Եւ ինչպէս Նոյի օրերը

Եւ ինչպէս Նոյի օրերն, այնպէս կ’լինի եւ մարդի Որդու գալուստը։ Որովհետեւ ինչպէս որ էին ջրհեղեղից առաջ եղած օրերը, ուտում էին եւ խմում էին, կին էին առնում եւ մարդի էին գնում, մինչեւ այն օրն, որ Նոյը մտաւ տապանը. Եւ չ’գիտացին, մինչեւ որ ջրհեղեղն եկաւ, եւ ամենքը վեր առաւ, այնպէս կ’լինի եւ մարդի Որդու գալուստը։ Այն ժամանակ երկու հոգի կ’լինին արտումը. Մէկը կ’առնուի՝ եւ մէկը կ’թողուի։ Եւ երկու հոգի մի ջաղացում կ’աղան՝ մէկը կ’առնուի եւ մէկը կ’թողուի։ Արդ՝ արթուն կացէք. Որ չ’գիտէք թէ ո՞ր ժամում ձեր Տէրը կ’գայ։ Բայց այս իմացէք, որ եթէ տան տէրը գիտենար թէ որ պահում կ’գայ գողը, արթուն կ’կենար եւ թող չէր տալ որ իր տունը ծակեն։ Սորա համար դուք էլ պատրաստ կացէք որ այն ժամին, որ դուք չէք կարծում, մարդի Որդին կ’գայ։ Մատթեոս 24:37
   Տերը շուտով գալու է, այս խոսքերը, որ մեր Տեր Հիսուսը խոսեց, այս ժամանակներում ավելի է իրականանում, երբ տեսնում ենք աշխարհում կատարվելիքը:
Պետրոս առաքեալը հստակ ասում է Նոյի օրերի մասին, երբ Նոյը պատրաստում էր տապանը: Գրված է. «...Որոնք մի ժամանակ ապստամբ էին, երբոր Աստուծոյ երկայնմտութիւնը համբերում էր նորանց Նոյի օրերումը տապանը պատրաստուելիս, որի մէջ քիչ այսինքն ութ հոգի ջրիցը պրծան» .2Պետ. 3.20: Ապստամբ մարդիկ չլսեցին արդարության քարոզչին՝ Նոյին: Աստուծոյ երկայնմտութիւնը համբերում էր նորանց Նոյի օրերումը տապանը պատրաստուելիս: Աստված համբերում էր և սպասում՝ միգուցե մեկը դառնա: Ի՞նչ եք կարծում, եթե մեկը դառնար իր չար ճանապարհից, մի՞թե չէր մտնի Նոյի հետ տապան, մի՞թե Աստված չէր փրկի նրան:
   Աստված այսօր էլ երկայնամտությամբ համբերում է մեզ, որ դառնանք մեր չար ճանապարհներից և մնտենք «Տապան»: Հետաքրքիր է, Նոյը չգնաց հավաքեր կենդանիներից ամեն տեսակ՝ արու և էգ, այլ կենդանիները եկան տապան փրկվելու համար: Զոյգ զոյգ արու եւ էգ գնացին Նոյի մօտ տապանի մէջ, ինչպէս որ Աստուած Նոյին պատուիրել էր։ Ծննդոց 7.9: Տերը այսօր էլ սպասում է մեզ: Տէրը չի ուշացնիլ խոստումը, ինչպէս ոմանք ուշացնել են կարծում, բայց երկայնամիտ է լինում մեզ վերայ, որովհետեւ չէ կամենում որ կորչողներ լինեն, բայց որ ամենն ապաշխարութեան հասնեն։ 2Պետ. 3.9: Նա սպասում է, որ մի գուցե դարձի գանք, և ի՞նչ գիտես, երևի քեզ է սպասում, մի նայիր կողքինիդ, նայիր քեզ. փրկվա՞ծ ես, ընդունե՞լ ես Հիսուսին. մի՛ ուշացիր: Դեռ դուռը բաց է, փառք Հիսուսին, որ Նա մեզ համար բարեխոսում է, Նա երկարացրեց օրերը. «...նա պիտի սերունդ տեսնէ, եւ օրերը երկարացնէ»:Եսայիա 53.10:
   Այսօր արդարություն է քարոզվում, հավատքով արդարանալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով: (Կարդա՛ Աստվածաշունչ): Տեր Հիսուսը ասում է. «Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կ’տամ ձեզ»։ Մատթ. 11.28
«...Ինձ մօտ եկողին ես դուրս չեմ հանիլ»։ Հովհ. 6.37
Ժամանակն է ավելի լուրջ մոտենալ այս հարցին: Ոչ ոքի չնայել, ոչ ոքի կարծիքներն ու խոսքերը հաշվի չառնել: Ոչ ոք քեզ համար չխաչվեց, մեղքերիդ համար քո փոխարեն խաչի վրա չմահացավ, միայն Հիսուսը: Նա սպասում է և չի ուզում, որ կորսվենք: Այսօր դատաստանի օրը չէ, այսօր փրկության օրն է: Շտապի՛ր, աշխարհը շատ արագ գնում է կորուստ, դա այդպես է, դու լավ ես տեսնում այդ. ապաշխարի՛ր շտապի՛ր...

