Խաղաղ խաղաղություն, Սմիթ Վիգլսվորթ

    Միակ զայրույթը, որ արտահայտում էր Սմիթ Վիգլսվորթը, միշտ ուղղված էր լինում սատանայի դեմ: Մեկ անգամ չէ, որ նա Աստվածային այցելություն էր ունեցել: Նա վկայում էր, որ ոչ միայն Աստծո ներկայությունն է զգացել, այլ նաև տեսել է Նրան՝ որպես կենդանի անձնավորություն: Նա ունեցել է նաև սատանայական այցելություն, բայց երբեք չի վախեցել սատանայից:
   Մի անգամ Վիգլսվորթն արթնացավ կեսգիշերին՝ հայտնապես զգալով սատանայի ներկայությունը: Նայելով սենյակի մեջ՝ նա տեսավ սատանային՝ իր սեփական անձով, որ կանգնած էր անկյունում: «Ա՜, դա միայն դու ես», -ասաց Վիգլսվորթը և շուռ գալով նորից քնեց:
   Դա երևակայական դեպք չէր, որը կարելի է հորինել: Վիգլսվորթը երբեք չէր փորձում բարդացնել. նա չափից ավելի իրատես էր: Նա միշտ հաղորդում էր բացարձակ ճշմարտությունը, որովհետև սիրում էր Նրան, Ով Ինքը ճշմարտությունն է: Նա երբեք չէր անում ու չէր ասում որևէ բան, որը կարող էր վշտացնել իր Տիրոջը:
   Կարելի է մտածել, որ Վիգլսվորթի կյանքը պետք է անցներ մշտական լարվածության մեջ, բայց դա այդպես չէր: Շատ քիչ մարդիկ ունեին այն անխռովությունն ու հանգստությունը, որ ուներ նա. անխռովությունը նրա համար իր Տիրոջ ներկայությունն էր: Նա այնպես անսասան էր, որ օգտագործում էր իրեն ներկայացող ցանկացած հարմար առիթ: Գաղտնիքը նա գտել էր Ես.26:3-ում. «Հաստատ միտքը պահում ես խաղաղ խաղաղությունով, որովհետեւ քեզ է յուսացած»:
«Կատարյալ խաղաղության մեջ» բառերը եբրայերենով տառացիորեն նշանակում են՝ «խաղաղ խաղաղություն»: Այլ խոսքերով՝ «Կատարյալ խաղաղությունը» դա «կրկնակի խաղաղություն» է, կամ՝ «խաղաղության կրկնակի բաժին»:

Տէ՛ր, Տէ՛ր

Ոչ թէ ամեն ինձ Տէ՛ր, Տէ՛ր ասողը կ’մտնէ երկնքի արքայութիւնը. Այլ նա որ կատարում է իմ Հօր կամքը, որ երկնքումն է։ Շատերը կ’ասեն ինձ այն օրը, Տէ՛ր, Տէ՛ր, չէ՞ որ քո անունովը մարգարէացանք, եւ քո անունովը դեւեր հանեցինք, եւ քո անունովը շատ զօրութիւններ գործեցինք։ Եւ ես այն ժամանակ պարզ կ’ասեմ նորանց, թէ Երբէք ձեզ չեմ ճանաչել. ինձանից դէն գնացէք, ով անօրէնութիւն գործողներ։ Մատթեոս 7.21-23

