր սպասում էր, թե երբ է սկսելու դահիճն իր «գործը»: Անտանելի էր տեսարանը, երբ «բժիշկը» սուր բերան ունեցող, աքցանի նման կտրող սուր գործիքով հերթականությամբ կտոր-կտոր պոկում էր երեխայի մարմնի մասերն ու դնում սեղանին: Վերջում նա աքցանով փշրեց ու դուրս հանեց գլուխը...
   Երբ նայում էի, տեսա, թե երեխան ի՛նչ զգաց, երբ պոկվում էր տոտիկը: Նա ցավից թափահարում էր թաթիկները, կուչ գալիս և ծամածռում դեմքը: Նա լացում էր... Ես նույնպես լացեցի և երեսս շուռ տվեցի, մինչև հաղորդավարը հաղորդեց ավարտը... Դահիճը «գոհ» էր «իր գործից»՝ սեղանին փռած տեսնելով երեխայի մարմնի մասերը, իսկ պատվիրատու մայրը՝ իր երեխայի սպանությամբ... Այդ համաբուժարանի գլխավոր բժիշկն, ապաշխարելով, հիմնարկությունում արգելել էր աբորտը, հետո վաճառել հիմնարկը, որ այլևս չմտնի այդ շենք, որովհետև վատ հուշեր ուներ այդ վայրից:
   Այդ տեսանյութը ցուցադրել են որպես աբորտի դեմ բողոք, որպեսզի մարդիկ տեսնեն, թե ի՛նչ է կատարվում անպաշտպան երեխայի հետ ու հրաժարվեն երեխաների կյանքը ընդհատելուց:
   Կանգնե՛ք, դահիճներ, այդ ձեր արարքի համար դուք այսօր չեք դատապարտվում լոկ այն պատճառով, որ չկան դատապարտող պետական օրենքներ: Ոչինչ, կպատժվեք Ամենակարող Աստծու ահեղ Դատաստանով, որ կյանքից զրկեցիք Նրա պատկերով, Նրա ստեղծած մարդուն: Ձեր գործը Աստծու հետ է: Նրա՛ն եք պատասխան տալու: Հիսուսը նաև ա՛յդ մանկան համար էր Իր Կյանքը զոհել, որ նա կյանք ունենար, ինչո՞ւ նրան զրկեցիք կյանքից: Չէ՞ որ դա ոտնձգություն է ԿՅԱՆՔԻ դեմ:
   «...Իմս է վրեժխնդրությունը,- ասում է Տերը,- և դարձյալ՝ «Տերը պիտի դատի Իր ժողովրդին»: Սարսափելի բան է կենդանի Աստծու ձեռքը ընկնելը» (Եբրայեցիս 10:30-31): «Որովհետև Աստված մաշող կրակ է...» (Եբրայեցիս 13:29):
   «Մա՛յր», դու կրկնակի պատիժ ես ստանալու, առաջինը՝ որ հանցավոր համաձայնությամբ դահիճ ես վարձել մարդ սպանելու, և երկրորդ՝ որ քո իսկ երեխային ես սպանել՝ քո իսկ խնդրանքով: Իսկ երդմնազանց մարդասպան բժիշկն էլ պատժվելու է վարձու մարդասպան լինելու համար: Որպես բժիշկ՝ ինքը պիտի պայքարեր երեխայի կյանքի համար և մերժեր մոր առաջարկը: Ոչ մի պատճառ չի կարող արդարացնել այս հանցանքը:
   ...Երբ Եգիպտոսի թագավորը մանկաբարձներին՝ Սեփրային ու Փուային հրամայեց, որ ծնվելու պահին սպանեն հրեա տղա երեխաներին, նրանք Աստծուց վախեցան ու չարեցին: Դրա համար «Աստված մանկաբարձներին բարիք արեց... և նրանց համար տներ շինեց...» (Ելից 1:20-21): Ձեր դեպքում գուցե հակառա՞կը կլինի...
   Հիշեցե՛ք, կանայք, «Սակայն (կինը) պիտի փրկվի որդեծնությամբ, եթե մնա հավատքի և սիրո ու սրբության մեջ՝ պարկեշտությամբ» (Ա Տիմոթեոս 2:15):
«Տեսնես քանի՞ երեխա է սպանել այդ դահիճը»,- մտածում էի...
   Փա՜ռք Աստծուն, որ կան իրենց գործին և երդմանը հավատարիմ շատ բժիշկներ, մանկաբարձներ և բուժքույրեր, որոնք անխոնջ կերպով, գիշեր ու տիվ չեն հեռանում հիվանդների սնարների մոտից, որ փրկեն նրանց...
   Ո՛չ մեկը իրավունք չունի արտոնելու անմեղ երեխաների «մորթը»: Չէ՞ որ այդ երեխան մի քանի ամիս հետո լինելու էր մեկը այն երեխաներից, որոնցով ուրախանում են ծնողները. որոնք խաղում են բակում... Այդ երեխան արդեն մտել էր մարդկային համրանքի մեջ՝ հղի կանաց հաշվառման մատյաններում՝ որպես մարդ...
   Մարդի՛կ, կանգնեցրե՛ք անպաշտպան երեխաների սպանդը...
Միշա Սվարյան
աղբյուր՝ Բարի լուր