"Հայրի՛կ էլ աղոթք մի արա..."

   Եւ կանչիր ինձ նեղութեան օրումը. Եւ ես կազատեմ քեզ, եւ դու կփառաբանես ինձ։ Սաղմոս 50.15
   Ռիչարդ Վիվերը, նախկին հանքափորը, որ շնորհատու քարոզիչ էր, մի օր ծանր վիճակ ապրեց իր ընտանիքով: 36 ժամ է, ինչ նրանք ուտելու ոչինչ չունեին:
   Տանը ո՛չ մթերք էր մնացել, ո՛չ էլ դրամ: Նրանք երեքով նստեցին սեղանի շուրջ: Վիվերը մի հատված կարդաց Աստվածաշնչից: Ապա ծնկի եկան աղոթքի: Սակայն փոքրիկ տղան բռնեց հոր ձեռքից և ասաց. «Հայրի՛կ, էլ աղոթք մի՛ արա: Ես քաղցած եմ: Հետո կաղոթես»: Ապա լաց լինելով շրջվեց մորը. «Մայրի՜կ, ասա, որ հայրիկը էլ աղոթք չանի: Մենք ուտել ենք ուզում»: Ի՞նչ կարող էր անել հայրը. նա շարունակեց աղոթքը՝ սպասելով պատասխանի: Հանկարծ դուռը թակեցին: Վիվերը վեր կացավ և գնաց դուռը բացելու: Փոստատարն էր, Վիվերին նամակ էր բերել: Մի անծանոթ հինգ ֆունտ ստեռլինգ էր ուղարկել:
   Սիրելի՛ ընթերցող, դու այս Աստծուն ճանաչո՞ւմ ես: Թե նեղության մեջ ես և դուրս գալու ելք չես տեսնում, իմացիր, որ այդ դժվարություններից Աստված կարող է քեզ ազատել: Դու ոչ միայն դուրս գալու ելք կգտնես, այլև կճանաչես ամենակարող Աստծուն որպես Փրկիչ-Աստված, որն Իր միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին մահվան մատնեց քեզ փրկելու ամենամեծ չարիքից՝ քո մեղքերից:
Նա քեզ համար էլ ելքի ճանապարհ ունի:
1 Սկզբումն էր Բանը. Եւ Բանն Աստուծոյ մօտ էր. Եւ Բանն Աստուած էր։
2 Նա սկզբումն Աստուծոյ մօտ էր։
3 Ամեն ինչ նորանով եղաւ, եւ առանց նորան ոչինչ չ’եղաւ, ինչ որ եղաւ։
4 Նորանով էր կեանքը, եւ կեանքը մարդկանց լոյսն էր։
5 Եւ լոյսը խաւարումը լոյս է տալիս. եւ խաւարը չ’իմացաւ նորան։
6 Մի մարդ եղաւ Աստուածանից ուղարկուած, անունը Յովհաննէս։
7 Սա վկայութեան համար եկաւ, որ այն Լոյսի համար վկայէ. Որ ամենքը նորանով հաւատան։
8 Նա չէր Լոյսը, այլ որ Լոյսին համար վկայէ։
9 Այն էր ճշմարիտ Լոյսը, որ ամեն մարդի լուսաւորում է, որ գալիս է աշխարհքը։
10 Աշխարհքումն էր, եւ աշխարհքը նորանով եղաւ, եւ աշխարհքը նորան չ’ճանաչեց։
11 Իրանների մէջ եկաւ, եւ իրանները նորան չ’ընդունեցին։
12 Բայց որոնք որ նորան ընդունեցին, իշխանութիւն տուաւ նորանց Աստուծոյ որդիներ լինելու՝ նորանց, որ նորա անունին հաւատում են։
13 Որոնք ոչ արիւնից եւ ոչ մարմնի կամքից, եւ ոչ մարդի կամքից, այլ Աստուածանից ծնուեցան։
14 Եւ Բանը մարմին եղաւ՝ եւ բնակուեց մեր մէջ. եւ նորա փառքը տեսանք՝ ինչպէս Հօրից եղած միածնի փառք՝ շնորհքով եւ ճշմարտութիւնով լիքը։

Հովհաննեսի ավետարան 1գ.