Զգո՛ւյշ աշխարհի սիրուց

   Եթե քո մեջ, ո՛վ հավատացյալ կա աշխարհի հանդեպ սեր, զգուշացիր: Եթե զգում ես, որ սիրում ես աշխարհիկ երգեր, աշխարհիկ ֆիլմեր, աշխարհային հանդերձներ՝ «մոդայիկ» զգեստներ, կոշիկներ, սանրվածք, խոսելաձև, աշխարհիկ ընկերակցություններ և այլն, ապա դա շատ վտանգավոր է: Հիշի՛ր, թե ինչ է ասվում 1 Հովհաննես 2.15-17-ում «Մի սիրէք աշխարհքը. Եւ ոչ էլ այն որ աշխարհքի մէջ է։ Եթէ մէկն աշխարհքը սիրէ, Հօր սէրը նորանում չէ. Որովհետեւ ամեն ինչ որ աշխարհքումն է՝ մարմնի ցանկութիւնը, աչքերի ցանկութիւնը եւ այս կեանքի ամբարտաւանութիւնը, Հօրիցը չէ, այլ աշխարհքիցն է։ Եւ աշխարհքը անցնում է եւ նորա ցանկութիւնն էլ, բայց Աստուծոյ կամքն անողը մնում է յաւիտեան»:
    Պողոս առաքյալը 2 Կորնթացիս 6.14-18-ում ասում է. «Անհաւատների հետ այլախառն լծակից մի լինիք. որովհետեւ ի՞նչ մասնակցութիւն ունի արդարութիւնը անօրէնութեան հետ. Եւ ի՞նչ հաղորդութիւն ունի լոյսը խաւարի հետ։ Եւ ի՞նչ միաբանութիւն ունի Քրիստոսը Բելիարի հետ. Կամ ի՞նչ բաժին ունի հաւատացեալն անհաւատի հետ։ Կամ ի՞նչ համաձայնութիւն ունի Աստուծոյ տաճարը կուռքերի հետ. որովհետեւ դուք կենդանի Աստուծոյ տաճարն էք. Ինչպէս Աստուած ասեց թէ Նորանցում կ’բնակուեմ, եւ նորանցում ման կ’գամ. Եւ նորանց Աստուած կ’լինեմ, եւ նորանք իմ ժողովուրդ։ Նորա համար՝ նորանց միջիցը դուրս գնացէք եւ բաժանուեցէք, ասում է Տէրը, եւ պիղծ բաների մի դպչիք։ Եւ ես կ’ընդունեմ ձեզ, եւ ես ձեզ հայր կ’լինիմ. Եւ դուք ինձ որդիներ եւ աղջիկներ կ’լինիք, ասում է Ամենակարող Տէրը»։
   Աստծո խոսքի լույսի տակ լուսավորվիր ու կենտրոնացիր: Այդ ամենը Աստծուց չէ, այլ աշխարհիցն է: Ծունկի եկ Տիրոջ առջև ու անկեղծ սրտով խոստովանիր Նրան, որ դու Աստծո սիրուց սառել ես, և քո նախասիրությունները փոխվել են: Դա մեծ հաղթանակն է սատանայի, որը հաջողության է հասել և քո մեջ գցել...: Կարդանք Երգ Երգոց 2.15 խոսքը. Բռնեցէք մեզ համար աղուէսները, այգիներն աւերող պզտիկ աղուէսները. Որովհետեւ մեր այգիքը ծաղկել են։ Աղվեսը խորամանկության խորհրդանիշն է: Եվ աղվեսները խորամանկորեն մտել են ծաղկած այգիները (որոնք ծաղկելուց հետո պետք է պտուղ տաին), որպեսզի ավերեն, եթե «չբռնենք» նրանց, ապա կհասնեն իրենց նպատակին: Կռահեցի՛ք, թե ինչումն է խոսքը: Պողոս առաքյալը գրում է. «Մի քիչ խմորը բոլոր զանգուածը խմորեցնում է»։ Սա ասում էր Գաղատացիս եկեղեցուն, որ շեղվել էր ճշմարիտ ավետարանից: Կարդա՛ Գաղատացիս թուղթը:
Հիշի՛ր, ե՞րբ ես Ավետարան կարդացել, ե՞րբ ես հոգով, ջերմեռանդ աղոթել, ե՞րբ ես Հիսուսի մասին մտածել վերջին անգամ ու հոգով հաղորդ եղել Նրա հետ, երբ ես հոգևոր երգեր երգել: Ահա Հիսուսն ասում է.
   «Բայց քեզ դէմ այս ունիմ, որ քո առաջին սէրը թողել ես։ Արդ յիշիր, թէ որտեղից վայր ընկար, եւ զղջա, եւ առաջի գործերն արա. ապա թէ ոչ՝ կ’գամ շուտով քեզ մօտ, եւ քո ճրագակալը կ’շարժեմ իր տեղիցը եթէ չ’ապաշխարես»։ Հայտնություն 2.4,5
   «Գիտեմ քո գործերը որ ոչ ցուրտ ես եւ ոչ տաք. Ո՛հ թէ ցուրտ լինէիր կամ տաք։ Ուրեմն որովհետեւ գաղջ ես, եւ ոչ տաք եւ ոչ ցուրտ, քեզ պիտի փսխեմ իմ բերանիցը։ Որովհետեւ ասում ես, թէ Ես հարուստ եմ եւ մեծացայ, եւ ոչ բանի կարօտ չեմ. Բայց չ’գիտես թէ դու թշուառ, եւ ողորմելի, եւ աղքատ, եւ կոյր, եւ մերկ ես։ Ես խրատ եմ տալիս քեզ, ինձանից կրակում փորձուած ոսկի առ, որ հարստանաս, եւ սպիտակ հանդերձներ՝ որ հագնիս, որ քո մերկութեան ամօթը չ’երեւի. Եւ դեղ դիր աչքերիդ որ տեսնես։ Ես որոնց որ սիրում եմ յանդիմանում եմ, եւ խրատում եմ. Ուրեմն ջանք արա եւ ապաշխարիր։ Ահա ես դռան առաջին կանգնած եմ եւ թակում եմ. եթէ մէկը լսէ իմ ձայնը եւ դուռը բանայ, կ’մտնեմ նորա մօտ եւ ընթրիք կ’անեմ նորա հետ, եւ նա ինձ հետ։ Ով որ յաղթում է, կ’տամ նորան, որ ինձ հետ նստի իմ աթոռի վերայ, ինչպէս ես էլ յաղթեցի եւ նստեցի իմ Հօր հետ նորա աթոռի վերայ։ Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին»: Հայտնություն 3.15-22