Իրական Սերը

Սերը երկայնամիտ է՝ քաղցր է. Սերը չէ նախանձվում, չէ գոռոզանում, չէ հպարտանում։ Չէ լրբանում, իրը չէ որոնում, չէ գրգռվում, չարը չէ մտածում, անիրավության վրա չէ ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտության հետ: Ամեն բանի դիմանում է. Ամեն բան հավատում է, ամեն բանի համար հույս ունի, ամեն բանի համբերում է։ Սերը երբեք չի վերջանա. Եթե մարգարեություններ կան՝ կխափանվեն. Եթե լեզուներ՝ կլռեն, եթե գիտություն՝ կխափանվի։ Ա Կորնթացիս 13:4-8

«...և այն ժամանակ կգա վերջը»:

Հիսուսն էլ պատասխանեց և ասեց նրանց. «Զգուշացեք, որ մեկը ձեզ չխաբե։ Որովհետև շատերը կգան Իմ անունով և կասեն. «Ես եմ Քրիստոսը». Եւ շատերին կմոլորեցնեն։ Պատերազմներ և պատերազմների համբավներ կլսեք, զգույշ կացեք, որ չշփոթվեք. Որովհետև ամենը պետք է լինի. Բայց դեռ վերջը չէ։ Որովհետև ազգ ազգի վրա վեր կկենա, և թագավորություն թագավորության վրա. Եւ սովեր կլինեն. Եւ մահտարժամներ՝ և տեղ տեղ երկրաշարժություններ կլինեն։ Բայց այս ամենը ցավերի սկիզբն է։ Այն ժամանակ ձեզ նեղության կմատնեն, և ձեզ կսպանեն, և Իմ անունի համար ամեն ազգերից ատված կլինեք։ Եւ այն ժամանակ շատերը կգայթակղվեն, և իրար կմատնեն և իրար կատեն։ Եւ շատ սուտ մարգարեներ դուրս կգան՝ և շատերին կմոլորեցնեն։ Եւ անօրենության շատանալու պատճառով շատերի սերը կսառչի։ Բայց ով որ մինչև վերջ համբերե՝ նա կփրկվի։ Եւ արքայության այս ավետարանը բոլոր տիեզերքում կքարոզվի ամեն հեթանոսներին վկայություն լինելու համար, և այն ժամանակ կգա վերջը»։ Մատթևոս 24:4-14

Սադհուի առաջին ճամփորդությունները (1-ին մաս)