Փրկություն։ Հրայր Ամիրբեկյան

   Սիրելինե՛ր, Ա Պետրոս 1.8-9-ում կարդում ենք. «...դուք չտեսած՝ կը սիրէք, զոր հիմա չեք տեսներ, բայց կը հաւատաք, և ուրախ էք անպատմելի և փառաւորեալ խնդութիւնով, Ձեր հաւատքին վախճանը ընդունելով, այսինքն հոգիներնուդ փրկութիւնը»:
   Եկեք ուշադրություն դարձնենք այս խոսքերին, և քանի որ այս խոսքերն իմ կյանքում կատարվել են, ես կպատմեմ այդ անպատմելի և փառավոր ուրախության մասին:
   Շատ հավատացյալների մեջ հարց է առաջանում՝ վերջապես մենք փրկվա՞ծ ենք, թե՞ ոչ: 
  Տարիներ առաջ ես 70 հոգու հետ ոտքով 300 կիլոմետր գնացել էի ուխտագնացության` Էջմիածնի վանքից Տաթևի վանք: Ամեն երեսուն կիլոմետր քայլելուց հետո հանգստանում էինք, զրուցում տարբեր հարցերի շուրջ: Մի օր հարց առաջացավ՝ վերջապես մեզանից ո՞վ է փրկված:
    Ուխտագնացության որոշ մասնակիցներ ասացին, որ իրենք մեղավոր են ու փրկվելու համար ոչ մի արժանիք չունեն: Երբ ինձ հարցրին, ես պատասխանեցի, որ փրկված եմ: Ինձ ասացին. «Դու հպարտ ես, դրա համար էլ ասում ես, որ փրկված ես: Եթե դու ճանաչես քեզ, այդպիսի բան չես ասի»: Ես պատասխանեցի. «Եթե ես ճանաչեի միայն ինձ, նման բան չէի ասի, բայց քանի որ ես, ինձ ճանաչելով հանդերձ ճանաչում եմ նաև Հիսուսին, ուրեմն վստահ կարող եմ ասել, որ ես փրկված եմ»: Մարդիկ կարծում են, թե փրկությունն իրենք պետք է ձեռք բերեն կամ գնեն իրենց բարի գործերի շնորհիվ: Այսինքն՝ փրկությունը պատկերացնում են որպես բարի գործերի վարձատրություն, բայց իրականում փրկությունը ձրի պարգև է: Այս կապակցությամբ Հռոմեացիս 6.23-ում ասվում է. «Քանզի մեղքին վարձքը մահ է, բայց Աստուծոյ ձրի պարգևը յաւիտենական կեանք՝ մեր Տէրոջը՝ Յիսուս Քրիստոսի ձեռքով»: Եթե դու ուզում ես փրկության կյանքը, ուրեմն դու փրկված ես: Այսինքն՝ եթե դու հավատաս, որ Հիսուսն է կյանքը և Նրանից դուրս կյանք չկա, կփրկվես:
   Ցանկացած մարդ, լինի անհավատ թե հավատացյալ, ուզում է մեկ բան՝ կյանք: Տարբերությունն այն է, թե ո՛ր մարդը ինչի մեջ է տեսնում այդ կյանքը: Անհավատ մարդն իր երջանկությունը` իր կյանքը տեսնում է դրամի, պաշտոնի ու մարդկանցից փառավորվելու մեջ: Այդ է պատճառը, որ անհավատները մշտապես պայքարում են դրանց համար: Հավատացյալ մարդը չի հավատում, որ կյանքը դրամի, պաշտոնի, մարդկանց մեջ փառավորվելու ու իր ցանկությունների կատարման մեջ է: Նա հավատում է, որ կյանքը, երջանկությունը Քրիստոսի մեջ է, և այդ է պատճառը, որ նա ուզում է Քրիստոսի հետ լինել: Փրկվելու համար պետք է ոչ թե ինչ որ բան անել կամ չանել, այլ՝ չմերժել ու ընդունել Քրիստոսին: Եթե ինչ-որ բան բերեն ու անվճար բաժանեն, ո՞ւմ չի հասնի. չի հասնի միայն նրան, ով կմերժի ու չի ուզի: 
   Հայտնի քարոզիչ Սպերջենը, հոգևոր դպրոցի աշակերտներին Աստծու մեծափառությունը և փրկության պարգևը բացատրելու համար, վերցնում է շատ թանկարժեք մի ժամացույց ու, մտնելով լսարան, անտարբեր տոնով ասում է. «Ես այս ժամացույցից հոգնել եմ ու որոշել եմ նվիրել, ով ուզում է՝ թող գա ու վերցնի»: Ուսանողներից ոչ ոք չի մոտենում ժամացույցին, քանի որ բոլորը կարծում են, թե նա կատակում է. ինչպե՞ս կարող է այդ թանկարժեք ժամացույցը հենց այնպես նվիրել: Լսարանում ներկա է լինում տասներկու