   Տերը չի ուզում քեզ անտեսել, այլ Նա գիտի քո ամեն քայլերն ու ծրագրերը, դու ծածկված չես Նրանից: Քեզանից շատ բան է կախված...

Եկեղեցի, փախի՛ր

   Կարտեր Կոնլոնը սա քարոզեց Նյու Յորքի երկնաքերների փլուզմանը (2001թ. սեպտեմբերի 11) հաջորդող առաջին կիրակի օրը:
2001թ. սեպտեմբեր 11 ԱՄՆ
    Լսե՛ք ուշադիր, այնպես, ինչպես դեռ չեք լսել Ձեր կյանքում երբևէ: Իմ հիշողություններում սեպտեմբերի 11-ի ողբերգությունն ընդմիշտ դրոշմվել է այն պատմությամբ, որը ես լսեցի ոստիկանության սպայից: Նա պատմում էր, թե ինչպիսի վախ ու սարսափ կար փլուզվող երկնաքերներից փախչող մարդկանց դեմքերին: Այնտեղ կային ոստիկանության սպաներ և հրշեջներ, ովքեր, սեփական վախն անտեսելով, ընդառաջ էին գնում աղետին, բայց գոչում էին և ասում բոլորին. «Փախեք այստեղից, եթե ցանկանում եք ապրել»: Հիմա ես էլ Ձեզ եմ կոչ անում` փախե՛ք այն ավետարանից, որը կենտրոնացնում է ձեզ անձնական հաջողությունների և բարեկեցության վրա: Փախեք:
   Փախե՛ք նրանցից, ովքեր Հիսուսի անունն օգտագործում են միայն անձնական շահույթ քաղելու համար: Փախեք: Փախե՛ք նրանցից, ովքեր հարստահարում են ձեր գրպանը` օգտագործելով Հիսուսի անունը: Փախեք: Փախե՛ք այն ավետարանից, որը ինքնակատարելության է ուղղորդում: Փախեք: Փախե՛ք այն եկեղեցուց, ուր ուշադրության կենտրոնում մարդն է, այլ ոչ թե Քրիստոսը: Փախեք: Փախե՛ք այն եկեղեցիներից, որտեղ չի քարոզվում ճշմարիտ Աստվածաշունչ, որտեղ արժեզրկված է Աստծու Խոսքը, և չկա Ճշմարտության Խոսքը փնտրող ոչ մի հոգի, չկա կատարված մեղքի համար զղջում, և չկա հիշատակություն Հիսուսի արյան մասին: Փախեք: Փախե՛ք այն եկեղեցուց, որը ձեզ թույլ է տալիս հարմարավետ զգալ` մեղքերով հանդերձ ապրելով: Եթե դուք գալիս եք Աստծու տուն և անընդհատ մեղանչելով մնում եք չմերկացված, չհանդիմանված, ուրեմն դուք նստած եք սատանայի հետ նույն սեղանի շուրջ: Փախեք այն եկեղեցիներից, որտեղ ամբիոնը զբաղեցրել է քաղաքագետը` անձնական քաղաքական խնդիրների լուծման համար: Փախեք նրանցից, ովքեր իրենց քարոզներում ատելություն են սերմանում եղբայրների, այլ ազգերի և մշակույթի մարդկանց միջև: Փախեք: Փա խե՛ք անաստված հիսթերիկ (սպազմատիկ) շարժումներից և նրանց անվերջանալի դատարկ մարգարեություններից: Աստծո՛ւ զավակներ, փախե՛ք այն քարոզիչներից, ովքեր ամբիոնից անեկդոտներ և կատակներ են պատմում: Փախեք, եթե ուզում եք կենդանի մնալ, այնպես փախեք, ինչպես դուք դեռ երբեք չեք փախել:
   «Նորա համար՝ նորանց միջիցը դուրս գնացէք եւ բաժանուեցէք, ասում է Տէրը, եւ պիղծ բաների մի դպչիք։ Եւ ես կ’ընդունեմ ձեզ, եւ ես ձեզ հայր կ’լինիմ. Եւ դուք ինձ որդիներ եւ աղջիկներ կ’լինիք, ասում է Ամենակարող Տէրը»։ (Բ Կորնթացիս 6:17-18):
Բարի լուր