(Նախորդը՝ Անվնաս մահադեղ)
   1906-ի վաղ գարնանը Սադհուն Շիմլայից սկսեց իր միսիոներական առաջին ճամփորդությունը դեպի Տիբեթի սարահարթի հնդկական գյուղերը: Մինչ դեպի հյուսիս բարձրանալը նա որոշեց «հետախուզական» նպատակով շրջագայել Բենջաբի արևմտյան տարածքներով:
   Անընդհատ դեպի արևմուտք ճամբորդելով և Խայբերի լեռնանցքը կտրելով՝ նա վերջապես անցավ Աֆղանստանի սահմանը և տեսնելով, որ այդտեղի ժողովուրդը հոգևորապես ավելի սարսափելի վիճակում է, քան հնդիկները, որոշեց միառժամանակ մնալ այնտեղ և ավետարանել: Նա ավետարանչի հաստատուն քայլերով շրջում էր հեթանոս աֆղանների չքավոր գյուղերով և վերջապես հասավ Ջելալաբադ: Մի քանի օր ավետարանելու արդյունքում նրան լրտես հայտարարեցին և դուրս վռնդեցին քաղաքից: Մի քանի երիտասարդներ որոշեցին գիշերը ճանապարհին սրախողխող անել նրան, բայց բնիկներից մեկը, պատահաբար իմանալով այդ մասին, զգուշացրեց Սադհուին, որովհետև նրա մեջ միայն անկեղծություն և մաքրություն էր տեսել: Սադհուն հեռացավ քաղաքից և մոտակա առաջին գյուղը հասնելով՝ ապաստան փնտրեց, բայց գյուղացիները նրան գիշերելու տեղ չտվեցին: Գյուղից դուրս գալով՝ նա տեսավ ճամփեզրի խարխուլ, դատարկ ու անբնակ պանդոկը և այնտեղ հանգրվանեց: Երբ առավոտյան դուրս եկավ պանդոկից, անցնող գյուղացիները, նրան տեսնելով զարմացած աղաղակեցին. «Դու ո՞ղջ ես մնացել... ուրեմն իսկապես Աստծո ընտրյալ ես»: Պարզվեց, որ այդ պանդոկը օձերով, կարիճներով, թունավոր միջատներով, մեռածների ոսկորներով ու հիվանդություններով լցված որջ էր, և այնտեղ մտնող անտեղյակ օտարականներից դեռ ոչ ոք դուրս չէր եկել: Գյուղացիները նրան բարեկամաբար գյուղ բերեցին, հյուրասիրեցին և խնդրեցին, որ իրենց գյուղում մնա: Օրեր անց նրանք Սադհուին առաջնորդեցին դեպի հարևան գյուղերը՝ վկայակոչելով նրա հետ կատարված հրաշքը և բարեպաշտ կյանքն ու բարքը: Կարճ ժամանակից աֆղաններն այնպես սիրեցին ու կապվեցի Սադհուին, որ խոստացան մտածել Քրիստոսի առաջարկած կյանքի մասին, իսկ նրանք, ովքեր իրենց սրտերը Հիսուսին տվեցին, Սադհուին առաջարկեցին ընդմիշտ մնալ իրենց մոտ: Մի քանի ամիսների ընթացքում գրագետ գյուղացիներից ոմանք գրեցին Քրիստոսի մասին Սադհուի պատմած առակներն ու հրաշքները, իսկ ոմանք ուղղակի արտագրեցին Ավետարանը՝ փոխադրելով աֆղաներենի: Շատ հուզիչ էր Սադհուի հետադարձի օրը: Բազմաթիվ գյուղացիներ, նրա աղոթքով բժշկվածներ և նորադարձ քրիստոնյաներ հավաքվել էին հրաժեշտ տալու իրենց տարածք մտած առաջին առաքյալին: Սադհուն մերժեց նրանց նյութական բոլոր աջակցությունները, բայց չկարողացավ կոտրել քրիստոնյա քույրերի սերը, ովքեր իրենց ձեռքերով Սադհուի համար բրդյա տաք ծածկոց էին գործել ու հնդկական գլխարկ-փաթաթոց կարել: Սադհուն միշտ մեծ համակրանքով ու ջերմությամբ էր պատմում Ջելալաբադում անցկացրած իր շաբաթների մասին:

Նրա հոգին խաղաղությամբ լցվեց...

   Մի ահգամ այցելուն ռադիոքարոզչին պատմեց իր դարձի գալու պատմությունը: Նա ասաց, որ սկզբում դատապարտված էր և բանտում անցկացրեց 5 տարի. ժամանակի ավարտից հետո ցանկացավ սկսել նորմալ կյանք, բայց նրա մոտ ոչինչ չստացվեց: Նա կրկին հանցագործություն կատարեց և նորի դատապարտվեց, բայց արդեն 15 տարի:
   Մի անգամ կիրակի օրը խցում նստած տեղական ռադիոյով նա լսեց քարոզ: Քարոզիչն ասում էր. «Մենք երբեք չենք կաող փրկություն ձեռք բերել մեր ուժերով, ինչքան էլ որ մենք ձգտենք անել: Փրկություն հնարավոր է ձեռք բերել միայն Տեր Հիսուս Քրիստոսին հավատքի միջոցով»: Այս քարոզից հետո նա որոշեց հանդիպել բանտի կաթոլիկ քահանայի հետ: Բայց այդ զրույցը նրան ոչինչ չտվեց, քանի որ քահանան սկսեց խոսել այն մասին, որ նա պետք է լավացնի իր պահվածքը: Բայց նա արդեն բազմակի անգամներ ձգտել էր դա անել, բայց նրա մոտ ոչինչ չէր ստացվել: Այդ ճանապարհը նրան փակուղի էր տարել:
   Դրանից հետո նա ոչ մի կերպ չէր կարողանում քնել և վերջապես աղերսանքով բղավեց. «Տե՛ր Հիսուս, ես զղջում եմ իմ մեղքերի համար և խնդրում եմ, որ դու դառնաս իմ Փրկիչն ու Տերը»: Եվ ի՞նչ կատարվեց: Նրա հոգին խաղաղությամբ լցվեց, և նա հասկացավ, որ փրկություն է ձեռք բերել:
   Մեզանից ոչ ոք չի կարող փրկություն ձեռք բերել իր սեփական ուժերով: Միայն Հիսուս Քրիստոսի զոհողության հավատքի միջոցով է հնարավոր ձեռք բերել խաղաղություն Աստծո հետ և հավիտենական կյանք:
   Արդ մենք հավատքով արդարացած լինելով, խաղաղություն ունենք Աստծո հետ՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով: Հռովմեացիս 5:1

Մեր պատերազմը արյունի եւ մարմնի հետ չէ...