տարեկան մի երեխա, և նա ասում է. «Կարո՞ղ եմ ես վերցնել, իրո՞ք նվիրում եք»: Սպերջենը պատասխանում է. «Այո՛, նվիրում եմ»: Երեխան վազելով գնում է, վերցնում ժամացույցն ու դառնում ժամացույցի տերը: Սա իրական պատմություն է: Ձրի Շնորհքով փրկությունը չափազանց հրաշալի բան է, այդ իսկ պատճառով էլ մարդը չի կարողանում հավատալ, որ դա իրականություն է: Եթե մենք մեղքի կյանքը մերժում ենք, մենք նույնքան ապահով ու փրկված ենք, որքան Պողոս առաքյալը՝ երկնքում: 
   Ո՛ր պահին դու հավատում ես, որ Հիսուսն է կյանքը, ճիշտ այդ պահից դու փրկված ես՝ անկախ քո վիճակից (թեկուզ՝ ջարդված, ջախջախված, մեղքից պարտված, հուսահատված): 
   Երբ մարդը հասկանում է սա և հավատում է, նրա կյանքում գալիս է անպատմելի ու փառավոր մի ուրախություն: Եթե նա մի ժամանակ փրկություն էր խնդրում, այժմ արդեն շնորհակալություն է հայտնում, որ փրկված է: Ես չեմ ուզում՝ այնպիսի տպավորություն լինի, իբր մենք ընդհանրապես չպետք է ջանք անենք, ու Քրիստոսն էլ պետք է գա ու մեզ հրավիրի դրախտ: Ո՛չ, իհարկե, դա այդպես չէ: Մենք պետք է իմանանք, թե ե՛րբ պետք է ջանք անենք և ե՛րբ իմաստ չունի ջանք անելը: Հենց այստեղ է հակառակորդին հաջողվում շփոթեցնել մեզ: 
   Պատկերացնենք, որ մեզ վիրահատում են: Ի՞նչ են անում բժիշկները. նրանք մեզ անզգայացնում են, որպեսզի մենք իրենց օգնելու համար ոչ մի ջանք, միջամտություն չանենք: Հիվանդի գործը միայն բժշկին վստահելն է: Բայց եթե այդ վիրահատությունն ավարտվեց, և դու կենդանի ես, ուրեմն դու արդեն պետք է շատ ջանք անես՝ կատարելու բժշկի խորհուրդները, որպեսզի վերջնականապես ապաքինվես: Երբ մեր հոգեբանությունը գալիս է այն վիճակին, որ մենք զզվում ենք աշխարհային ապականությունից, հենց այդ ժամանակ մենք ներդնում ենք մեր ջանքերը: 
   Մենք պետք է ուշադրություն դարձնենք, թե Աստված ինչ խոստում է տվել մեզ, այլ ոչ թե մենք Նրան խոստում տանք՝ ասելով, թե. «այս անգամ էլ ներիր իմ մեղքը, էլ չեմ գործի»՝ համոզված լինելով, որ նորից գործելու ենք նույն մեղքը: Եվ երբ մենք ոչ թե խոստում ենք տալիս, այլ ասում ենք՝ Տե՛ր, օգնի՛ր իմ թերահավատությանը, որպեսզի հավատամ Քո մեծամեծ ու պատվական խոստումներին, հենց այդ ժամանակ Քրիստոսը գալիս է մեր մեջ, և Տերը մեզ վեր է հանում այն ամեն մեղքերից, որոնցից սարսափում էինք, և Աստծու բնությունը գործում է մեր մեջ: Հենց այս ժամանակ էլ մենք պետք է ջանք անենք, որպեսզի մեր հավատքի վրա ավելանա հետևյալը. «Եւ այս բանին համար բոլոր ջանքերնիդ դրած՝ ձեր հաւատքին վրայ առաքինութիւն աւելցուցէք, ու առաքինութեան վրայ գիտութիւն, և գիտութեան վրայ ժուժկալութիւն, ու ժուժկալութեան վրայ համբերութիւն, և համբերութեան վրայ աստուածպաշտութիւն, ու աստուած պաշտութեան վրայ եղբայրսիրութիւն, ու եղբայրսիրութեան վրայ սէր» (Բ Պետր.1.5-7): 
   Թող Աստված օգնի, որպեսզի մենք լավ հասկանանք առաքյալի բացատրած փառավոր ու անպատմելի ուրախությունը և հիշենք՝ որտե՛ղ պետք է ջանք անել ու որտե՛ղ պետք չէ ջանք անել, որպեսզի չշփոթվենք, այլ պարզապես ընդունենք Տիրոջ այդ նվերը՝ փառավորելով Նրան: Մենք պետք է գիտակցենք, թե որտեղ պետք է շատ ջանանք, որպեսզի էլ ավելի նվիրվենք Տիրոջը: Ամեն:
Հրայր Ամիրբեկյան
Բարի լուր