Այսուհետև, եղբայրներս, զորացեք Տերով եւ Նրա զորության կարողությունով։ Եւ Աստծո սպառազինությունն հագեք, որ կարող լինեք սատանայի հնարքներին հակառակ կենալ։ Որովհետև մեր պատերազմը արյունի եւ մարմնի հետ չէ, այլ իշխանությունների եւ պետությունների հետ, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ, որ երկնավորների մեջ են։ Սրա համար Աստծո սպառազինությունն առեք, որ կարող լինեք հակառակ կենալ չարության օրումը, եւ ամենը կատարելով հաստատ կանգնել: Եփեսացիս 5:10-13 

Քեզ համար է գրված...

Աստվածաշունչը ողջ մարդկության կյանքում շատ կարևոր դեր ունի:
   Երբ մի ընկերություն արտադրում է ինչ որ մի սարք կամ մեքենա, թողարկում է նաև գծագիր և գիրք, որտեղ նկարագրվում է տվյալ սարքի մասին, թե ինչպես պետք է աշխատի տվյալ սարքը, ինչ է կարելի կամ ինչ չի կարելի այդ սարքին: Ինչ պայմաններում է աշխատում ու մի քանի նախազգուշացումներ: Եվ նաև նշվում է, որ անսարքության կամ բարդությունների դեպքում դիմել սերվիս (մասնագետներին): Նաև անսարքության դեպքում կարողանում ենք վերանորոգել գծագրով:
   Ինչպես սարքերը, այնպես և մարդը ունի «գծագիր», դա
Աստվածաշունչն է:
   Աստվածաշնչում գրված է մարդու համար կարևոր ամեն բան, թե ինչ է կատարվում մարդու ներքնաշխարհում, ինչի կարիք ունի մարդը, ոնց և ինչի համար է ստեղծվել, և ինչ է լինելու մարդկության վերջը: Նաև ամենից կարևորը՝ փրկության հարցը, Հիսուս Քրիստոսի միջոցով և այլ շատ կարևոր բաներ:
   Օրինակ եթե դու տխուր ես, հուսահատ, մեղավոր, ջախջախված, լքված, անխաղաղ, և այլ վիճակների մեջ, քեզ կօգնի Աստվածաշունչը: Իսկ եթե չես հասկանում, դիմիր «Մասնագետին», քեզ Արարող Ամենակարող Աստծուն, Նա քեզ հասկանում է, քանզի Նա է քեզ արարել ու գիտի թե ինչի կարիք ունես հիմա: Բայց մոտեցիր Նրան ճշմարիտ սրտով:
   Աստվածաշունչը կենդանիների, բնության, անգամ հրեշտակների համար չի գրված, այլ քո համար է գրված: Այնպես որ հավատքով կարդա Աստվածաշունչ:

Չարչարանքների միջով դեպի հաղթանակ

   Ներոն կայսրը ատում էր քրիստոնյաներին: Եվ հիմնական պատճառը նա էր, որ նա լիարժեք իշխանություն ուներ իր հպատակների կյանքի և մահվան վրա, և նրանք շատ էին վախենում նրանից: Միայն քրիստոնյաները չէին վախենում կայսրից, որովհետև նրանք չէին վախենում մահից: Նրանք գիտեին, որ մահն իրենց չի բաժանի Աստծո սիրուց: Նրանք գիտեին, որ մահվանից հետո իրենց սպասվում է ուրախալի հանդիպում Քրիստոսի հետ: Այդ պատճառով էլ շատ քրիստոնյաներ երգում էին, երբ նրանց տանում էին մահապատժի: Նրանք գիտեին, որ Ներոնը կարող է սպանել իրենց մարմինը, բայց ոչ հոգին:
   Ամբողջ ամառ Ներոնը այցելեց ամֆիթատրոն, որտեղ նա զվարճանում և զվարճացնում էր հռոմեացիներին: Նրանք դիտում էին, թե ինչպես են քրիստոնյաներին գցում վայրի գազանների առաջ, որպեսզի հոշոտեն:
   Եկավ ձմեռը և քանի որ ամֆիթատրոնը բացօդյա էր՝ փակեցին:
   «Ի՞նչ անել մնացած քիրստոնյաներին, - մտածեց Ներոնը: - Թող սառչեն»:
   Նա հրամայեց, որ գերիներին տանեն լիճ, որն այդ ժամանակ ծածկված էր սառույցով, մերկացնեն նրանց և սպասեն, մինչև որ կմահանան կամ էլ ուրանալով հավատքը՝ կգնան խարույկի մոտ: Պահակապետը, որը ստացավ այս ցուցումները, բանտարկյալներին տարավ նշված տեղը: Զինվորները խարույկ վառեցին և սկսեցին կերակուր պատրաստել:
Անսպասելիորեն նրանք լսեցին մի երգ, որը սկսեց հնչել ավելի ուժգին:
   «Չարչարանքների միջով դեպի հաղթանակ
իմ Քրիստոսն էր գնում:
Չարչարանքների միջով դեպի հաղթանակ
Նա ինձ էր տանում...»:
   Ջոկատի հրամանատարը՝ սպան, լսում էր այդ երգը տխրությամբ: Նա նույնպես գիտեր Տիրոջ այդ ճանապարհը: Նա հավատում էր, որ այդ ճանապարհը տանում է դեպի հավիտենական կյանք, սակայն երբեք չէր համարձակվում խոստովանել դա. շատ բան էր նա տեսել քրիստոնյաների մահապատիժների ժամանակ:
   Եվ հանկարծ երգը դադարեց: Զինվորները նայեցին լճին: Ափից ոչ հեռու պառկած էր մի սառած մարդ: Նա չդիմացավ ցրտին և սովին: Զինվորները ծիծաղեցին:
   Հանկած ճնշող լռության մեջ բոլորը լսեցին զսպված ճիչ.
   -Ես չեմ ցանկանում, ես չեմ ցանկանում մեռնել: Ես հրաժարվում եմ Հիսուսից:
   Գերիների խմբից բաժանվեց բարձրահասակ մի տղամարդ: Նա վազեց դեպի զինվորները... Նրան անմիջապես, ինչպես ասված էր հրամանում, հրավիրեցին խարույկի մոտ, հագցրին, ուտելիք տվեցին:
   Երգը չեր լսվում: Քրիստոնյաները լուռ կանգնած էին սառույցի վրա:
Լսվում էին միայն զինվորների դառը կատակներն ու խոսակցությունները:
Հանկարծ ծիծաղը միանգամից դադարեց. նրանց հրամանատարը վեր կացավ, վայր գցեց տաք հագուստը և ուղղվեց դեպի լիճը՝ կանգնածների մոտ:
Նրան ընդունեցին ուրախալի ողջյուններով: Եվ նոր ուժով հնչեց երգը.
«Չարչարանքների միջով դեպի հաղթանակ
իմ Քրիստոսն եր գնում:
Չարչարանքների միջով դեպի հաղթանակ
Նա ինձ էր տանում...»:

Նրա սիրտը սարսափից թուլացավ...

   Հարևան գյուղում ապրող քույրիկը հիվանդացել էր: Գյուղը հեռու չէր՝ ընդամենը տասներկու կիլոմետր, բայց ճանապարհն անցնում էր անմարդաբնակ վայրերով՝ դաշտերի միջով, մեծ անտառի կողքով, որտեղ, ասում են, գայլեր են հայտնվել: Խոսակցություններ էին տարածվել, որ գայլերը հոշոտել են մի կնոջ:
   Ավտոբուսով, շրջկենտրոնով գնալու դեպքում մի քանի օր ժամանակ էր պահանջվում: Վանյան խորհրդակցեց կնոջ հետ, աղոթեցին, և որոշեց գնալ կարճ ճանապարհով, հեծանվով: Կինը քաղցրավենիք, ընծաներ պատրաստեց քրոջ երեխաների համար, քրոջ համար` ինչ-որ դեղեր և օրհնելով ճանապարհ դրեց ամուսնուն:
   Քեռի Վանյան քրոջ մոտ հասավ առանց պատահարի: Հորդորեց և մխիթարեց նրան, երեխաներին տվեց քաղցրավենիքը, աղոթեցին միասին, և օրվա երկրորդ կեսին ճանապարհվեց տուն: Ահա ավարտվում է անտառը, մնացել է մի ոչ մեծ բլրակ, ապա դաշտերը, և արդեն տուն կհասնի: Քեռի Վանյան ուզեց իջնել հեծանվից, որպեսզի ոտքով գնա, քանի որ բարձրանալիս հեծանվի ոտնակները պտտելը դժվար է: Բայց նոր էր ոտքը գետնին կպել, երբ ակամա ետ նայեց և… նրա սիրտը սարսափից թուլացավ. հետևից վազում էին երկու գայլ:
   Նա անմիջապես ցատկեց հեծանվի վրա և ամբողջ ուժով պտտեց ոտնակները: Բայց բլուրն ի վեր այն քան էլ արագ չես գնա, իսկ գայլերը մոտենում էին: Երբ արդեն մնացել էր մի տասը մետր, քեռի Վանյան հասկացավ, որ փախչել չի հաջողվի: Նա մի կողմ դրեց հեծանիվը, շրջվեց դեմքով դեպի գայլերը և ընկավ ծնկների վրա: «Տե՜ր Աստված: Ես գիտեմ, որ Դու ամենազոր ես, Դու կարող ես գայլերի բերանը փակել, ինչպես մի ժամանակ փակեցիր առյուծների բերանը` պաշտպանելով Դանիելին, Քո ծառային: Ես ոչինչ չունեմ հպարտանալու, ես այնպես ուժեղ և խիզախ չեմ, ինչպես Դանիելը, բայց Դու, ո՛վ Տեր, նույնն ես, Դու կարող ես ինձ պաշտպանել»:
   Աչքերը բացելով` քեռի Վանյան տեսավ, որ գայլերը նստել են իրենից ոչ հեռու և աչքերը չռել են իր վրա: Նա նորից սկսեց ջերմեռանդորեն խնդրել Տիրոջ օգնությունը: Բայց գայլերը տեղից չէին շարժվում: «Բայց եթե Դու, ով Հայր, - աղոթում էր նա,- ուզում ես դադարեցնել իմ կյանքը, թող Քո կամքը լինի: Պատրաստի՛ր ինձ Քեզ հետ հանդիպմանը և վերցրո՛ւ իմ հոգին»:
   Բացելով աչքերը` քեռի Վանյան տեսավ, որ գայլերը շրջվելով փախչում են ճանապարհով` հեռանալով իրենից: «Նշանակում է դեռ այս երկրից գնալու ժամանակը չէ», - որոշեց նա և մեծ երախտագիտությամբ խոնարհվեց Տիրոջ առջև՝ փառաբանելով Նրան սքանչելի ողորմության համար: Ապա վերցրեց հեծանիվը և գնաց ճանապարհով` ուրախանալով հրաշքի համար:

Կիրակնօրյա դպրոցի
''Наследие'' ժողովածուից

Ձեզ կհաջողվե՞ր կենդանի մնալ...

   Պատմում են, որ մի հարուստ եվրոպացի, ճանապարհորդելով հասնում է Օկեանիայի մի հեռավոր կղզի, որտեղ նա հանդիպում է տեղի առաջնորդին: Նրա հետ զրույցի ընթացքում հարցնում է.
- Այնտեղ՝ արմավենիների հետևում, ես զանգակատուն եմ տեսնում, որի գլխին խաչ կա: Դա նշանակում է՝ դուք քրիստոնյա՞ եք:
- Այո, - պատասխանում է զրուցակիցը,- դեռ անցյալ դարի սկզբից, երբ այստեղ եկան ավետարանիչները, նրանք էլ մեզ մկրտեցին:
- Ավետարանիչնե՞րը, - ծիծաղում է եվրոպայից եկած հյուրը, - մա՞րդ եք գտել հավատալու համար: Նրանք մարդկանց խաբում են՝ նրանց հաշվին հարստանալու համար: Ինչ վերաբերվում է Աստվածաշնչին, ապա այն հետաքրքիր գիրք է, բայց վաղուց հնացել է, իսկ Հիսուս Քրիստոսը պարզապես հեքիաթ է: Ժամանակակից մարդն այլևս չի հավատում այդ բաներին:
Այդ ժամանակ կղզիաբնակն ասաց.
- Դուք տեսնո՞ւմ եք այն մեծ քարը: Մեր նախնիները այդ քարի վրա ջարդում էին բոլոր նրանց գլուխները, ովքեր մեծ նավերով գալիս էին մեր կղզի օտար երկրներից: Տեսնո՞ւմ եք այդ քարի կողքին գտնվող հնոցի մնացորդները: Այդ հնոցի մեջ մարդկային միս էր եփվում... Ի՞նչ եք կարծում, եթե մենք քրիստոնյա դարձած չլինեինք, Ձեզ կհաջողվե՞ր կենդանի մնալ, դեռ մի բան էլ ծիծաղել այն բանի վրա, որ մենք քրիստոնյա ենք:

Աստծու Խոսքը ծռողը անպայման վնաս կկրի (վկայություն)

   Խաղաղություն, սիրելի Աստծու ժողովուրդ: Ես ուզում եմ ձեզ ներկայացնել Աստծու կատարած հրաշքը, որը տեղի ունեցավ իմ երեխայի կյանքում: Տղաս՝ Աշոտը, սովորում է երկրորդ դասարանում: Առաջին դասարանի երկրորդ կիսամյակում նա մի քանի անգամ բողոքեց տեսողությունից, բայց ես ուշադրություն չէի դարձնում: Հետո, երբ փոխադրվեց երկրորդ դասարան, նեղսրտած ասաց.
– Մայրի՛կ, ես գրատախտակի տառերը չեմ տեսնում:
   Մյուս օրն ինձ նույն բանն ասաց նաև ուսուցչուհին: Մենք սկսեցինք որոշակի հեռավորությունից տառեր ցույց տալ նրան, բայց երեխան չէր տեսնում:
   2015 թ. հոկտեմբերի 14-ին եղբորս՝ Հայկի հետ երեխային տարանք քաղաքային թիվ 132 մանկական պոլիկլինիկա: Բժիշկը տարբեր սարքավորումներով ստուգեց երեխայի աչքերը, վեց մետր հեռավորությունից տառեր ցույց տվեց, բայց երեխան տեսավ միայն առաջին ամենամեծ տառը: Բոլոր տեսակի ստուգումներից հետո բժիշկն ասաց, որ երեխային չի կարող ակնոց նշանակել, քանի որ դա չի օգնի: Բժիշկը շատ զարմացած էր, որովհետև երեխայի աչքերն առողջ էին, բայց նա ընդամենը 20 տոկոս էր տեսնում: Նա ասաց, որ դա կարող է լինել ինչոր մի թաքնված հիվանդություն, որը դեռ նոր պետք է ի հայտ գա, կամ էլ առաջացել է համակարգչով կլանված խաղալուց: Բժիշկը դեղեր նշանակեց և ասաց, որ մեկ ամիս օգտագործելուց հետո նորից գնանք ստուգման: Նաև ավելացրեց, որ երեխան պետք է ոչ միայն չխաղա համակարգչային խաղեր, այլև նույնիսկ մոտ չգնա հեռախոսին կամ համակարգչին:
   Չնայած նրան, որ մեր եկեղեցու հովիվը բազում անգամներ քարոզել էր համակարգչով չտարվելու մասին, մեր ընտանիքում միշտ եղել էր այն միտքը, որ երեխաները պետք է զարգանան և ետ չմնան ուրիշներից: Իմ տղան փոքր հասակից համակարգչի դիմաց է եղել: Նա ամբողջությամբ կլանված էր համակարգչով: Երբ մենք հիվանդանոցից վերադառնում էինք, նա ճանապարհի բարձրահարկ շենքերը մոտավորապես հարյուր հիսուն մետր հեռավորությունից չէր տեսնում:
   Եղբորս՝ Հայկի հետ ծնկեցինք աղոթելու: Ամեն անգամ, երբ ինձ հետ ինչ-որ նեղություն էր պատահում, ես աղոթքներիս մեջ կարծես արդար էի տեսնում ինձ և միշտ Տիրոջից հարցնում էի, թե ինչո՞ւ է ինձ հետ նման բան պատահել: Սակայն այս անգամ աղոթքս այլ էր: Ես ասում էի. «Հա՛յր, ինչ դժվարություն որ ինձ համար պատրաստել ես՝ տո՛ւր, միայն օգնիր, որ կամքդ ինձ հաճելի լինի, և ես չպատերազմեմ Քո դեմ»:
   Անհամբեր սպասում էի, թե երբ պետք է Աննան՝ հարսս, տուն գար: Նա գնացել էր հավաքույթի, և ես մեծ հույսով սպասում էի, որ նա Աստծու Խոսքից ինչ-որ հանգստացնող բան կասի: Երբ նա եկավ, ես սենյակում անուժ նստած լաց էի լինում և, լսելով նրա ձայնը, դուրս եկա սենյակից ու սկսեցի պատմել, թե ինչ է եղել: Նա խաղաղությամբ լսեց և ասաց. «Իսկ դու ի՞նչ էիր սպասում: Երեխան կորուստ էր գնում: Պետք է գոհանանք Աստծուց, որ Նա Իր մեծ ողորմությամբ ուզում է ետ պահել նրան այդ ամենից, և Աստծու Խոսքից ավելացրեց, Աստծու Խոսքը ծռողը անպայման վնաս կկրի»: Այդ ժամանակ ես հասկացա, որ պատահածը մեր անուշադրության հետևանքն է:
   Այդ օրը հորաքույրս այցելել էր մեզ: Սեղանին դրված էր թթվասերի սպիտակ ամանը, որի վրայի կարմիր գույնի խոշոր տառերով գրվածքը հորաքույրս ցույց տվեց երեխային, սակայն նա նույնիսկ դա չկարողացավ կարդալ, որովհետև չէր տեսնում: Հորաքույրս նույնպես շատ զարմացավ:
   Աննան Աշոտիկի հետ գնաց սենյակ՝ աղոթելու: Ես լաց էի լինում, բայց զգում էի նրանց աղոթքի ջերմությունը: Այդ պահին փոքր տղաս վազելով եկավ և ցանկանում էր մտնել սենյակ, սակայն հորաքույրս, որ հավատացյալ չի, չթողեց, որպեսզի չխանգարի աղոթողներին:
   Հանկարծ Աշոտիկը սենյակից ուրախ-ուրախ դուրս թռավ՝ գոռալով. «Մայրի՛կ, ես տեսնում եմ»: Ես շշմած երեխային էի նայում: Նրա դեմքն ուրախությունից փայլում էր: Ես Աննային հարցրի, թե ինչ է կատարվում: Նա պատմեց, որ նախքան աղոթելը ինքն Աշոտին հորդորել է հավատալ, որ Հիսուսը կարող է իրեն բժշկել: Հետո պատմել է կույրի բժշկվելը, թե ինչպես Նա մի փոքր հող վերցրեց, դրեց կույրի աչքերին և բժշկեց: Միայն թե պետք է հավատքով խնդրել: Երեխան աղոթքի ժամանակ շատ սրտանց խնդրել է. «Աստվա՛ծ իմ, ների՛ր ինձ, որ ես խաղացել եմ, չեմ հասկացել: Ես փոքր եմ, իսկ Դու՝ Մեծ: Խնդրում եմ իմ միջից ջնջի՛ր այդ խաղի ոգին, ես այլևս չեմ խաղա: Խնդրում եմ ինձ բժշկիր»:
   Հետո տղաս պատմեց. «Աղոթքի ժամանակ ես տեսա, թե ինչպես է երկինքը բացվում, և Հիսուսը իջնում է ներքև: Լսվում էր շատ գեղեցիկ երաժշտություն: Ես ծովի վրա նստած էի նավի մեջ: Ծովը ալեկոծվում էր, և երբ Հիսուսը իջավ ծովի վրա, ձեռքը բարձրացրեց, և ծովը հանդարտվեց: Նա ծովի վրայով մոտեցավ ինձ: Ես ճանաչեցի Հիսուսին՝ Նա փայլում էր լույսի պես: Ես մտածեցի, որ Հիսուսը ինձ մոտ է գալիս և շատ ուրախացա այդ մտքից: Հիսուսն ինձ մոտենալով ժպտաց, բայց հետս չխոսեց: Միայն ձեռքերը դրեց աչքերիս և պտտվելով երկինք բարձրացավ: Ես այդ պահին աղոթքս ավարտեցի և «ամեն» ասելով բացեցի աչքերս. Նա արդեն չկար»:
   Այդ պահին երեխան սենյակում սկսեց տեսնել որոշ իրեր, որոնք մինչ այդ չէր տեսել: Մենք իրար անցնելով սկսեցինք նրան տառեր ցույց տալ: Նա տեսնում էր նույնիսկ ամենափոքր տառերը: Հորաքույրս զարմացած էր: Նա ներկա էր այս հրաշքին և շփոթված մեզ էր նայում:
   Հաջորդ օրը, վերցնելով բոլոր դեղերը, գնացինք բժշկի: Մեզ հետ կատարված հրաշքը պատմեցինք նրան և խնդրեցինք ևս մեկ անգամ ստուգել երեխայի աչքերը: Բժիշկը շատ հետաքրքրված էր ու զարմացած: Նա ներս կանչեց Աշոտին և խնդրեց ամեն բան պատմել իրեն: Նա լսում էր շատ մեծ ուշադրությամբ: Երբ երեխան վերջացրեց, խնդրեց բժշկին նորից ստուգել իր աչքերը: Նա տեսնում էր բոլոր տառերը, նույնիսկ ամենափոքրերը: Այնուհետև բժիշկը փակեց Աշոտի աջ աչքը և ստուգեց ձախի տեսողությունը, որից հետո փակեց ձախ աչքը և ստուգեց աջի տեսողությունը: Երեխան երկու աչքով էլ տեսնում էր գերազանց: Բժիշկը շոկի մեջ էր: Նա հուզմունքից փշաքաղվել էր և Աշոտին ասաց. «Աշոտի՛կ դու գիտե՞ս, որ Աստված քեզ սիրում է»: Աշոտը պատասխանեց. «Այո՛, ես գիտեմ»: Նա շատ համարձակ էր: Բժիշկն անընդհատ կրկնում էր, որ շատ ուրախ է մեզ համար և խոսքեր չունի ասելու:
   Ես այս ամենը պատմեցի Աստծու անվան ու փառքի համար: Թող Աստված ողորմի և ազատագրի այն երեխաներին, որոնք տարված են համակարգչային խաղերի ոգով, և թող ծնողներին էլ տա իմաստություն, որ իրենց երեխաներին կրթեն ու դաստիարակեն Աստծու հոգով: Ամեն:
Սյուզաննա Արտեմյան
Բարի լուր